Հատված Գերման Ավագյանի հետ հարցազրույցից
– Վերջերս թե՛ մամուլում, թե՛ մշակութային կուլուարներում հաճախ է խոսվում Ֆրանսիայում անցկացվող միջազգային լուսանկարչական «Ֆոտոնալե» փառատոնին Ձեր մասնակցության մասին։ Եթե չեմ սխալվում, այն դեռևս բացահայտված չէ հայ լուսանկարիչների կողմից։ Ինչպե՞ս դարձաք այդ փառատոնի մասնակիցը:
– Երբեմն պատահում է՝ արածս գործը տեսնում և հրավիրում են, երբ դրան անգամ չեմ սպասում։ Այդպես եղավ անցյալ տարի, երբ հրավիրվեցի մասնակցելու ժամանակակից արվեստի առաջին՝ «Շուշի արթ փրոջեքթ» փառատոնին Շուշիում։ Դա էր սկիզբը, իսկ հետագայում նախագծով հետաքրքրվեցին ֆրանսիացիները, և ահա՝ «Մահից հետո ծնվածները» ներկայացվեց Պիկարդիայի «Ֆոտոնալին»։ Ես համացանցից տեղյակ
էի «Ֆոտոնալի» մասին։ Երբ իմացա, որ այս տարվա ցուցահանդեսը կրում
Կարդացեք նաև
է «Ծնունդ» խորագիրը, որոշեցի «Մահից հետո ծնվածները» նախագիծն ինքս ներկայացնել։ Ֆրանսիացիներն իրոք ըմբռնեցին այդ նախագծի գաղափարը։
– Ինչպե՞ս են ընտրվում փառատոնի մասնակիցները։
– Նախ՝ ասեմ, որ փառատոնի կազմակերպիչն է «Դիաֆան» լուսանկարչական ասոցիացիան, որի նպատակն է՝ սատարել ոչ կոմերցիոն լուսանկարչությանը։ Ոչ միայն Հայաստանից, այլև ողջ հետխորհրդային տարածքից «Ֆոտոնալին» որևէ լուսանկարիչ երբևէ չի մասնակցել։ Նրանք հիմնականում եվրոպացիներ և ամերիկացիներ են, կամ եվրոպաբնակ այլ ազգերի ներկայացուցիչներ։
– Ինչո՞վ է դա պայմանավորված։
– Դա պայմանավորված չէ ազգային կամ տարածքային որևէ քաղաքականությամբ։ Կազմակերպիչներն ընտրում են իրենց փառատոնի ձևաչափին համապատասխան նախագծեր։
– Ձեր ցուցահանդեսը կազմակերպվեց Ամիենում, իսկ փառատոնի բացումը տեղի ունեցավ Բովեում, այնպես չէ՞։ Ո՞րն է փառատոնի այսօրինակ աշխարհագրության իմաստը։
– Առհասարակ «Ֆոտոնալը» Պիկարդիայում է տեղի ունենում, որի երկու
խոշոր քաղաքներն են Բովեն և Ամիենը։ Այս քաղաքներն առավելապես նշանավոր են իրենց ավանդական մշակույթով, մինչդեռ ժամանակակից արվեստն առավել նվազ է այստեղ տարածված։ Ուստի, փառատոնի կազմակերպիչների նպատակն էր՝ տարբեր լուսանկարչական ցուցադրություններ սփռել Պիկարդիայի քաղաքներով՝ որպես այս տարածքում մշակութային կյանքը բազմազանեցնելու և արդիականացնելու միջոց։ Իմ ցուցահանդեսին առանձին դահլիճ էր հատկացվել Ամիենի «Բրիքեթերիում»։ Այն նախկինում աղյուսի գործարան է եղել, որը մշակութային կենտրոնի է
վերածվել, և այդ քաղաքում հայտնի է՝ իբրև առավել ազատ, դեմոկրատ
մշակութային օջախ։ Առհասարակ, մենք սովոր ենք, որ ցուցահանդեսներն անցկացվում են ճոխ, հանդիսավոր սրահներում, կարծես թե մոռացել ենք, թե դեռևս խորհրդային տարիներին ինչպիսի պայմաններում էինք բացում ալտերնատիվ ցուցահանդեսները։ Ամիենում ես հասկացա, որ անգամ «Բրիքեթերիի» պես համեստ, անպաճույճ տարածքը կարող է մշակութային համբավ ունենալ, և ոչ պակաս նշանակալի ցուցադրություններ ընդունել։
Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում