Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամարձակվի՞ ՀՀ իշխանությունը «ոչ» ասել ՌԴ-ին

Հոկտեմբեր 16,2013 16:03

«Ես շարժվում եմ պաշտոնական հայտարարություններով, իսկ պաշտոնապես ԵՄ-ն եւ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարի ինստիտուտի առաջին դեմքի՝ Քեթրին Էշթոնի մակարդակով ասվում է, որ առանց առեւտրի ազատ գոտու պայմանագրի, ոչ մի բան չի ստորագրվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք հավանական փաստաթղթին:

Բացի այդ, մեր զրուցակիցը նկատում է, որ Եվրոպական ազդեցիկ արտգործնախարարները՝ Շվեդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Սլովակիայի, ասում են՝ կամ Հայաստանը պետք է նախաստորագրի ամբողջ փաթեթը, կամ՝ ոչինչ:

Տեսնո՞ւմ եք հնարավորություններ, որ Հայաստանը վերստին կփոխի իր կողմնորոշումը՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միշտ էլ շանս կա՝ անիվը ետ պտտացնելու եւ այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում բանակցություններ է վարում, դրա ապացույցն է: Պարզ է, ՀՀ վարչապետը Մոսկվայում փորձում էր բացատրել, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ՌԴ-ի կամ Հայաստանի համար ոչ մի վտանգ չի պարունակում: Որքան հասկանում եմ, ՌԴ-ն չի համաձայնվում: Դա այլ հարց է: Բայց, շատ փոքր շանս, որ Հայաստանն այնուամենայնիվ կփոխի իր դիրքորոշումը՝ կա»:

Այդ դեպքում մեր երկիրը չի՞ ընկալվի, որպես ոչ կայուն գործընկեր եւ ի՞նչ վարկանիշ կունենա՝ հարցին էլ մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Հիմա էլ անկայուն պետության կարծիք կա մեր մասին, որը կարող է արագ փոխել իր դիրքորոշումը՝ գործընկերոջը տեղյակ չպահելով: Առանց այդ էլ մեր իմիջը փչացրեցինք: Բայց, այնուամենայնիվ, եթե ետ վերադառնանք, հնարավոր է նաեւ դրական գնահատվի, որ Հայաստանը դուրս եկավ ՌԴ-ի ճնշումից»:

Կգնա՞ ՀՀ իշխանությունը նման շրջադարձային քայլերի, մեր զրուցակիցն ասում է, որ կարծես թե՝ ոչ. «Բայց, մյուս կողմից, Հայաստանի դիրքերը միանգամից շատ թուլացան, անկումն արագ է լինում ու ես չեմ բացառում, որ ՀՀ իշխանությունները 2-3 շաբաթվա ընթացքում ավելի հստակ կկողմնորոշվեն ու նույնիսկ կհամարձակվեն «ոչ» ասել ՌԴ-ին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031