Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիվոպուսկովը հիշեց Շուֆուտինսկուն, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը

Հոկտեմբեր 16,2013 16:33

ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի համար սեպտեմբերի 3-ը, երբ ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությամբ տեղեկացանք, որ ՀՀ-ն Մաքսային միության մեջ մտնելու մտադրություն ունի, «մեկնարկային կետ» է մեր երկրների ժողովուրդների համար, այդ օրը, ըստ Կրիվոպուսկովի, դարձավ «պատմական ու կարեւորագույն մի օր»՝ մեր երկրների զարգացման վեկտորը նույն ուղղությամբ շարժելու համար:

Այս մասին նա տեղեկացրեց այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Եվրասիական զարգացմանը նվիրված մի գիտաժողովի: Նա նույնիսկ հիշեց Շուֆուտինսկու երգը՝ «3-e сентябр»я», միայն թե նշեց, որ եթե այդ երգում մինչեւ սեպտեմբերի 2-ը ամեն ինչ լավ էր, իսկ հաջորդ օրը՝ նրանք բաժանվեցին, ապա մեր պարագայում կարծում է, որ ճիշտ հակառակն է եղել՝ այդ օրը մենք վերագտանք իրար:

Նա նաեւ ասաց, որ «մենք՝ երեւանցիներս, կարող եմ նույնիսկ ասել՝ հայերս, զգացինք մեզ վրա այն օրերի ծանրությունը՝ մինչեւ սեպտեմբերի 3-ը, որից հետո, երբ եկավ այդ բաղձալի օրը, շատերը թեթեւացած շունչ քաշեցին»:

Ապա խոսեց հայ եւ ռուս ժողովուրդների մեջ արդեն հազար տարի առկա վստահության եւ նվիրումի առկայության մասին, հիշեց Պետրոս առաջինին եւ Իսրայել Օրուն, անդրադարձավ Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրերին, պատմեց, թե ինչպես այդ ժամանակ ռուս ազգը ազատագրեց հայ ազգին թշնամու լծից, այդ ընթացքում 200 հազար զոհ տալով, ապա ասաց, որ այդ ամբողջ ընթացքում մեր հարաբերությունները եղել են իրավահավասար. «Ռուսաստանը երբեք թելադրող չի եղել, մենք թելադրող չենք, մենք չենք ստիպել Արարատին, որ իր դեմքը այս կամ այն կողմ տանի, հայ ժողովուրդը կարող է նայել որ կողմ որ ուզի, բայց այն, որ Արարատը եւ հայ ժողովուրդը միշտ դեպի Հյուսիս է նայում, դա պատմությունից է գալիս»:

Նա նաեւ հպարտ էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները՝ ՍՍՀՄ փլուզումից հետո բացառիկ եւ օրինակելի են եղել, երբ այս ողջ ընթացքում չի եղել որեւէ կոնֆլիկտ մեր երկրների մեջ: Եվ իհարկե, նա նշեց, որ «Ռուսաստանը այս ամբողջ ընթացքում եղել է հայերի կողքին, արձագանքել է հայերի կարիքներին եւ ցանկություններին», եւ ընդհանրապես, Հայաստանի տնտեսության եւ ենթակառուցվածքների մեջ ոչ ոք այնքան ներդրում չունի, որքան Ռուսաստանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Իսկ ես հիշեցի մի ուրիշ «սեպտեմբերի 3»՝ Բեսլանը:
    Հետաքրքիր է՝ ՌԴ իշխանությունները կամ ՌԴ քաղաքացի Կրիվոպուսկովը, գոնե մասամբ, ընդունու՞մ են Բեսլանի իրադարձությունները որպես ռուսական ավանդական քաղաքականության սխալի հետևանք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031