«Ասոցացման համաձայնագրի ստորագրման խնդիրը քննարկելիս անընդհատ շահարկվում էր Ղարաբաղի անվտանգության հարցը, հարց էր բարձրացվում, թե եթե մենք միանայինք այդ համաձայնագրին և ստորագրեինք Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը, ապա ԼՂՀ-ն տարանջատվելու էր, ունենալու էր առանձին մաքսային սահման, բայց այսօր, երբ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել միանալու Մաքսային միությանը, ցավալիորեն, շատ քչերն են հասարակական-քաղաքական քննարկումների ժամանակ բարձրացնում նույն այդ անվտանգության հարցը»,- «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» և Չեխիայի դեսպանատան կազմակերպած «Արևելյան գործընկերության չորս տարիներ՝ արդյունքներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ, կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հակասահմանադրական քայլ է և այդ քայլով ՀՀ-ն ակնհայտորեն զիջում է իր՝ Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխանությունը ՄՄ-ի վերպետական մարմնին. «Երբ խոսում ենք Ղարաբաղի անվտանգության մասին, արդյոք մեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ մեր ինքնիշխանությունը, արտաքին քաղաքականություն իրացնելու կարևորագույն լիազորությունները զիջելու ենք մի միության, որտեղ որոշիչ է այն երկրի ձայնը, որը զենք է վաճառում մեր հարևան և մեր նկատմամբ ոչ բարիդրացիական տրամադրված Ադրբեջանին, արդյոք հենց այդ ժամանակ մենք վտանգի տակ չենք դնում ԼՂՀ և ընդհանրապես ՀՀ անվտանգությունը: Զարմանալի և միևնույն ժամանակ ցավալի է, որ այս խնդրի քննարկումը բացակայում է հայաստանյան հասարակական-քաղաքական բանավեճերում»:
Անժելա Խաչատրյանը նաև նկատեց, որ այսօր միակ ուրախալի հանգամանքն այն է, որ ՀՀ Սահմանադրության 114-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածները, որտեղ ամրագրված են, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, փոփոխման ենթակա չեն և առաջիկայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների ժամանակ մենք այդ դրույթները ևս չենք կորցնի:
Ինչ վերաբերում է Հայաստանում երիտասարդ սերնդի դիրքորոշմանն այս խնդիրների շուրջ, Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամը նշեց, որ հայ երիտասարդներն այսօր իրենց մոտեցումներով և արժեքային ընկալումներով որևէ առնչություն չունեն Մաքսային միություն կոչված համակարգի հետ, ու նրանց առավել մոտ ու հոգեհարազատ է արևմտյան արժեհամակարգը, որի կրողն է ԵՄ-ն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԻ շատ վիրավորական, ցավալի, բայց և շատ կարճ և դիպուկ մեկնաբանություն կար՝ ՄՄ-ն և ԵՄ-ն
ասոցացնամ պայմանագրի ստորագրման վերաբերյալ,՝ -եթե դու փալաս ես, ապա ի՞նչ տարբերություն, թե՛ ում ոտքի տակ ես: