Ալմաթիում կայացած ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների համաժողովում Հայաստանը ներկայացնում էին ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը:
Երեւան վերադառնալով` պատվիրակության ղեկավար Գաբրիել Ղազարյանն Aravot.am-ին պատմեց Ղազախստանում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Այս համաժողովները կազմակերպում է ՌԴ ԱՕԿ-ը, որի նպատակը հետխորհրդային շրջանի երկրների ազգային օլիմպիական կոմիտեներին մերձեցնելն է, նրանց միջեւ սերտ համագործակցություն հաստատելը, ինչը, ի դեպ ստացվում է: Կայացվում են որոշումներ, ձեռք բերվում համագործակցության պայմանավորվածություններ, որոնք օգտակար են բոլորի համար էլ:
Օրինակ, Ալմաթիում Ռուսաստանի սպորտային բժշկության կենտրոնի հետ համագործակցություն հաստատելու առաջարկ եղավ եւ այդ գործընթացը մեզ համար շատ կարեւոր է: Մենք համագործակցության պայմանագիր ենք ստորագրելու Լիտվայի հետ: Նրանք պատրաստ են մեզ օգնել հատկապես ձմեռային մարզաձեւերում` բոբսլեյ, սկելետոն եւ այլն, որոնցից առաջատար դիրքեր են զբաղեցնում Եվրոպայում: Լիտվայի օլիմպիական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնում ձմեռային մարզաձեւերի մեր թիմերին ընդունել իրենց մոտ, տրամադրել բազաները եւ համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել: Բայց նաեւ ցանկանում են իրենց ազգային հավաքականներին գործուղել Ծաղկաձոր: Բնական է, որ մենք էլ այդ հարցում նրանց օգտակար կլինենք:
Կարդացեք նաև
Որոշակի պայմանավորվածություններ արդեն կան, իսկ ընդհանուր համագործակցությունը լայն թափով կսկսվի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից հետո», – ասաց Գ. Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ