Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Կրիվոպուսկովը՝ Մաքսային միության, Ռուսաստանի հավատարմության եւ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հոկտեմբեր 16,2013 20:39

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը այսօր կայացած մի ասուլիսում ասաց, թե ինքը՝ «որպես երեւանցի եւ ինչու չէ՝ որպես հայ», տեսել եւ զգացել է այն օրերի ծանրությունը, երբ բոլորը սպասում էին այդ կարեւոր իրադարձությանը՝ նկատի ունենալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը:

Այս կապակցությամբ «Առավոտը» պարոն Կրիվոպուսկովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս էին բոլորը սպասում այդ իրադարձությանը, եթե ոչ ոք տեղյակ չէր դրանից, չէ՞ որ Մաքսային միություն մտնելու մասին մինչեւ սեպտեմբերի 3-ը շատ քչերն էին ենթադրում, շատերի համար դա շոկ էր:

Պարոն Կրիվոպուսկովը պատասխանեց.«Ես մի քանի օրից ավարտում եմ իմ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ վերադառնում եմ Մոսկվա: Բայց ուզում եմ ասել՝ շոկ կար, այո, բայց ո՞ւմ մոտ էր այդ շոկը՝ չինովնիկների մոտ, նրանց մոտ, ովքեր սեփական բարեկեցության մասին էին մտածում, կողմնորոշված էին դեպի այլ արժեքներ: Իսկ ես շատ լավ գիտեմ, թե Հայաստանի լայն հասարակության եւ առավել եւս՝ հասարակ ժողովրդի կողմնորոշումն ինչպիսին է: Սոցիոլոգիան  փաստերի գիտություն է, եւ սոցհարցումները ցույց են տվել, որ հայերի մոտ 60%-ը կողմ է այդ ուղղությամբ գնալուն: Պարզ է, որ եթե անցկացվեր հանրաքվե, այլ արդյունք կլիներ. վստահ եմ,  որ այդ պարագայում շատ ավելի մեծ տոկոս կլիներ Հայաստանի՝ դեպի Ռուսաստան կողմնորոշումը ողջունողների թիվը: Հասարակ ժողովուրդը եւ  Հայաստանի հասարակական մտքի մեծ մասը, իհարկե, ուրախացան ՀՀ իշխանությունների այս ընտրության համար, որովհետեւ մենք ոչ միայն հոգեպես ենք միասնական՝ ի հակակշիռ այն արժեքների, որոնք քարոզում են Արեւմուտքում, այլեւ տնտեսական զարգացման առումով: Չէ՞ որ խոսքով չես կշտանա: Եվ այս ամենը բնական է: Որտե՞ղ են այն առաջնահերթությունները, այն ձեռքբերումները, այն ուղղությունները, որոնք Եվրոպական միությունը զարգացրել է Հայաստանում: Ո՞ւր էր ԵՄ-ն այս 25 տարիների ընթացքում, ինչո՞ւ  նրանք ոչ մի ձեռնարկություն չեն հիմնել այստեղ: Չէ, դե, անկեղծ ասած, որոշ բաներ կան, բայց դրանք Հայաստանի տնտեսության համար նշանակալի չեն:  Ո՞վ է ձրի կերակրելու երկիրը, երկիրը պետք է աշխատի, պետք է արտադրի, պետք է վաճառի: Հիշենք, որ սովետական շրջանում Հայաստանը ամեն օր ստանում էր 80 էշելոն արտադրանք, բայց եւ 80 էշելոն բարձրտեխնոլոգիական արտադրանք էլ Երեւանից ուղարկվում էր աշխարհի բոլոր երկրներ, մեծամասամբ՝ ՍՍՀՄ հանրապետություններ: Իսկ այսօր ո՞ւր են գնում այդ էշելոնները…  ինչ խոսք, էշելոնների մասին մենք այսօր, մեղմ ասած, չենք կարող խոսել, բայց անգամ այն հատուկենտ վագոնները, որ դուրս են գալիս  Երեւանից՝ ո՞ւր են գնում, գնում են Ռուսաստան, ԱՊՀ երկրներ: Հայաստանի տնտեսական կապերի ծավալը, Հայաստանի ապագան կանխորոշող ձեռնարկությունները ամբողջությամբ եւ լրիվությամբ կապված են Ռուսաստանի հետ՝ իրավահավասար հիմքունքներով: Իսկ ո՞ւր է Եվրոմիությունը»:

Ապա, շարունակելով քննադատել Եվրամիությանը, նկատեց, որ Հայաստանը Մաքսային միություն մտնում է առանց որեւէ նախապայմանների եւ որպես իրավահավասար գործընկեր.«Գիտեք ինչ, ես ինձ երեւանցի եմ համարում, չէ, ինչո՞ւ համարում, ես հենց երեւանցի եմ, եւ ինչպես բոլորը գնում եմ խանութ, ամեն օր շփվում եմ մարդկանց հետ, եւ շատ լավ տեղյակ եմ այն ինֆորմացիոն-գաղափարական ճնշումներից, որ Եվրամիությունն անում էր, հազարավոր նախապայմաններ էր դնում Հայաստանի առաջ՝ եթե այս անեք, սա կլինի, եթե այս չանեք՝ այն չի լինի եւ այլն, եւ այլն: Ավելին ասեմ՝ ոչ միայն ես, որեւէ մեկը հասարակության մեջ  չգիտի, թե ինչ կար այդ Ասոցացման թղթերում: Ոչ մեկ տեղյակ չէր, թե ինչ է լինելու: Այնպես որ՝ միանգամայն պարզ է ու հասկանալի, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, հետագայում էլ՝ Եվրասիական միությանը, միանգամայն իրատեսական եւ առարկայական էր»:

«Առավոտի» հարցից՝ Դուք անընդհատ փորձում եք համոզել, թե որքան լավ եւ որքան ճիշտ էր Մաքսային միություն մտնելը Հայաստանի համար, իսկ դա ձեզ ի՞նչ է տալիս՝ Ռուսաստանին, ընդամենը հերթական միավո՞րը, պարոն Կրիվոպուսկովը մի քիչ նեղվեց. «Շատ կներեք…. Գիտեք ի՞նչ կա, մենք երբեք չենք հրաժարվել մեր բարեկամներից եւ գործընկերներից: ՍՍՀՄ փլուզումից սկսած՝ մենք ոչ միայն միասին ենք եղել, կողք-կողքի… Մենք միասին պահպանում ենք հայ-թուրքական սահմանը, մենք միասին ապահովում ենք մեր ժողովուրդների անվտանգությունը: Մենք մեր հարաբերություններում երբեք չենք առաջնորդվել կոմերցիոն տեսակետից,: Գիտեք ի՞նչ՝ մեր բարեկամների հետ մենք մեր հարաբերություններն երբեք այդպես չենք կառուցում, թեեւ այսօր պրագմատիկան էլ է կարեւոր»:

«Դուք ասում եք, որ բարեկամների հետ կոմերցիոն տեսակետից չեք հարաբերվում, բայց երբ Ռուսաստանը Ադրբեջանին 1 մլրդ դոլարի հարձակողական զենք վաճառեց, դա բացատրեց միայն բիզնեսով»՝ մեր այս հակադարձմանն ի պատասխան պարոն Կրիվոպուսկովը պատասխանեց. « Նա, ով կույր չէ՝ կտեսնի, ով խուլ չէ՝ կլսի… Ես չեմ ուզում մեկնաբանել միանշանակորեն այդ զենքի վաճառքի որոշումը, բայց կան այլընտրանքներ, որոնք պետք է ճիշտ գնահատել: Ես չեմ կարծում, որ այդ միլիարդը հայկական էլիտայի մտքերը ջախջախեց , առավել եւս՝ հասարակ ժողովրդի մտքերը: Ռուսաստանը եւ Հայաստանը միասին ՀԱՊԿ-ի մեջ են, մենք շատ կապված ենք միմյանց հետ տարբեր ռազմատեխնիկական պայմանագրերով, համագործակցությամբ: Կարծում եմ, այս բառերը բավական են՝ ասելու համար, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը իրատեսական էր: Իսկ այդ զենքի վաճառքի փաստը ես չեմ կարծում, որ որեւէ ազդեցություն է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների վրա»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Մելանյա լավ կլիներ հիշեցնեիք նաև ոսկեպարյան դեպքերին ռուսական մասնակցության մասին:Ինչպես նաև նրան հասկացնեիք,որ մենք ոչ թե ռուսների նման հասարակություն ենք,այլ հանրություն և նաև հիշեցնեիք,որ ՄՄ մտնողը ոչ թե ժողովուրդն է,այլ իրենց կողմից նշանակված թալանչիները

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031