Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորի Բալայանը գիտի՞, որ Մոսկվան փորձում է ստանալ Բաքվի համաձայնությունը»

Հոկտեմբեր 16,2013 23:03

Զորի  Բալայանի հայտնի նամակը դարձել է բուռն քննարկումների նյութ նաև  Արցախում:  Կարծիքները տարբեր  են,  ինչպես և կարելի էր սպասել,  քանզի  դեռ  հասարակության  մեջ  կշիռ  և  հեղինակություն  ունեցող  ու  կարոտախտով  ապրող ավագ  սերնդի  ներկայացուցիչների  մոտ  ակնհայտ  է  նոր  Ռուսաստանը  ԽՍՀՄ-ի  հետ  նույնականացնելու  մոլորությունը:  Բայց  և,  կարելի  է ասել,  ավելի  մեծ  թիվ  են  կազմում  Բալայանի  տեսակետը  չկիսողները: Նրանցից  մեկն  էլ  Արցախյան  շարժման  առաջամարտիկ,  «Կռունկ»-ի և  Ազգային խորհրդի  հախագահության  անդամ,  1988-90 թթ.-ին  Արցախի  ինքնապաշտպանական  ջոկատների  շտաբի  պետ (մինչև  ձերբակալվելը ) , 1990-95 ՀՀ   ԳԽ  պատգամավոր  Ռազմիկ  Պետրոսյանն  է:

– Զորի  Բալայանի  կարծիքը  չեմ  կիսում:  Եվ  ամենից  առաջ  այն  պատճառով,  որ  նաև  իրատեսական  էլ  չէ:  Կարծեմ մեկ  տարուց  քիչ   ավելի  առաջ  էր`  Բաքվում  ադրբեջանական իսթեբլիշմենտը  Ղարաբաղի հարցի  հետ  կապված   ինչ-որ խորհրդաժողով  էր  հրավիրել,  որի  օրակարգում  այս  հարցն  էր`  Մաքսային միությու՞ն թե՝  Եվրոինտեգրացիա:  Եվ  արդյունքում  կայացվել  է  մոտավորապես  այսպիսի որոշում`  ով պատրաստակամություն  կհայտնի  լուծել Ղարաբաղի  հարցը, մեր  կողմնորոշումը  կլինի  դեպի  նա:  Ու  դրանից  հետո  այդ  երկու  կողմերի  հետ  տարվող  բանակցություններում  ադրբեջանցիներն  այդ  հարցն  են  բարձրացնում:

Եթե  խոսում  ենք  Գյուլիստանի  պայմանագրի  մասին,  չպետք  է  մոռանանք,  որ  դրանից  հետո  Ադրբեջանի  հետ  Ռուսաստանը  բազմաթիվ  այլ  պայմանագրեր  էլ  է ունեցել`  ճանաչելով  նրա  անկախությունը:  Ռուսաստանցի  բարձրաստիճան  պաշտոնյաներն  ամենատարբեր  առիթներով հնչեցնում  են  Ադրբեջանի  տարածքային  ամբողջականությունը  ճանաչելու  մասին  իրենց  հավաստիքները (ամենաթարմ օրինակը  վերջերս  ՌԴ  արտգործնախարար  Լավրովի  արած  հայտարարությունն էր` Մամեդյարովի  հետ  կայացած  հանդիպման  ժամանակ):

Ու  եթե  Պուտինն  ուզում  էլ  է  Արցախն  իրեն  միացած  տեսնել,  ապա  դա  ինքը  տեսնում  է   միայն Ադրբեջանի  կազմում`  Մաքսային  միություն  մտնելու  տեսքով,  որովհետև   նա  նաև ինչ-որ  կերպ   էլ  պիտի  փոխհատուցի  Ադրբեջանին`  ՄՄ  մտնելու  համար:  Իսկ  թե  ինչ  է  ուզում  վերջինս,  հայտնի  է  բոլորիս`  Արցախը:

Եվ  միամիտ  կլինի  կարծելը, թե  այդժամ  Մոսկվան  ասելու  է, թե  չի  ճանաչում  Ադրբեջանի  տարածքային  ամբողջականությունը:  Ի՞նչ է առաջարկելու  այդ դեպքում  Զորի  Բալայանը:  Նա  գիտի՞,  որ  ներկայումս  գաղտնի  բանակցություններ  են ընթանում,  ըստ  որոնց  Մոսկվան  փորձում  է  ստանալ  Բաքվի  համաձայնությունը` Ադրբեջանի և  Արցախի  միջև գտնվող,  ուրիշ  խոսքով`  մեր  կողմից  ազատագրված  տարածքներ խաղաղարար  ուժեր  մտցնելու  համար,  ինչին,  սակայն,   առայժմ  Բաքուն  չի  համաձայնվում,  թեև  հետո,  ըստ  էլի  շրջանառվող  լուրերի,  այդ  տարածքներն  անցնելու  են  Ադրբեջանի  վերահսկողության  տակ:

Ընդհանրապես,  ցանկացած  նման  հարց  լուծելու  ճանապարհին,  վստահ  եմ, պետք  է  հաշվի  նստել   ոչ  միայն  հասարակության  կարծիքի  հետ,  այլ  պետք  է  այդ  լուծումը  վերապահել  աշխարհասփյուռ  հայությանը,  ով  անհրաժեշտ  պահին  միշտ կանգնել  է  մեր  կողքին,  նաև` խուսափելու  համար  ճակատագրական  սխալներից,  որոնք  միշտ  հետապնդել  են  մեզ,  ինչպես,  օրինակ,  անցյալ  դարի  20-ականների  սկզբին  էր`  Լևոն  Միրզոյանի  պարագայում. արցախահայությունն  ութ  անգամ  ժողով  էր  արել`  որոշելու  համար  իր  կողմնորոշումը`  դեպի  Հայաստա՞ն,  թե՝  դեպի  Ադրբեջան: Յոթ  դեպքերում արդյունքը  եղել  է  Հայաստանի  հետ  միանալու  օգտին:  Ութերորդ  անգամ,  երբ  Բաքվից  եկել  է Լևոն Միրզոյանը,  այնպես  են  կազմակերպել,  որ  ժողովին  մասնակցել  են դեպի  Ադրբեջան  կողմնորոշվելու  կողմնակիցները, և արդյունքում  կատարվել  է  ճակատագրական  սխալը:  Չնայած  որ  Լ.  Միրզոյանն  էլ  հայրենասեր  էր,  և  նրա  սիրտը  ևս,  Զ. Բալայանի  պես,  ցավում  էր  Արցախի  համար,-  նշեց  պրն.  Պետրոսյանը:

Կարեն  ՄԻՐԶՈՅԱՆ

«Շուշի» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա՝ թե որտեղ է թաքնված շան գլուխը:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ Ռազմիկ Պետրոսյանը տեսնես որտեղից գիտի Մոսկվայի ու Բաքվի գաղտնի բանակցությունների թեման…?
    Ով ինչ խելքին փչի ասում է, հիմնավորումն էլ ` “ըստ շրջանառվող լուրերի..”, մյուսն էլ բազմանշանակ ավելացնում է իր սեփական դետեկտիվ մտքերը` հըմմ… բա տեսնում եք..?,կամ` ահա-ա-ա թե որտեղ է թաղված շան գլուխը…
    Զորին աչքիս լույսը չի, բայց հաստատ ազգի թշնամի էլ չի: Տարիքով մարդ է, մեր պայքարի որոշակի փուլում էլ իր դերն է ունեցել անկասկած, դե հիմա իր մտքով անցել է, որ լավ բան է առաջարկում` գրել է մարդը: Այնպիսի “շուխուր” են բարձրացրել, ոնց որ Զորին Արցախը արդեն տվել ա Պուտինին, մենք էլ պիտի ազգովի ոտի ելնենք ու ետ բերենք… Դե լավ էլի, ամոթ ա, ավելի ճիշտ` ծիծաղելի է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031