Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկությունների փաթեթ` հեռուստաընկերությունների ղեկավարներին

Հոկտեմբեր 16,2013 17:39

Այսօր «Մեդիա» կենտրոնում անցկացվեց մամուլի ասուլիս` «Հայաստանյան հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը» թեմայով:

Ասուլիսի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսը, կարևորելով հեռուստատեսության դերը հասարակության կյանքում, ասաց. «Կարծում եմ, որ տարիների ընթացքում մենք բոլորս հասկացել ենք, որ ամենադիտողական, հասարակական կարծիք ձևավորող ԶԼՄ-ն, այնուամենայնիվ, մնում է հեռուստատեսությունը: Եվ հեռուստատեսության առումով պետք է ասեմ, որ արդեն 14 տարի տարբեր ուսումնասիրություններ են իրականացվում, և դրա հետ կապված գիտական տարբեր հոդվածներ կան հրատարակված, բայց վերջին 6 ամսվա ընթացքում իրականացրած ուսումնասիրություններից հետո որոշեցի առաջարկությունների մի փաթեթ մշակել, որը ցանկանում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը, որովհետև փաթեթը կազմելուց հետո որոշակի փոփոխություններ տեղի ունեցան մեր ԶԼՄ-ներում, հատկապես հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականության տեսանկյունից»:

Աստղիկ Ավետիսյանը համոզված է, որ առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի հեռուստաընկերությունների ղեկավարներին` բացահայտելու հեռուստաընկերության զարգացումը խոչընդոտող երևույթները, մրցակիցների նկատմամբ առավելություններն ու թերի կողմերը, մշակելու հեռանկարային ռազմավարություն` նպաստելով հայկական հեռուստադաշտի դինամիկ ու կայուն զարգացմանը:

Այնուհետև բանախոսը կետ առ կետ ներկայացրեց իր մշակած առաջարկությունների փաթեթը, որը շուտով կուղարկվի բոլոր հեռուստաընկերություններին:

Ա. Ավետիսյանը խոսեց նաև հայաստանյան հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականության մասին: Նա մասնավորապես ասաց. «Նոր եթերաշրջանում մեր հեռուստաալիքների ծրագրային քաղաքականության մեջ դրական տեղաշարժ է նկատվում: Այսօր աշխարհում շատ են կարևորվում մասնագիտացված հեռուստաընկերությունները, և այս առումով մենք գնում ենք դեպի մասնագիտացում: Օրինակ` «ԱՐ» հեռուստաընկերությունը հստակ ունի մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածություն, «Արմնյուզ»-ը` միջազգային և տեղեկատվական-վերլուծական ուղղվածություն, «Դար 21»-ը` երաժշտական և այլն, բայց մեզ մոտ դեռ այնքան էլ հստակ չէ, թե որ հեռուստաընկերությունն ինչ ուղղվածություն ունի, իսկ ուղղվածություն պետք է ունենալ, որովհետև դա օգնում է յուրաքանչյուրին ունենալ իր սպառողը:

Անդրադառնալով նոր եթերաշրջանի ձեռքբերումներին` Ա. Ավետիսյանն ասաց. «Մենք մասնավոր հեռուստաընկերություններին մեծ պահանջներ ներկայացնելու իրավունք չունենք, որովհետև դրանք մասնավոր են, իսկ «Հանրային»-ի նկատմամբ վերաբերմունքը ավելի խիստ է: Տարիներ շարունակ այն բանավեճն է եղել, թե «Հանրային»-ը առանց սերիալների չի կարող գոյատևել: Մինչդեռ մենք այլ բանի ականատես եղանք, և այսօր բավականին բազմաժանր հաղորդումներ է ներկայացնում այս հեռուստաալիքը: «Արմենիա»-ն շատացրել է իր ժամանցային ու հումորային հաղորդումները, «Կենտրոն» հեռուստաընկերությունը, երկու տարվա ընթացքում, ծրագրային փոփոխության առումով բավականին մեծ աճ է գրանցել: Հետաքրքիր զարգացում է լրատվական թողարկումներում մասնագիտացված հավելվածներ տալը: «Երկիր Մեդիա»-ն միշտ էլ շատ լավ ծրագրային քաղաքականություն է վարել և հիմա էլ գնում է ավելի ընդլայնման: Ես նկատի ունեմ ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային առումով»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031