Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ Պուտինը կասի. «Ղարաբաղի հարցով «տորգը»՝ միայն ինձ հետ»

Հոկտեմբեր 16,2013 14:25

Մոսկվան «լուծեց» Հայաստանի հարցը, «կլուծի» նաեւ Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ծավալուն նամակը արդարացիորեն կրքեր է բորբոքել: Նա հիշեցրել է, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ռուսական կայսրության մաս էր կազմում, ու շեշտել է, որ այդ պայմանագիրը կնքվել էր հավերժական ժամանակների համար. «Իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր»:

Մի քանի օր է արդեն, ինչ քաղաքական, հասարակական որոշ գործիչներ իրենց համաձայնությունն են հայտնում Զ. Բալայանի «նախաձեռնությանը», որոշներն էլ սուր քննադատություն են հնչեցնում այդ նամակի առիթով՝ այն ռուսական ցարին հերթական անգամ քծնելու դրսեւորում որակում եւ գնահատում որպես Ղարաբաղի անկախացման գործընթացը նսեմացնելուն ուղղված քայլ:

Համաձայնեք, որ հնչած քննադատությունների հետ չհամաձայնելը դժվար է: Ավելին՝ այսպիսի խոսք հնչում է մտավորականից, ով պետք է որ ավելի արժեւորեր հայկական կողմին պարտադրված պատերազմում կրած հաղթանակի գինը, Ղարաբաղի ժողովրդի ձգտումը՝ ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին:

Բայց այստեղ խնդիրը Զորի Բալայանի անձը չէ, մանավանդ, որ նրա անձի դեպքում շատերի պնդմամբ՝ ամեն ինչ կանխատեսելի է, նրա դիրքորոշումները հազիվ թե վերջին 20 տարիների ընթացքում փոփոխության ենթարկված լինեին: Զորի Բալայանի նման բազմաթիվ հասարակ քաղաքացիներ էլ են համարում, որ Հայաստանի ու Ղարաբաղի փրկությունը Ռուսաստանն է:

Բայց չլիներ Զորի Բալայանը՝ այդ նամակը կգրվեր մեկ ուրիշ մտավորականի կողմից: Հետեւաբար խնդիրը բոլորովին այլ տեղ է:

Նամակը, բոլորն են գիտակցում, որ հենց այնպես չի հայտնվել մեր իրականությունում: Նույնիսկ կարեւոր էլ չէ՝ Պուտինը կպատասխանի՞ այդ նամակին, թե՞ ոչ: Կարեւորը ընտրված պահն է:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, իրականում մի նոր, խորը գործընթացի սկիզբ է: Ինչպես երեւում է, Ռուսաստանի իշխանությունները դեռ Հայաստանում կամ ավելի ճիշտ՝ Հայաստանով բավական անելիք ունեն: Կրեմլի ծրագրերը կարող են լինել երկարաժամկետ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանին առնչվող լուրջ գործընթացներ, մինչեւ ավելի կարճաժամկետ:

Դատելով պաշտոնական Մոսկվայի կողմից նախկին խորհրդային մյուս երկրների նկատմամբ գործողություններից՝ կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես ասում են՝ գործին «թափով» են կպել: Իսկ Հայաստանն այս առումով, որպես իրականացնող, ամենահարմարն ու պատրաստակամն է:

Այլ կերպ ասած՝ Պուտինը Մաքսայինով «լուծեց» Հայաստանի հարցը, հիմա էլ անցնում է Ղարաբաղի խնդրի «լուծմանը»:

Ղարաբաղյան հակամարտության «լուծում» ասելով՝ բնավ էլ նկատի չունենք Պուտինի հովանու ներքո, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների մասնակցությամբ բանակցային ռաունդների ինտենսիվացումը, ինչպես, օրինակ, ՌԴ նախկին նախագահ Մեդվեդեւի իշխանավարման տարիներին էր:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանի այսօրվա իշխանություններին՝ Պուտինին, անհրաժեշտ են ավելի շատ լծակներ՝ ՌԴ-ի դերն ու ազդեցությունը ցուցադրելու համար: Հարավային Կովկասի խնդիրներից մեկն էլ Ղարաբաղի հարցն է, որը վերջին շրջանում հայտնվել է բավական լուրջ փակուղում:

Եվ ահա, հայ մտավորականների ձեռքով Ղարաբաղը Ռուսաստանին «հանձնելու» աղերսներն ու աղաչանքները՝ նամակ-ակցիաներով, շատ կոնկրետ քարոզչական նշանակություն ունեն եւ գուցե՝ ոչ միայն քարոզչական: Չէ՞ որ դրա միջոցով Պուտինը թե՛ Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ շահագրգիռ երկրներին, թե՛ Ադրբեջանին ու Թուրքիային հարմար պահի կարող է ասել. «Գիտեք, Ղարաբաղի հարցով «տորգը»՝ միայն ինձ հետ»…

Այնպես որ՝ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ, դեռ սկիզբն է, սեպտեմբերի 3-ը դեռ «ծաղիկներն» էին…

Ամեն ինչ դեռ առջեւում է. ռուսական ռուլետկան դեռ երկար է պտտվելու, իսկ ռուսաց կայսրի նամակներին, վստահաբար, դեռ այլ խորը գործընթացներ են հետեւելու։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031