Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողն ու պաշտոնյան` հայ արդի մամուլի մասին

Հոկտեմբեր 16,2013 18:04
terter

Hamlet-MosinyanԱյսօր Aravot.am-ի հետ զրույցում փորձառու լրագրող Համլետ Մոսինյանը, անդրադառնալով հայ տպագիր մամուլի օրվան ու վերլուծելով արդի վիճակը, կարծիք հայտնեց, որ հայ մամուլը թեև ազատ է, սակայն վերջինիս պակասում է լրջությունը. հետաքննության արժանի թեմաները, խորը ուսումնասիրված խնդիրներն ու վերլուծությունները:

Լրագրողը ցավով նշում է, որ այսօր մամուլը իրադարձություն ստեղծելու փոխարեն, ինքն է գնում իրադարձության հետևից: «Կուզենայի, որ լրատվամիջոցները մի քիչ լրջությամբ մոտենային նյութերին, էդ ջրիկությունը, սենսացիաների հետևից գնալը չափազանց շատ է , լրատվամիջոցը ինքը պետք է իրադարձություն ստեղծի, որ հասարակությունը մեր հետևից գա: Միգուցե դրա ժամանակը չեն ունենում լրագրողները կամ դրա պահանջը չկա, բայց դա է լրագրության զարգացման հեռանկարը:

Ինձ զարմացնում է, անուններ չտամ, որոշ քաղաքական գործիչներ ասուլիս են հայտարարում, ես հաստատ չէի գնա նման մակարդակի իրադարձության, չգիտես ինչ են հայտարարում, ինչեր են ասում, ենթադրություններ են անում, վաղը հենց այդ նույն մամլո սրահում պարզվում է, որ նրա ասածները ոչ մի հիմք չունեն:Մի քիչ լրջությունն է պակասում, մեր մամուլին» ,- ասում է Համլետ Մոսինյանը:

Թեև ըստ լրագրողի, ամեն մի իրադարձության հետևից գնալն ու այսպես ասած ջրիկանալն էլ ունեն իրենց օբյեկտիվ պատճառները: Լրագրողի մեկնաբանմամբ, քանի որ նախորդ հասարակարգում եղել ենք խեղդված վիճակում, այժմ զսպանակը միանգամից բաց թողնվեց, ու ազատությունը ինչ-որ տեղ վերածվեց սանձարձակության: Սակայն, ըստ Համլետ Մոսինյանի, սա ինքնըստինքյան մաքրվող երևույթ է, ժամանակավոր բնույթ է կրում, և երբ Հայաստանում կայունանա քաղաքական ու տնտեսական վիճակը, կվերանա նաև մամուլում տիրող խառնաշփոթ վիճակը: Լրատվամիջոցները որոշ ժամանակ անց կհասկանան, որ շեշտը չպետք է դնել այս կամ կուսակցության կամ իշխանության PR-ին, այլ միայն հավասարակշռության վրա:

Samvel GrigoryanՇիրակի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանի գնահատմամբ էլ, այսօր հայ մամուլը ազատ է, սակայն օբյեկտիվության խնդիր ունի: Նրա բնութագրմամբ, այսօր տպագիր մամուլը առճակատվում է էլեկտրոնային մամուլի հետ, այն ինչ տեսնում ենք էլեկտրոնային մամուլում ու երբեմն չենք էլ հասցնում հետևել, այդ ամենը հասկանալի պատճառներով այլևս չի կարող լինել տպագիր մամուլում: Եվ վերջո, որքան էլ տխուր լինի, ըստ Սամվել Գրիգորյանի, շուտով հրաժեշտ կտանք մամուլին տպագիր տեսակին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031