Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ Միշել Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի քաղաքապետը լավ է ծանոթ, քանզի այս համաժողովն առաջին անգամ անց է կացվել հենց Երևանում.
«2010 թվականի հոկտեմբերին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության անդրանիկ համաժողովը, որն ինստիտուցիոնալ հիմք դրեց հայ և ֆրանսիական համայնքների միջև համագործակցությանը։ Այդ համաժողովում մենք ընդունեցինք կարևոր համապարփակ փաստաթուղթ` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խարտիա, որն ուրվագծում է մեր համագործակցության գերակա ուղղությունները. տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն, ֆրանսերենի ուսուցում»,- նշել է Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը` նկատելով, որ այն Հայաստանի մայրաքաղաքի համար սկիզբ է առնում դեռևս 1960-ական թվականներից:
«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 7 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով ու ոլորտներով համագործակցության խորացումը։ Վերջին 20 տարվա ընթացքում Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիցցայի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ Երևան քաղաքն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այսօր նպատակային աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդյունավետ համագործակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում։
«Անցյալ տարի Հայաստանին շնորհվեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը, վստահ եմ, որակական նոր հնարավորություններ է ընձեռում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մեր ֆրանսիական գործընկեր քաղաքների ունեցած փորձը և փորձի փոխանակումների ու տեխնիկական աջակցության միջոցով այն կիրառելու հնարավորությունը»,- շեշտել է Տարոն Մարգարյանն ու կարևորել նաև տարբեր ծրագրերի շրջանակներում համայնքների համագործակցությունը։ Երևանի քաղաքապետը նաև ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության բոլոր ուղղություններն են կարևոր ու մեկը մյուսին փոխլրացնող։
«Ըստ այդմ, կարծում եմ, որ պետք է մշակենք համագործակցության ինստիտուցիոնալ նոր մոդելներ։ Պետք է առավելագույնս օգտագործել ոլորտների մեկը մյուսին փոխկապակցված ծրագրերի իրականացումը։ Ես համոզված եմ, որ ապակենտրոնացված համագործակցության հաջողությունը պայմանավորված է ծրագրերին համայնքների կորպորատիվ մասնակցությամբ։ Այս ձևը հատկապես արդյունավետ կլինի վերապատրաստումների և փորձի փոխանակումների ծրագրերի դեպքում։ Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների և ռեգիոնների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ստեղծել բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ միասնական բանկ, որը կվերլուծի և կմշակի օպտիմալ ծրագրեր։ Եվ այս գործում մեծապես կարևորում եմ և՛ ֆրանսիական, և՛ հայկական այն կազմակերպությունների դերը, որոնք միավորում են համայնքներն ու ռեգիոնները։ Համոզված եմ, որ նշված մոտեցումների և սկզբունքների շնորհիվ, մենք կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում կծնվեն նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն բարեկամ երկու երկրների միջև համագործակցությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն