Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ եւ խորիմաստ դեմքով մեդիա դաշտի որակից խոսում է այնպիսի խմբագիր, որին կսազեր ձկան փորոտիքը մաքրել

Հոկտեմբեր 17,2013 11:27

Որպես ընթերցող կայքերին է անցել նաեւ տողերիս հեղինակը` այնտեղի ողջ անգրագիտության, հպանցիկության, թեթեւամտության, անկողնային եւ արշավային հոգեբանության նյարդայնացնող ազդեցության կրողը դառնալով հանդերձ, սակայն մեկ փոխհատուցում, այնուամենայնիվ, այդ բոլորի դիմաց առանձնացնելով` հրատապությունը: Իսկ «ինչպեսն», իհարկե, երբեմն սարսափելի է: Բայց առավել ցավ է տալիս այն, որ անարդար եւ իրական մրցակցությունն անհնար դարձնող այդ դաշտում, որտեղ այս ու այն պաշտոնյայի, այսուայն օլիգարխի կայքում կենտրոնացված հոգում են ֆինանսավորման, տեխնիկայի ու տրանսպորտի խնդիրը, օրհասական է դառնում դեռեւս լրագրության որակի հետ հաշվի նստող մեդիամիավորների վիճակը, իսկ ոլորտում երբեմն բանը հասնում է զավեշտի. ասենք` լուրջ եւ խորիմաստ դեմքով մեդիա դաշտի որակից խոսում է այնպիսի խմբագիր, որին կսազեր ձկան փորոտիքը մաքրել, կամ` անգրագիտությունից խոսում են անգրագետները, որոնց պարզապես լրատվական դաշտին մոտ թողնելն անգամ անթույլատրելի է: Ինչ-որ ճարպիկներ, որոնք այս կամ այն օլիգարխի սեղանին մոտիկ են նստում, «խմբագիր» կամ «լրագրող» են վարձվում տասնյակ անգամ իրենցից էլ անգրագետ փողատիրոջ կողմից, որը մեդիա դաշտն իրենով է անում` սեփական ինքնապաշտպանության բնազդի ամենանախասկզբնական դրսեւորումներին հագուրդ տալով եւ ուղղակի մեկ-երկու կայք իր զինանոցում որպես զինատեսակ` բիզնեսի ու անձնական հարթույթի պատերազմում ունենալու համար: Այդպիսով` Հայաստանի մեդիադաշտը հիշեցնում է ականապատված դաշտ, ու նախ ընթերցելիս պետք է իմանաս` ո՞վ է ականապատել կամ ինչ շարժառիթ կա այս կամ այն նյութի տակ: Ճիշտ ինչպես մենաշնորհված բիզնեսը` մեդիադաշտը կրկնում է մեր օլիգոպոլիայի պատկերը:
Սա առավել տեսանելի է ցանցային լրատվության մեջ, որն արդեն գրագետ եւ ինտերնետից օգտվող հասարակության ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է դարձել:

Նոր տեխնոլոգիաները կասեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել: Իսկական լրագրողն առհասարակ կողմ է ամեն տեսակի նորին, սակայն դա բովանդակության եւ լեզվի հաշվին անելն անհեթեթություն է: Իսկ բովանդակության ու լեզվի հաշվին է արվում, որովհետեւ հատկապես մեր ցանցային լրատվությունը ֆինանսավորողը ոչ թե նպատակ է դնում մաքուր հայերենով կամ տրամաբանական բովանդակությամբ նյութի փոխանցումը, այլ ամեն գնով սեփական կամ բիզնես թշնամիներին հարվածելն ու շարքից հանելը, իսկ լրատվությունն էլ ձեռի հետ ապահովում են` հանուն վարկանիշի: Բայց ինչպիսի լրատվությո՜ւն: Հանուն վարկանիշի քառասնամյա տղամարդը դանակը մտցնում եւ իր երկու երեխաների մոր փորն է խառնում մի քանի պտույտ, հանուն վարկանիշի քսաներեքամյա եւ քսանհինգամյա տղամարդիկ տասներեքամյա աղջկա են բռնաբարում… նրա իսկ համաձայնությամբ, հանուն վարկանիշի` ինքնասպանը մորը մի սրտացունց նամակ է թողնում. բռնություն, արյուն, «օրենքով գողեր» եւ ամեն, ամեն տեսակ «ցնցող լուրեր, որոնք ցնցում են ողջ համացանցը», կամ առանց դույզն-ինչ հնարամտության մեր կայքերը դուրս չեն գալիս սրա-նրա անկողնուց: Օնլայն լրատվությունը խուժել է մեր տները ու մեր լեզուն դարձրել իր պատկերով ու նմանությամբ, ու դրա համար ոչ ոք պատասխանատու չէ:
Ու մեր հեռուստատեսությունների կիսավուլգար հաղորդումների, անբովանդակ շոուների հետ միասին` ազգի հերն են անիծում, հանուն «շեֆի» կայքի վարկանիշի, հանուն կերած հացի արդարացման: Ու համաձայն չենք «Ազատության» Հրայր Թամրազյանի հետ, որ այստեղ օլիգարխները դեռ մոնոպոլիա չեն ստեղծել` ստեղծել են, եւ ու բոլորս գիտենք, թե որ կայքն ում է պատկանում: Կամ` ո՞վ է իրավապահ համակարգից այս պահին մտմտում երկու նոր կայք ստեղծելու մասին: Ուրիշ բան, որ, իրոք, թեկուզ անգրագետ, թեկուզ վատ հայերենով, բայց այդ կայքերը հանուն իրենց գոյության` լրատվության հրատապությունն ապահովում են, սա անշուշտ ընթերցողի օգուտն է, բայց վստահ լինել այդ լրատվության ճշմարտացիության մեջ ոչ ոք չի կարող: Սակայն պատկերացրեք, այդ ցանցային լրատվության նյութերով հայերեն սովորող դեռահասը համաձայնելու փոխարեն համաձայնվում է, մտքերը կիսելու փոխարեն կիսվում է… երկու մասի, ու բազմաթիվ տառասխալներ ըմբոշխնում: Չեն ուղղում, որովհետեւ հաճախ պատասխանատուներն էլ կարգին հայերեն չգիտեն, այդպիսի խնդիր դրված չէ առհասարակ:
Օրավուր ավելացող կայքերը զբաղված են մեդիա դաշտում «լրագրողների» քսերոպատճեն արվող անվերջ հոսք ապահովելով, որոնց ձեռքում հետո մեդիան կրակն է ընկնում: Որքան են նրանք` հազա՞ր, երկու հազա՞ր, մեդիադաշտում վաղուց արդեն կորցրել են հաշիվը. ամեն օր կույտերով լղարիկ տղաների ու աղջիկների ես հանդիպում, որոնք տեսախցիկն ու ձայնագրիչը խմբերով այս ու այն ոչինչ չարժեցող մարդկանց բերաններն են մտցնում եւ ոչնչից իբր «էքսկլյուզիվ» թխում` տարբերակում չդնելով ոչ դիմացինի մակարդակի, ոչ նրա խոսքի կոռեկտության, ոչ էլ ասածը երկրորդ աղբյուրից ճշտելու առումով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031