Նոյեմբերի 17-ին Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝ Աչաջրում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Արդեն սկսվել է թեկնածուների առաջադրումը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ առաջադրվել է 3 թեկնածու, 3-ն էլ ՀՀԿ անդամ, 3-ն էլ՝ ինքնառաջադրմամբ: Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ Համո Գեւորգյանը, 90-ական թվականների երկրորդ կեսին Աչաջրի գյուղապետ աշխատած, հետո ազատազրկված Տաթեւ Գասպարյանը եւ Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայր Կամո Ղալթախչյանը:
Նախկինում տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Աչաջրում պայթյունից վնասվել է Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձած Կամո Ղալթախչյանի «Тоyota Camry» մակնիշի ավտոմեքենան: Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 18-ի ժամը 18-ը: Աչաջրում նախընտրական թեժ պայքար է սպասվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ