«Թուրքիան դասվում է բարձր ռիսկային կատեգորիա ունեցող երկրների շարքին, թուրքական ապրանքները Հայաստան են ներմուծվում բացառապես լաբորատոր փորձաքննության հիման վրա`կախված ռիսկի աստիճանից: Բուսական ծագման մթերքը ընկնում է ցածր ռիսկային կատեգորիայի մեջ, սակայն սահմանային հսկողության ժամանակ այսօր մենք ունենք համապատասխան սարքեր փորձաքննությունների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են վերահսկելու թուրքական եւ ադրբեջանական այն սննդամթերքի անվտանգությունը, որոնց ներմուծման արգելքը հանվեց վերջերս գյուղնախարարի որոշմամբ:
Պարոն Բախչագուլյանի խոսքերով` «Հսկողությունն իրականացվում է սահմանային հսկողության ռիսկի վրա հիմնված համակարգով, այսուհետ արգելվում է առանց ուղեկցող փաստաթղթի բեռի ներմուծում Հայաստան: Մինչդեռ նախկինում առանց ուղեկցող փաստաթղթի ներմուծողը բերում էր լաբորատոր փորձաքննության եզրակացության փաստաթղթով, այսինքն ծագման երկրի խնդիր այս որոշումը չի լուծում: Եթե հնարավորություն կա ներմուծել առանց փաստաթղթի, ապա հնարավորություն կա ներմուծել նաեւ Թուրքիայից, եթե փաստաթուղթ չկա: Փաստաթղթային վերահսկողության հիման վրա իրականացվում է այլ վերահսկողության ձեւ»:
Այսօր Հնդկաստանից Հայաստան ներմուծվող եւ իրացվող գոմեշի միսը չի մակնշվում որպես հենց գոմեշի միս, արդյոք դա անհանգստացնող փաստ չէ՞, հետաքրքրվեցին լրագրողները, ինչին ի պատասխան, ծառայության պետը վստահեցրեց, որ գոմեշի միսը ենթարկվում է անվտանգության ստուգումների:
Պարոն Բախչագուլյանն ասաց. «Գոմեշի միսը խոշոր եղջերավոր անասունի միս է, գոմեշի միսը ենթարկվում է անվտանգության ստուգումների եւ հենց այնպես չի ներմուծվում: Ինչ վերաբերում է մակնշման պահանջներին, դեբատները շարունակվում են եւ տնտեսվարողներն էլ պնդում են, որ գոմեշը խոշոր եղջերավոր կենդանի է եւ մակնշման մեջ նշվում է` խոշոր եղջերավոր կենդանու միս»:
Կարդացեք նաև
Հարցին էլ` դա սպառողին չի՞ մոլորեցնում, գուցե անհրաժեշտ է մակնշման պահանջը փոխել, պարոն Բախչագուլյանն ասաց` «Անհրաժեշտություն կա քննարկել եւ դրույթներ ամրագրել ինչ-որ իրավական ակտով, որովհետեւ ծառայությունը դատողությունների հիման վրա չի կարող արգելել կամ թույլատրել այս կամ այն արտադրությունը: Եթե այսօր մակնշած է եւ դա խոշոր եղջերավորի միս է, այլ ոչ թե գրում են, որ դա տավարի միս է, եւ գոմեշի միս է, ապա դա օրենքի խախտում չէ»:
«Իսկ դուք ինքներդ կօգտագործե՞ք այդ միսը»,- հարցին էլ ծառայության պետն ասաց` «այո, գոմեշի միսն անվտանգ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Նա գոմեշի միս չէ, էշի միս էլ կուտի, բայց մի պայմանով, որ իր փափուկ աթոռից իրեն չհանեն…