Ես խիստ նեղացել եմ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանից, անկեղծո՛րեն եմ ասում, ինչպես սիրում էր կրկնել իմ նախկին հարեւան Յուրան: Ընդ որում, նեղացել եմ ողջ հայ հասարակության անունից: Հա, հենց էդպես. ի՞նչ է՝ Զորի Գայկովիչը կարող է ամբողջ ժողովրդի անունից նամակ հղել ընկ. Վլադիմիր Վլադիմիրովիչ ՊուԾինին, իսկ ես չե՞մ կարող ամբողջ ընթերցող հայ ժողովրդի անունից նեղանալ Հայաստանի մեկ առանձին վերցրած պաշտոնյայից, տվյալ դեպքում ընկ. Տիգրան Սուրենիչ Սարգսյանից:
Եվ գիտե՞ք ինչու եմ նեղացել: Որովհետեւ նա մեզ բոլորիս համարել է, ընդսմին բացահայտ, հիշողություն չունեցող մարդիկ: Կրկնում եմ բացահայտ: Չէ, մի փնտրեք համացանցում, նա դա բառերով չի ասել: Նա մեզ նեղացրել է՝ մեկուկես տարվա մեջ երկու անգամ նույն հարցին անդրադառնալիս տրամագծորեն հակառակ բաներ ասելով: Եվ ես, դարձյալ անկեղծո՛րեն եմ ասում (ականջը կանչի իմ նախկին հարեւան Յուրայի), ոչ միայն նեղացած, այլեւ անհանգստացած եմ մեր վարչապետի համար: Մի՞ թե նրան մինչեւ այժմ չեն զեկուցել, որ աշխարհում վաղուց ստեղծվել է մի սարք, որին համակարգիչ (ժամանակակից գրաբարով՝ քոմփյութեր) են ասում, եւ որ աշխարհի համարյա բոլոր քոմփյութերները (դե, չնչին բացառությունները չհաշված) միացած են մեկ ոստայնի մեջ, որը համացանց (բուն գրաբարով՝ ինտերնետ) է կոչվում, եւ այդտեղ պահպանվում է ամեն ինչ, անգամ մարդու, ներողություն արտահայտությանս համար՝ փռշտոցը, եթե այն երբեւէ հայտնվել է նաեւ այդ ոստայնում: Արդ, դիմում եմ նրա խորհրդականներին, ռեֆերենտներին, մամուլի պատասխանատուներին. ժամանակն է տեղեկացնել մեր երկրի իշխանական հիերարխիայում երրորդը համարվող պաշտոնյային, որ այդ համացանց կոչվող ոստայնը պահում է նաեւ ի՛ր հանճարեղ մտքերն ու ոչ պակաս հանճարեղ արարքները (դե, ասենք, ոլորտներ բառի կլկլոցով արտասանությունը)… Եվ քանի որ ես, ի տարբերություն մեր հարգարժան վարչապետի, մի քիչ հիշողություն ունեմ եւ համակարգիչս էլ միացած է համացանցին, հոգեբանական շոկ ապրեցի, երբ երեք-չորս օր առաջ կարդացի ԱՐՄԵՆՊՐԵՍԻ տարածած հաղորդագրությունը, որ վերնագրված էր «Հայաստանի վարչապետը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության օգտին հինգ թեզեր է առաջադրել»: Իմ բոլոր լավատեսական պատկերացումները սիրելի ու հարազատ կառավարության նույնքան հարազատ ղեկավարի մասին միանգամից հօդս ցնդեցին, այսինքն՝ ես հասկացա, որ նա ոչ միայն տեղյակ չէ հիշողություն կոչվող մարդկային ունակության մասին, այլեւ մեզ բոլորիս մանկուրտի տեղ է դրել: Չե՞ք հավատում: Ապացուցե՛մ. խնդրում եմ, ուշադիր նայեք ստորեւ բերված երկու կարծիքները եւ ասացեք ինձ՝ ո՞ր դեպքում է անկեղծո՛րեն (վախ, իմ ազիզ հարեւան Յուրա, ինչ լավ ես արտասանում էս բառը) խոսում ՀՀ վարչապետը:
2012թ. ապրիլի 4-ին «Կոմերսանտ» թերթին տված՝ «Մաքսային միությունը մեզ համար անիմաստ է» վերնագրված հարցազրույցից (մեջբերվում է ըստ ՍԻՎԻԼՆԵԹԻ թարգմանության, իսկ սկզբնաղբյուրն այստեղ է ). «… Սակայն համաշխարհային պրակտիկայում նման օրինակ չկա, որպեսզի երկիրը, չունենալով ընդհանուր սահման, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունը կատարվի առանց մաքսային զննության: Մեր դեպքում դա անհնար է, որովհետև մենք պետք է անցնենք հարևան պետության տարածքով և երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Սա անիմաստ է դարձնում մաքսազերծումը տնտեսվարող սուբյեկտների համար հեշտացնելու ընթացակարգը: Դրա փոխարեն մենք միայն ու միայն կունենայինք մաքսատուրքի և հարկերի ավելացման հետ կապված խնդիրներ: Տնտեսական տեսակետից սա աննպատակահարմար է»:
2013 թվականի հոկտեմբերի 12, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ հրապարակումից (վերնագրված է՝ «Հայաստանի վարչապետը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության օգտին հինգ թեզեր է առաջադրել», հենց միայն վերնագրերի համեմատությունից նկատեցիք, չէ՞, ինչ «հետեւողական» է մեր վարչապետը). «Ավելի նպատակահարմար էր, որ մենք նույնպես լինեինք այդ միության (խոսքը Մաքսային միությանն է վերաբերում- Մ. Հ.) անդամ, ինչը հնարավորություն էր տալիս ամբողջովին իրացնել այն ներուժը, որը գոյություն ունի ռազմավարական գործընկերների միջեւ» (մի կողմ եմ թողնում ԱՐՄԵՆՊՐԵՍԻ տարածած նյութում իբր հիմնավորում ներկայացված մնացած թեզերը, որոնցից ոչ մեկում հիմնավորում չկար, ցանկացողը կարող է կարդալ եւ համոզվել):
Երդվում եմ մորուքովս, պարոն Տիգրան Սարգսյան, այս երկու խոսքերի հեղինակն էլ Դուք եք: Դե, իսկ հիմա՝ մեկնաբանեք, խնդրում եմ՝ կարո՞ղ է մենք արդեն ընդհանուր սահման ունենք Մաքսային միության, ասենք՝ Ռուսաստանի կամ ծայրահեղ դեպքում՝ Ղազախստանի հետ, գուցե մի գիշերվա մեջ գրավել ենք Բաքուն եւ Կասպից ծովով ընդհանուր սահմա՞ն ձեռք բերել: Կամ գուցե՝ Հայաստան եկող ապրանքները էլ չե՞ն անցնելու երրորդ երկրով եւ Մաքսային միությանն անդամակցելն այլեւս տնտեսական տեսակետից աննպատակահարմար չէ, կամ էլ Դուք «Հայկական աշխարհն» արդեն կառուցել եք եւ այն տեղավորել Մաքսային միության սրտո՞ւմ…
Կարդացեք նաև
Եթե 2012 թվականի ապրիլի 4-ի «Կոմերսանտում» արված մեկնաբանությունների հեղինակը, Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո հրաժարական չի տալիս, այլ, ընդհակառակը, գլխովին նետվում է իր նախկին ասածների հակառակն ապացուցելու, ապա՝ կամ հիշողությո՛ւն չունի, կամ՝ հանուն սեփական տեսակետի տուժելու համարձակություն: Ես էդքան վատ կարծիքի չեմ մեր վարչապետի մասին ու կարծում եմ, որ նա հիշողություն ունի…
Եվ ընդամենը մի փոքրիկ բան կա, որ հիմնավորում է նրա պահվածքը. իշխանության մնալն է. չէ՞ որ իշխանությունը քաղցր բան է, եւ արժե՞, արդյոք, հանուն ինչ-որ սեփական տեսակետի զրկվել այն բարիքներից, որ տալիս է կառավարական շենքի աշխատասենյակը (մաքսային միության պաշտոնական լեզվով ասած՝ կաբինետը)…
Ասում են, որ մեր հարգարժան ու շատ սիրելի (արդեն հասկացաք, թե ինչքան է հարգարժան ու սիրելի) վարչապետը աստվածավախ մարդ է: Հավատում եմ, բայց եւ մտածում եմ. եթե մեկուկես տարվա մեջ այդքան հեշտ հակասում է ինքն իրեն, ապա, ի՞նչ կա որ, մի օր էլ մեր գուցե «աստվածավախը», «Հայր մեր» -ի փոխարեն «О́тче наш»-ով կաղոթի, մեռելոցները կհամապատասխանեցնի ռուսական ուղղափառ եկեղեցու տոնացույցին, ու մեկ էլ կտեսնենք, որ «Աստուծո ծառա» Տիգրանը կողմնորոշվել եւ դարձել է «раб Божий» «ԾիգՌան»…
Հանուն, իհարկե Հայաստանի շահի:
Միայն ու միայն…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
bravo!!!
Վերջապես լրագրության ինքնատիպ ու ազնիվ մի հոյակապ նմուշ, շնորհակալ եմ:
Գալուստ