Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ Շուկա» սուպերմարկետի հարեւանությամբ գործող 5 խանութներից 4-ը արդեն սպառման ծավալների զգալի նվազում են արձանագրել

Հոկտեմբեր 17,2013 11:03

«Երեւան Սիթի»-ի սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղի՝ «Փակ շուկայի» բացումը Երեւանի Մաշտոցի պողոտայում մեծ վնաս է հասցրել շրջակա փոքր ու միջին խանութներին։

«Փակ Շուկա» սուպերմարկետի բացվելու օրվանից ընդամենը 10 օր է անցել, սակայն դրա հարեւանությամբ գործող մեր այցելած 5 խանութներից 4-ը արդեն սպառման ծավալների զգալի նվազում են արձանագրել։

Դրանցից մեկի սեփականատեր Սամվելը, ում խանութը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, մեզ հետ զրույցում ասաց. «Հա, ազդել ա մեր խանութի առեւտրի վրա։ Լիքը հաճախորդներ ունեինք, որ հիմա արդեն ստեղ չեն գալիս, «Երեւան սիթի» են գնում»։

Իսկ ո՞րն է սուպերմարկետի առավելությունը հարցին Սամվելն արձագանքեց. «Գիտե՞ք, ոչ մի տարբերություն չկա, ուղղակի միակ տարբերությունն էն ա, որ կալյասկա են տալիս, իսկ ստեղ ձեռքով են բռնում»։

Ըստ Սամվելի, իրենք սկսել են ավելի քիչ ապրանքներ պատվիրել մատակարարներին. «Ապրանքներ կան, որ ավելի քիչ ենք ստանում բացումից («Փակ շուկա» սուպերմարկետի-խմբ.) հետո»։

Նույն՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող մեկ այլ խանութի սեփականատեր Էդգարը, մեզ հետ զրույցում «Փակ շուկայի» բացման հետեւանքը իրենց համար նկարագրեց այսպես. «Մեր ցավոտ տեղերին մի կպեք էլի (ժպտում է)»։

Էդգարի կարծիքով «Փակ շուկայի» գրավչությունը այնտեղ վաճառվող ապրանքների գներն են։ «Դե գիտեք, ընդեղ ինքն ա ներկրում ու ավելի էժան ա, բացի դա, էս փոքր խանութի ու էդ հսկայական սիթիի հարկերը նույն չափ են, բայց ես տալիս եմ խանութի տարածքի վարձ, լիցենզիա ու սենց բաներ։ Հոսանքի գինն էլ բարձրացավ, տակը փող չի մնում, դե ստեղ էլ հիմնականում ծախվում էր ջրեղենն ու ծխախոտը։ Հիմա առեւտուրը հաստատ մի 30 տոկոսով ընկել ա։ Քաղաքապետարանից էլ էին գալիս ու ստեղից գնումներ անում, ասենք, հիմա էլ են գալիս, բայց արդեն մանր-մունր բաներ առնելու համար, պարզ ա, դրա համար չեն հասնի «սիթի»։ Օրինակ տեսեք, առաջ 10 տուփ էի ստանում թխվածքաբլիթ, իսկ հիմա հազիվ 5 տուփն ա վաճառվում, նենց որ արդեն իսկ պարզ ա, որ մեր գործին խփել ա»։

Իսկ Մաշտոցի պողոտայում գտնվող «Բեստ» սուպերմարկետի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց. «Հա, մեզ մոտ էլ ա առեւտուրը ընկել, ոնց կարա չընկնի»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչու են մարդիկ ավելի շատ առեւտուր անում «Երեւան սիթիից», սուպերմարկետի աշխատակիցը նշեց. «Դե երեւի էնտեղ մեղր են բաժանում (նկատի ունի հացը, որը 3 օր անվճար բաժանվում էր քաղաքացիներին-խմբ)»:

«Բեստի» աշխատակիցը բավական հոռետեսական տրամադրություններ ուներ։ «Եթե սենց շարունակվի, ապա մինչեւ նոր տարի, հավանաբար, մեր սուրերմարկետը կփակվի»,- ասաց նա։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031