Մեր իշխանություններն այսօր արդեն մեզ հետ անում են այն, ինչ չէին կարող անել 90-ականների վերջերին եւ 2000-ականների առաջին տասնամյակում։ Եթե Սերժ Սարգսյանը 2009-2010 թվականներին դեռեւս այնքան «նրբանկատություն» էր հանդես բերում, որ հայ-թուրքակաև մերձեցման հարցերում «խորհրդակցում էր» հայաստանյան եւ համաշխարհային հայության հետ, ապա 2013 թ. սեպտեմբերի 3-ից ոչ առաջ, ոչ էլ հետո նույնիսկ մտադրություն չունի որեւէ մեկի կարծիքը հարցնելու։ Սա դեռ ՄՄ-ին անդամակցել-չանդամակցելու գծով։
Եվ միանձնյա որոշում կայացնելու այդ պրակտիկան այնքան է ոգեւորել նրան, որ, չի բացառվում, վաղը, մյուս օրը միանձնյա որոշի, թե ինչ է պետք անել Ղարաբաղի հետ կամ Սյունիքի։ Զորի Բալայանն այսօր նամակ է գրել Պուտինին, իսկ վաղը կարող ենք իմանալ, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել Ղարաբաղի վերջնական ստատուս քվոյի փաստաթղթի տակ, որի հիմքում ընկած է հայ մտավորականի նամակը, ստորագրություն դնելու։ Ո՞վ պետք է դիմադրի կամ չթողնի նրան անելու այդ։
Իսկ ո՞վ բռնեց ՀՀ կառավարության ձեռքը, երբ մեր պետության ողջ բաժնեմասը զիջեցին «ՀայՌուսգազարդին», «Գազպրոմին», իշխանությունների հավին ո՞վ քշա ասաց, երբ օրը ցերեկով ռուս սահմանապահներն իրենց իրավունք վերապահեցին ստուգելու ՀՀ ԱԺ պատգամավորին ու նրան ուղեկցող մարդկանց։ Բայց ուրիշ ո՞վ պետք է դա անի, եթե ոչ այդ երկրի ժողովուրդը, քաղաքացիները, եթե ոչ այն մարդիկ, ովքեր ամեն ընտրության գնում են ընտրատեղամասեր ու իշխանություն են ընտրում իրենց համար։
Բայց երկրում մարդ մնացե՞լ է, որ մի հատ էլ քաղաքացի ենք ման գալիս, քաղաքացիական հասարակության մասին ենք խոսում։
Կարդացեք նաև
Պետք չէ խաբվել Երեւանի փողոցների աշխուժությանը, խանութների հեւքին, ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկներին։ Երեւանը Հայաստանի կեղծ հայելին է։ Դուրս եկեք Երեւանից եւ կտեսնեք իսկական Հայաստանը՝ դատարկված, տխուր, ցուրտ, կիսաքաղց, կիսահագնված։ Գյուղեր կան, որտեղ եթե հինգ մարդ տեսնես իրար գլխի հավաքված, արդեն հաջողություն է։ Տասնյակ կիլոմետրերով ճանապարհ ես կտրում՝ անգամ շունուկատու չի հանդիպում։ Եթե Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր, առանց իր նազիր-վեզիրներին իմաց տալու վեր կենա ու գնա մի հեռավոր սահմանային գյուղ, այդ ժամանակ կհասկանա, թե այդ ինչից է, որ ինքը կարողանում է միանձնյա որոշումներ կայացնել։ Ճշմարտություն է, ի վերջո՝ Հայաստանը վերածել են անշուն գյուղի ու անփետ ման են գալիս:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում