Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ

Հոկտեմբեր 17,2013 12:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու  հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան: «Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս: Այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկում էին, թե որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և որն է դրանց լավագույն պատասխանը: Ֆորումի մասնակիցները համաձայնության եկան մի հարցի շուրջ, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում: Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն, ինչը նշանակում է, որ երիտասարդներին պետք է տրամադրվեն մտածողության նոր գործիքներ:

Կառավարության ղեկավարի համոզմամբ` բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, սկսած մանկապարտեզից-դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս: «Եթե դուք  բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից  մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ժամանակակից հասարակության հիմքը համալսարաններն են, որոնց շուրջ պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ»,- դիմելով համաժողովին ներկա ուսանողներին` նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում:

Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031