Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Ֆրանսիայի Հանրապետություն ժամանած քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժուլյեն Լաֆարիերի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Լիոնի քաղաքապետի տեղակալը նախ, օգտվելով առիթից, իր գոհունակությունն է փոխանցել Արամ Սուքիասյանին` երկու քաղաքների միջև ծավալվող արդյունավետ համագործակցության համար: Ժուլյեն Լաֆարիերն արդյունավետ է գնահատել հատկապես կրթամշակութային երկուստեք համագործակցությունն ու հատկանշել, որ այդ ուղղությամբ առկա ձեռքբերումները, սակայն, դեռ բավարար չեն ու պետք է ավելացնել իրականացվող ծրագրերի ծավալները և ընդլայնել ուղղությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք կրթամշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին նկատել է, որ այդ ուղղությամբ զարգացման դաշտ իրապես կա, ու Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը: Արամ Սուքիասյանը մասնավորապես առանձնացրել է կրթական և մշակութային օջախներում ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև ոլորտում փորձի փոխանակման կազմակերպումը: Բացի այդ, Երևանի քաղաքապետի տեղակալը առաջարկել է նաև քննարկել Երևանում և Լիոնում մշակութային օրերի անցկացման հնարավորությունը, ինչը լրացուցիչ հնարավորություն կընձեռի երկու քաղաքների բնակիչներին ծանոթանալու մեկը մյուսի մշակութային ժառանգությանն ու սովորույթներին:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ համակողմանի քննարկել առաջարկը և փորձել հնարավորին կարճ ժամկետում կյանքի կոչել:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն