Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի զբոսաշրջային քարտեզում զուգարաններ նշված չեն

Հոկտեմբեր 16,2013 18:10

Տավուշի մարզխորհրդի հոկտեմբերի 12-ի նիստում մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ զարգացման  բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը հայտարարեց, որ մարզի զարգացման հիմնական ուղղություններից է զբոսաշրջությունը, դրա մասին նշված է  Տավուշի 2012-2015թթ. զարգացման ծրագրում, զբոսաշրջությունը գտնվում է  Տավուշի մարզպետի եւ մարզպետարանի ուշադրության ներքո:

Դիլիջանի «Դիլնետ սերվիս» ՀԿ նախագահ  Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Տավուշը Հայաստանում առաջին մարզն է, որ ունի անգլերեն լեզվով զբոսաշրջային քարտեզ, մարզի բոլոր համայնքներն այսուհետ հասանելի են զբոսաշրջիկներին,   կա նաեւ քարտեզի  ֆեյսբուքյան էջ: Նա ասաց, որ Դիլիջանն ունի զբոսաշրջային քարտեզ, ինքն անցյալ տարի  այն ներկայացրել է մարզպետ Արմեն Ղուլարյանին, ով  տվել է մարզային զբոսաշրջային քարտեզի ստեղծման գաղափարը: Ա.Հովհաննիսյանն ասաց, որ քարտեզի ստեղծման ծրագիրը ֆինանսավորել է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը,որն այդ ծրագրով   խրախուսել  է ՏԻՄ-երի եւ ՀԿ-ների համագործակցությունը:  Քանի որ քարտեզում կարող են լինել թերություններ, դրանց վերաբերյալ դիտողությունները հաշվի կառնվեն, եւ զբոսաշրջային հաջորդ սեզոնի սկզբին կթողարկվի նոր,շտկված քարտեզ: Ա.Հովհաննիսյանը  համայնքապետերի  ուշադրությունը հրավիրեց օթեւանատների զարգացման գաղափարին:  Նա զբոսաշրջային քարտեզի առաջին  օրինակը հանձնեց Տավուշի մարզպետին:

Մարզպետը   շնորհակալություն հայտնեց «Դիլնետ Սերվիսին» եւ ցանկություն հայտնեց,որ քարտեզի տեքստը նաեւ հայերեն լեզվով լինի: Ա. Ղուլարյանն ասաց, որ մարզում  առկա են լավագույն հնարավորությունները զբոսաշրջության զարգացման համար, որ Դիլիջանում այս ոլորտը զարգացած է, տուրիզմը  պետք է  զարգանա  ոչ միայն  համայնքային մակարդակով, այլ՝ ներառի մարզի բոլոր 62 համայնքները: Նա  զբոսաշրջության զարգացման համար կարեւորեց եկեղեցիներ տանող ճանապարհների  բարելավումը, Դիլիջան քաղաքում իրականացվող տարբեր ծրագրերը: Ղուլարյանը պատմեց վերջերս մարզի  քաղաքապետերի հետ Գերմանիա կատարած իր այցի, աղբի վերամշակման գերմանական փորձի մասին:

Նիստում չխոսվեց  Տավուշում  զբոսաշրջության զարգացման  գործում առկա խնդիրների՝  միջպետական ճանապարհին եւ մարզի քաղաքներում հասարակական զուգարանների բացակայության, ճանապարհի եզրին առկա  մեծ աղբակույտերի, Աղստեւ գետի աղտոտվածության մասին:  Տավուշի  զբոսաշրջային քարտեզում տեղ չեն գտել մարզի նշանավոր կոթողների՝ Գոշավանքի, Ոսկեպարում  գտնվող, 7-րդ դարի  Սուրբ Աստվածածին եկեղեցու, Կողբի Մշկավանքի լուսանկարները, սակայն  առկա են զբոսաշրջության հետ այնքան էլ   կապ չունեցող ձեռնարկությունների՝ քարի վերամշակման Իջեւանի «Քարարտ» գործարանի եւ  առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին  պատկանող Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոնի լուսանկարները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031