Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեմպի տակ ընկած ուղղակի անում ենք մակերեսայինը».Վասակ Դարբինյան

Հոկտեմբեր 16,2013 17:21

«Այնքան կառավարելի է այսօրվա մամուլը, եւ այնքան տեսանելի է, որ կառավարելի է, ուղղորդվող է։ Հատուկենտ կայքերը, թերթերը ինձ ցնծություն են պարգեւում, որ կան, չեն մեռել։ Եթե ազատ չէ մամուլը, ո՞ւմ է պետք դա, դա գործիք է, որը ծառայում է ինչ-որ խմբի շահերին: Գործիք լինելը նույնն է, ինչից զզվել ենք Սովետական միությունում»,- հոկտեմբերի 16-ին՝ Հայկական մամուլի օրվա առթիվ, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց տարբեր ժամանակներում մի շարք թերթեր խմբագրած Վասակ Դարբինյանը` հավելելով, որ մամուլի նկատմամբ իշխանության վերաբերմունքը չի փոխվել, այսօրվա քաղաքական ուժերի մեջ չի տեսնում այնքան խելացի մի գործիչ, որը մամուլին կվերաբերի հարգանքով, պատկառանքով:

Ըստ նրա` որակի առումով 1990-ականների թերթերը ավելի ծանրակշիռ էին: Անկախ Հայաստանի լավագույն, անգերազանցելի թերթը նա համարում է 1990-ականներին 16 էջով լույս տեսնող «Առավոտը»։

Վերջինիս փոխանցմամբ` այդ տարիներին աշխատելն ավելի հեշտ էր, քանի որ թերթերը շատ չէին եւ մրցակցություն գրեթե չկար. Իսկ այսօր խնդիրն այլ է. «Շատ ժամանակ նույն մրցակցության պայմաններում որակը կորում է: Մամուլը ոլորտներից մեկն է, որտեղ ցավոք, կա թափթփվածություն, կա նաեւ ոճի բացակայություն: Միշտ սառնասրտորեն եմ վերաբերում ամեն ինչին, բայց շատ դժվար է լսել, կարդալ նյութերը, որոնք որեւէ ժանրի չեն պատկանում, որտեղ լեզուն բռնաբարվում է, փաստերը՝ խեղաթյուրվում: Մենք տեմպի տակ ընկած ուղղակի անում ենք մակերեսայինը, չենք կարողանում դրսևորվել և երկրին բերել այն նպաստը, որ կարող ենք: Ես վատ եմ զգում, որ այս մասնագիտությունը ունենալով չեմ կարողացել կասեցնել այդ ամենը»,- ասաց Վասակ Դարբինյանը՝ հավելելով, որ այդտեղ կա նաեւ խմբագիրների մեղավորությունը։ «Լրագրողները չեն էլ ուզում ջանք ներդնել, ավելի բարեխիղճ վերաբերվել իրենց գործին, պատասխանատվությունն էլ ցանկալի մակարդակի չէ»,-ասաց նա:

Դարբինյանը նշեց, որ մի քանի թերթերում աշխատելով՝ արել է հնարավորը, որպեսզի որևէ մեկն ուղղորդումներ, սահմանափակումներ չունենա, ավելին՝ ներշնչել է, որ միայն ազատ լինելու պարագայում լրագրողները կունենան իրենց դեմքը, կճանաչվեն իբրև լրագրող, սակայն այդ ազատությունը տանում է դեպի փակուղի:

Հարցին՝ լրագրողի մեջ ի՞նչն է կարևորում, պատասխանեց՝ խասյաթը:

«Հայացք» շաբաթաթերթի և Nyut.am էլեկտրոնային պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանն էլ նշեց, որ Հայաստանում անկախության տարիներին կայացել է երեք բան՝ բանակ, մամուլ, կոռուպցիա: Նա կարծում է՝ ո՛չ գիրքը կմեռնի, ո՛չ թերթը. «Կգան ժամանակներ, երբ կթվա, թե թերթի շունչը կտրվում է, գուցե տպաքանակը կպակասի, բայց որակը թերթի կպահպանվի»,-ասաց նա:

Ըստ Աղաբաբյանի` մեզ մոտ մամուլը կայացել է, բայց լավագույն ժամանակները 1990-1996 թվերն էին: «Կարծում եմ՝ այս տարիներին, մեծ հաշվով, շատ բան չի փոխվել, այդ թվում և՝ իշխանությունների վերաբերմունքը»,- ասաց նա:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշեց, որ երբեք այսքան մեծ ուշադրություն, մեծ հարգանք չի եղել մամուլի նկատմամբ, ինչքան այսօր, եւ համացանցի առկայությունը եւս նպաստում է, որ մեր խոսքը հասանելի լինի: «Մամուլը ոչ միայն կայացել է, այլև ստանձնել է մի շարք կարևոր պետական ինստիտուտների գործառույթները: Երբ քաղաքացին էլ չգիտի՝ ուր դիմի, օգնության է հասնում մամուլը»:

Ներկայումս մամուլը, ըստ Օհանյանի, ազատ է այնքանով, որքանով մարդն ինքը. «Լրագրողի ազատությունն այն է, երբ չկան անձեռնմխելի անձինք և օղակներ, նախապես որոշված թիրախներ»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ լրատվամիջոցներն այս հասարակության սանիտարն են, ունեն աղբը, կեղտը մաքրելու գործառույթ, առանց այդ սանիտարի՝ հասարակությունը կկործանվի:

Բանախոսների պնդմամբ` հաճախ լրագրողները հայհոյանքը շփոթում են ազատության հետ: Իրենց խոսքով` լրագրողն իր արտահայտություններում պետք է զսպված լինի, որը ազատության հետ ամենեւին կապ չունի: Կարելի է մարդուն ոչնչացնել հիմնավոր փաստերով, առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի:

Նշենք, որ 1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել պարբերականի 18 համար։

Ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031