Հատված վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցից:
– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այնուամենայնիվ, մասնակցելու է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Արդյոք Հայաստանը ստորագրելո՞ւ է Եվրոպայի հետ համագործակցության նոր փաստաթուղթ, թե՞ այցը, ինչպես շատերն են ասում, ձևական բնույթ է կրելու։
– Նախ՝ պետք է հաշվի առնենք, որ գագաթաժողովին հրավիրված են նաև Արևելյան գործընկերության պետությունները, և անկախ նրանից, թե հրավիրված պետությունները ստորագրելո՞ւ են որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ, նրանք ներկա են լինելու արարողությանը։ Թե ի՞նչ կարելի է այս մեկ ամսվա մեջ պատրաստել, որ մենք ստորագրենք… պարզ է, որ այդ փաստաթուղթը չի լինի ոչ Ասոցացման համաձայնագիրը, ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիրը, որովհետև այս փաստաթղթերի ստորագրման համար անհրաժեշտ է երկու հանգամանք։
Առաջին՝ Եվրամիությունը պետք է ճշտի Հայաստանի այսօրվա՝ արդեն ձևափոխված կարգավիճակը։ Եվրոպան պետք է իր համար ճշտի, թե Հայաստանը հիմա երկրների ո՞ր շարքին է դասում, որպեսզի սրան համապատասխան՝ մշակի նոր համաձայնագրի նախագիծ։ Գիտեք, որ Եվրամիությունն ամենատարբեր երկրների հետ ասոցացման համաձայնագիր է կնքել և շարունակում է կնքել, անգամ խորը աֆրիկյան պետությունների հետ, այնպես որ, որևէ ձևաչափ մեզ համար էլ կգտնվի: Հայաստանին պարզապես ընձեռված էր հնարավորություն՝ ստորագրել Խորը և համապարփակ համաձայնագիրը և ասոցացման համաձայնագիրը գոյություն ունեցող կարգավիճակներից ամենաբարձրով։ Բայց Հայաստանը չօգտվեց այս հնարավորությունից։
Կարդացեք նաև
Փաստաթղթերի ստորագրման երկրորդ անհրաժեշտ պայմանն ավելի երկարատև է։ Եվրոպան որոշ գործոններ հաշվի առնելով՝ ստեղծված իրավիճակ, սուվերենության պակաս, ՀՀ ներմուծման և արտահանման տուրքերի նշանակման հնարավորության բացակայություն, մաքսային տեսակետից առևտուրը կարգավորելու հնարավորություն չունենալը, և այլն, հնարավոր է՝ սկսի բանակցային նոր փուլ, որը կարող է տևել մեկ տարի, երկու տարի, չորս տարի… Բայց մի բան հստակ է՝ Վիլնյուսում չի կարող ստորագրվել որևէ լուրջ համաձայնագիր։
– Բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե նոյեմբերին Վիլնյուսում իրենք ստորագրելու են Ասոցացման համաձայնագիրը։
– Հնարավոր է՝ որոշ նկատառումների մասին մեմորանդումի տեսքով արձանագրություն ստորագրվի, բայց ոչ երբեք՝ Ասոցացման համաձայնագիրը։ Այստեղ մի խորամանկություն է տեղի ունենում՝ Հայաստանը որևէ մի ասոցացման պայմանագիր Եվրոպայի հետ, ի վերջո, ստորագրելու է, բայց դա չի լինելու այն ասոցացման համաձայնագիրը, որի մասին խոսվում էր, և ներկայացնելու է այն՝ որպես այդ սպասված Ասոցացման համաձայնագրի ստորագրման ընթացք։ Այդ նոր պայմանագիրը կարող է լինել Ադրբեջանի Ասոցացման պայմանագրից անգամ ավելի ցածր մակարդակի…
– Այսինքն՝ մտահոգություն ունեք, որ կստորագրեն Ասոցացման ավելի ցածր մակարդակի մի փաստաթուղթ ու կներկայացնեն այն՝ որպես Ասոցացման համաձայնագիր, որի շուրջ բանակցություննե՞ր վարվեցին։
– Այո։ Պարզապես ես չգիտեմ՝ ի՞նչ կստանա իշխանությունը՝ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելով։ Մտածում են, որ իրենց համբավը կբարձրանա՞ ժողովրդի մեջ, թե՞… Միջազգային հանրությունն ամեն ինչ հասկանում է, և
նրանց մոտ այդ խորամանկ, դեմագոգ դիվանագիտությունը չի անցնի։ Մարդիկ հասկանում են, որ Հայաստանը զրկվեց հնարավորությունից։
Զրուցեց Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում