Հարցազրույց արձանագործ եւ դիզայներ Մարտին Կակոսյանի հետ
Լազարեւի արձանը՝ Հռոմում:
– Արդեն 18 տարի ընտանիքով բնակվում եք ԱՄՆ-ում, սակայն տարվա կեսը, ինչպես հասկացա, Երեւանում եք. շա՞տ եք կարոտում:
– Ժամանակ առ ժամանակ պիտի ուժ առնեմ Հայաստանի արեւից, հողից ու մարդկանցից: Գիտե՞ս, Լեոնարդո դա Վինչին Հայաստանի մասին գրել է` «Ես տեսա ոգեշնչող մի երկիր»: Իսկապես, Հայաստանը ոգեշնչող երկիր է, աստվածային էներգիայի երկիր, բայց ամեն գալիս ավելի շատ տագնապ եմ զգում: Տագնապն օդի մեջ է…Սարսափելի չափերի արտագաղթը, թշվառությունը, արժեքների ու բարքերի անկումը հուսահատեցնում են: Արտագաղթը հետեւանք է երկրում տիրող անառողջ մթնոլորտի: Ինչ որ կա, դա կապիտալիզմ չէ, անգամ վայրի կապիտալիզմ չէ, այլ քրդական աշիրաթություն, չնայած անգամ աշիրաթում ավելի շատ սոցիալական տարրեր ու մարդասիրություն կա: Ելքը համազգային այնպիսի գաղափարն է, անգամ` ռազմակոչը, որի շուրջ կմիավորվեն ազգի առողջ ուժերը: Հրեաները մի խոսք ունեն` «Հաջորդ առավոտ լինենք Երուսաղեմում»: Սփյուռքահայերն էլ այդպես պետք է մտածեն` «Վաղը լինենք Երեւանում»: Կուզեի նաեւ նկատել, որ առնվազն անհասկանալի է մեր եկեղեցու կրավորական պահվածքը մեր խոտոր այս ընթացքի հանդեպ: Չենք ասում` Խրիմյան Հայրիկ լինեն, բայց… Թող ներվի ասել` տարօրինակ բացակայության զգացողություն կա:
-Դառնանք, սակայն, արվեստին: Դուք երջանկություն եք ունեցել` լինելու Երվանդ Քոչարի սանը: Նայելով Հռոմի կենտրոնում Ձեր կերտած Լազարեւի արձանին, կարելի է Ձեզ նախ եւ առաջ արձանագործ համարել: Ինքներդ Ձեզ ավելի արձանագո՞րծ եք զգում, թե՞ դիզայներ:
– Ես դիզայներ-արձանագործ եմ: Լավ է, որ քանդակագործ բառի փոխարեն արձանագործը գործածեցիր. Քոչարը չէր սիրում այդ բառը: Քանդակ բառի մեջ, երեւի, կոպիտ ու վայրի գործողություն էր ենթադրվում: Կյանքում ես երկու ուսուցիչ եմ ունեցել` հայրս, որ գրի ու գրչության մարդ էր` հանրագիտարանային իմացություններով, եւ մաեստրո Քոչարը:
– Դեռ խորհրդային տարիներին եղել եք Երեւանի դիզայնի ինստիտուտի տնօրենը, ապա, վերջին տարիներին ղեկավարել եք Հայաստանի դիզայներների միությունը: Կարծեմ` բոլորովին վերջերս լքեցիք այդ պաշտոնը. ինչո՞ւ:
– Գիտե՞ս, դիզայնը իրականում լիարժեք չմեկնաբանված ոլորտ է: Չափազանց լայն ընդգրկում ունի` գեղագիտականից մինչեւ կիրառական-արտադրական եւ բնապահպանական: Դիզայնի նպատակը, երեւի, օպտիմալ գեղեցկություն ստեղծելն է` չհակադրվելով բնությանը: Ավելորդ եւ սխալ ամեն դետալ դիզայնի դեմ է: Դիզայնն ապահովում է նյութի, գույնի եւ ձեւի ներդաշնակությունը: Կարելի է ասել՝ այն մշակույթի գեղարվեստական համակարգումն է … Ինչո՞ւ լքեցի պաշտոնը: Միությունը ստեղծելիս նկատի ունեի ազգային մի շարք առանձնահատկություններ: Տեսնում էի այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք ներկայանալ ազգային բրենդներով՝ խեցեգործություն, ոսկերչություն, հագուստ, կոշիկ, կահույք եւ այլն: Հաշվի էինք առել մասնագետների առկայությունը, հաշվարկել, որ դրանք ծախսատար չեն, այլ ազգային հմտությունների ու պատմական փորձի վրա են հենված, ինչպես իտալական կամ ճապոնական դիզայնը: Այդ ընթացքում հանդիպել եմ բարձրաստիճան շատերի հետ, փորձել եմ ներկայացնել Հայկական դիզայն-կենտրոնի գաղափարի իրատեսական եւ շահավետ լինելը: Լսել են, կարծես թե` հասկացել ու… լռել: Մինչդեռ ընդամենը պետք էր տարածք հատկացնել: Մեր 400 մասնագետներից շատերն արտագաղթի ճանապարհը բռնեցին, նրանք հաջողության են հասել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում: Հրաժարվեցի պաշտոնից, որովհետեւ այս մթնոլորտում միանգամայն զուր զբաղմունք էր:
– Գուցե դեռ հնարավո՞ր կլինի նորից ներկայացնել դիզայն-կենտրոնի գաղափարի կարեւորությունը:
– Ժամանակին` 1961թ., Գերմանիայի կանցլեր Լ. Էրհարդը Բունդեսթագում խոսեց դիզայնի մասին. «Եթե մենք ժամանակակից արտադրության մեջ չկիրառենք ժամանակակից դիզայնի սկզբունքները, ապա տնտեսական պայքարում մենք կկրենք այնպիսի պարտություն, որ հավասարազոր կլինի երկու աշխարհամարտերում պարտվելուն»: Իմ նպատակը ազգային բրեդների ստեղծումն էր, հայկական ապրանքանին աշխարհով մեկ ճանաչելի դարձնելը, համաշխարհային շուկա դուրս բերելը: Բացի դա, իշխանավորներից հիասթափվելու ուրիշ փորձ էլ ունեմ: 2 տարի առաջ ինձ հրավիրեցին Շանհայ` միջազգային էքսպո ցուցահանդեսում մեր կոնցեպտը նախագծելու: Մտածեցի, որ բրենդային կարող է լինել մեր ակունքային ճարտարապետությունը: Պետք է վճարվեր 2, 5 միլիոն դոլար: Անսպասելիորեն, սակայն, շուտափույթ կազմեցին այլ խումբ՝ Մոսկվայից: Անկենսունակ մի գաղափար ներկայացրեցին, 2 փոքրիկ սկավառակի վրա նկարեցին, ցույց տվեցին, գնացին: Խումբը կազմված է եղել 3 հոգուց, վճարել են 300 հազար դոլար, իսկ մնացյալը` 1,5 միլիոն, չինական կողմի տրամադրածով հանդերձ, անհայտ ուղղությամբ գնաց: Գուցե վարչապետ Տիգրան Սարգսյանը գիտե` ո՞ւր գնացին այդ պատկառելի գումարները: Այդ թեման, ի դեպ, կարիք ունի լրջագույն հետաքննության: Նման պատճառներով է, որ մարել է Հայաստանի նկատմամբ վստահությունը, նաեւ մեր Սփյուռքի կողմից: Պետք է միանշանակ լինի, որ մեծ նախագծերն անհրաժեշտ է հանրային քննարկման դնել: Իսկ մենք ականատես եղանք անգամ ճակատագրական ընտրության միանձնյա որոշման. խոսքս Մաքսային միությանն անդամակցելու մասին է: Ճիշտ է, սխալ է` այլ հարց է, բայց անժխտելի է, որ պետք է քննարկվի հանրային բոլոր հարթակներում: Որովհետեւ իշխանությունները գալիս- գնում են, իսկ ժողովուրդը պատասխան է տալիս նրանց սխալների համար, հատուցում երբեմն խիստ թանկ գնով, երբեմն կանգնում անդառնալի կորուստների փաստի առաջ:
– Մեր զրույցը սկսվեց Երեւանով: Երեւանը Ձեր աչքի առաջ է եղել քանի տասնամյակ, շա՞տ է փոխվել:
– Ցավոք, Երեւանն ամբողջովին կորած է վիզուալ աղբի մեջ: Բայց անգամ այսպես երազում եմ իմ արվեստանոցն ունենալ Երեւանում եւ կերտել մեր նահապետ Հայկին` եռաձի մարտակառքով:
-Ամեն արվեստագետ աշխարհը տեսնելու, տարբեր մշակույթների ու քաղաքակրթության հետ շփվելու ներքին պահանջ ունի: Դուք հարուստ ճանապարհ եք անցել, գտե՞լ եք ձեր հարցերի պատասխանները: Ո՞րն է կյանքի եւ արվեստի իմաստը:
– Իմաստը, երեւի, Աստծո տվածը անխաթար իրագործելն է, Աստծո առաջ կանգնել կարողանալը: Փառք Աստծո, ես երջանիկ մարդ եմ, սակայն անկեղծ` մտածում եմ, որ շատ քիչ եմ արել եւ իր տվածի դիմաց քիչ եմ վերադարձրել… Թումանյանի իմաստուն խոսքն անընդհատ մտքիս է` «Ինչ պատասխան ես պիտի տամ հող ու ծաղիկ տվողին»: Իսկ ամենայնի իմաստ հասկանալը, երեւի, զուր ջանք է. այստեղ ստույգ պատասխաններ չկան, կա միայն ճանապարհը, ընթացքը. երեւի, դա՞ է պատասխանը:
ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ
Լուսանկարում` աջից՝ Մարտին Կակոսյանը Քոչարի, կնոջ՝ Մաքսենա Հարությունյանի եւ որդու՝ Կարենի հետ:
«Առավոտ» օրաթերթ