«ՀԱԿ առաջնորդն անուղղակիորեն հայտարարեց, որ ինքը Մաքսային միության կողմնակից է: Ինքը իսկապես խանդով վերաբերվեց Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Սերժի փոխարեն ինքը չէր, որ մտավ այդ դաշտը, որ այդ դաշտի տերը ինքը չի: Քաղաքական կողմնորոշման վերաբերող հարցը ինքը որակեց որպես տնտեսական: Անգամ եթե այդ հարցը տնտեսական է, որպես քաղաքական գործիչ մի՞թե այդքան բթամիտ ես, որ չգիտես, որ Ռուսաստանն իր ամբողջ հզորությամբ ընդամենը Իտալիայի տնտեսություն ունի, էլ չհաշված Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա»,- Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին այսպես քննադատեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշման մեկնաբանության համար:
Ըստ պարոն Հայրիկյանի, «Տնտեսական տեսակետից պիտի շահեկան լինի հզորի հետ համագործակցել, ոչ թե մի կերպ իր գոյությունը պահպանողի: Այնպես որ, նրանք Եվրասիական միության կողմնակից են, եւ նրանք պատրաստ են Եվրասիական միության շվիի տակ պարողների թիմին միանալ»:
Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատական չտվեց Մաքսային միության վերաբերյալ. «Երբ իրեն առիթ էր տրված խոսելու, ինքն ասեց՝ ես չգիտեմ, դա պետք է քննարկեն տնտեսագետները: Սա նշանակում է՝ ինքը «OK» ասեց, ինքն ասեց՝ այո»:
Ո՞րն էր նման հայտարարություն անելու նպատակը՝ ըստ Պարույր Հայրիկյանի, նրանք երբեւէ որեւէ նպատակ չեն ունեցել՝ աթոռից բացի. «Ես 90-ական թվականներից գիտեմ, մարդ, որ նախագահ է դառնում՝ առանց ծրագրերի, մարդը հայտարարեց՝ ես ծրագիր չունեմ, աշխարհը գիտի, էլ էդ մարդու ի՞նչ նպատակի մասին կարող ենք խոսել, նպատակը ուրեմն աթոռն է միայն՝ տիրոջը ծառայելը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ