78-ամյա Հովհաննես Ռուշանյանը պայքարում է, որ հոգեբուժարաններ հասնել չկարողացող մարդիկ հոգեմետ դեղերը ստանան տեղամասային պոլիկլինիկաներից
2-րդ կարգի հաշմանդամ 78-ամյա Հովհաննես Ռուշանյանն արդեն 30 տարուց ավելի է՝ Ավանի հոգեբուժական կլինիկայի հիվանդ է, այստեղից է մշտապես իրեն անհրաժեշտ անվճար դեղորայքն ու բուժօգնությունը ստանում, սակայն վերջերս կանգնել է դժվարության առաջ: Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանից այդ տարիքում եւ հիվանդությամբ Ավան հասնելը եւ իրեն անհրաժեշտ դեղորայքը ստանալը մեծ դժվարություններ է առաջացրել: Նախկինում Հ. Ռուշանյանի տղան էր գնում հոր դեղերը ստանում հոգեբուժարանից, սակայն պարոն Ռուշանյանը գտնում է, որ կան բազմաթիվ միայնակ ծերեր, որոնք տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեն եւ չեն կարողանում հասնել հոգեբուժարաններ: Նա հասկացել է, որ խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել, դիմել է ոլորտի պատասխանատուներին՝ իր պես դժվարություններ ունեցող հազարավոր մարդկանց օգնելու համար: Պարոն Ռուշանյանը լուծման իր տարբերակն է առաջարկում. «Երեւանում կան բազմաթիվ, հազարավոր անձինք, որոնք տառապում են հոգեկան շեղումներով, հիմնականում նրանք դեղորայքը ստանում են Ավան վարչական շրջանում գտնվող դիսպանսեր հիվանդանոցից: Այսինքն՝ մարդիկ ստիպված Դավիթաշենից, Վարդաշենից, Երեւանի այլ ծայրամասերից ծախսում են անտեղի գումար, ժամանակ, որպեսզի կարողանան գնալ, ստանալ այդ դեղորայքը, քանի որ միայն այդ հիվանդանոցն է տալիս դրանք»:
Պարոն Ռուշանյանը գտնում է, որ կարող է լինել այնպիսի կարգավորում, որ դեղորայքը հիվանդները ստանան իրենց տեղամասային պոլիկլինիկաներից: Պարոն Ռուշանյանն ասում է, որ արդեն այս հարցով դիմել է Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավարությանը, նրանք պատճառաբանել են, որ դա հնարավոր չէ՝ պոլիկլինիկաներում համապատասխան մասնագետ-բժիշկների բացակայությունը եւ նաեւ դեղերի անվտանգ պահպանության անհրաժեշտությունը նկատի առնելով:
«Խոսքը այն անձանց մասին է, որոնք արդեն հինգ, տասը եւ ավելի տարի դեղորայքը ստանում են այդ դիսպանսերից, եւ արդեն նրանց կարգը տրված է ցմահ: Ճիշտ է, կան նաեւ հոգեմետ դեղեր, որոնք հնարավոր չէ պոլիկլինիկաներում պահել, բայց կարծում եմ՝
դրանց լուծումն էլ է հեշտ: Այդ հոգեմետ դեղերը պոլիկլինիկաները կարող են անհրաժեշտ բաղադրությամբ վերցնել, որոնք հիվանդները կստանան՝ դիսպանսեր հիվանդանոցից համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց հետո միայն»: Իսկ մասնագետ-բժիշկների մոտ բուժզննում անցնելու մասին պարոն Ռուշանյանն ասում է. «Արդեն 15-20 տարի է՝ մտնում ես դեղ ստանալու, բժիշկը նույն բանը կրկում է. ասում է՝ ո՞նց ես, նոպա եղե՞լ է, թե՞ ոչ, ինքնազգացողությունդ ո՞նց է, դեղորայքը գրում է թղթին ու տալիս, նույն բանը կարող է անել հենց տնային բժիշկը: Եթե արդեն հիվանդը զգա դիսպանսերի կարիքը, քանի որ քարտը հիմնականում մնալու է այնտեղ, կարող է գնալ եւ այնտեղից ստանալ խորհրդատվություն, կամ եթե կա կարիք, պառկել հիվանդանոցում»,- ասում է նա:
Հովհաննես Ռուշանյանը կարծում է՝ այսպես կլուծվեն մի քանի հարցեր՝ ֆինանսական՝ հիվանդները ստիպված գումար չեն ծախսի տեղաշարժվելու համար, կլուծվի նաեւ տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց հարցը: Ըստ նրա՝ Երեւանի տարբեր հատվածներից հատկապես դժվար է մեծահասակներին հասնել Ավան: Հիմա նա իր դեղորայքը «պայքարի գնով» ստանալու է իր բնակության վայրին մոտ պոլիկլինիկայից՝ իր իսկ առաջարկած ձեւով, բայց որոշել է հաստատված կարգի դեմ պայքարել: Կարծում է, որ պետք է խնդրի լուծման համար միջամտեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, հարցը պետք է քննարկվի կառավարությունում. «Պետք է միջնորդեն, որ մարդիկ կարողանան դեղորայքն իրեց բնակավայրերին մոտ պոլիկլինիկաներից ստանալ: Դրա համար պետք է այդ դեղորայքի գումարը փոխանցեն այն պոլիկլինիկաներին, որտեղից կարող ենք ստանալ, որովհետեւ դրանք ահագին թանկ են: Ամենակարեւոր հարցը հենց գումարայինն է, որ պոլիկլինիկաներում չասեն՝ մենք հիմա չենք կարողանում ուրիշ դեղորայք ուրիշ հիվանդներին տալ, որովհետեւ սրանք են ստանում»,- ասում է պարոն Ռուշանյանը եւ ավելացնում. «Մենք պարտավոր ենք օգնել հիվանդ մարդկանց»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ