Հոկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Խնկո-Ապոր գրադարանում կայացավ իսրայելահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Ես հայ եմ» մանկական բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյանը: Գնահատելով Ա.Նագգաշյանի բանաստեղծությունը` պարոն Սրապիոնյանը նշեց. «Մանկական բանաստեղծությունների այս փոքրիկ ժողովածուով Անուշը բերում է թարմ միտք: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով Անուշի բանաստեղծությունները, արդեն իսկ հանձնարարել է թարգմանել դրանք նաև արևելահայերեն` այսպիսով գիրքը հասանելի դարձնելով նաև հայության մյուս արևելահայ հատվածի համար»:
Նախարարի տեղակալը հավելեց, որ «Ես հայ եմ» խորագիրը կրող ժողովածուի մանկական բանաստեղծություններով Անուշ Նագգաշյանը Սփյուռքում ապրող հայ մանուկներին ծանոթացնում է Հայրենիքի հետ:
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանն առանձնացրեց հեղինակի` մանուկների լեզվով խոսելու բացառիկ շնորհը:
Կարդացեք նաև
Լինելով մանկական բանաստեղծությունների բազմաթիվ ժողովածուների հեղինակ` Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հայ մանկագրությունն այսօր լավ գրողների կարիք ունի, Անուշ Նագգաշյանը գալիս է լրացնելու այդ բացը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը` հիմնադրման առաջին իսկ օրերից իր կողքին գտնվելու և աջակցելու համար` Անուշ Նագգաշյանը միջոցառման ավարտին հանդես եկավ իր ստեղծագործությունների ասմունքով:
ՀՀ սփյուռքի նախարարություն