Հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի արտահայտած այն մտքին, որ ՀՀ իշխանությունները անկեղծ շահագրգռվածություն են ունեցել ու կամք են դրսեւորել ԵՄ-ի հետ հարաբերություններում, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն ասաց, որ իր համոզմամբ, Հայաստանի իշխանությունները այդքան համառ էին եվրաինտեգրման գործընթացում՝ ակնկալվող գումարի համար: Կարծիքներ հնչեցին Երեւանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Արեւելյան գործընկերության չորս տարիները` արդյունքներ եւ մարտահրավերներ, Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները» թեմայով քննարկման ժամանակ:
Պարոն Իշխանյանն ասաց, որ ինքը ժողովրդավարական բարեփոխումների իրական հույսեր չի ունեցել այն պարզ պատճառով, որ վերջին տարում Հայաստանում կայացած երեք ընտրություններն էլ անցան, մեղմ ասած, միջազգային չափանիշներին չհամապատասխանող ու այդ ամենը Հայաստանին ներվում էր Եվրոպայի կողմից: Նա չի բացառում, որ վիլնյուսյան գագաթաժողովից հետո ինչ-ինչ արարողակարգային բնույթի բարեփոխումներ իրականացվեին, բայց գլոբալ ժողովրդավարական գործընթացների հավակնել, մեր հասարակությունն, ըստ իրավապաշտպանի, ակնկալել չէր կարող:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն իր խոսքում աբսուրդ էր համարել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն ու այդ ուղղությամբ արդեն արվող ինչ-ինչ քայլերը, քանի որ գործնականում, ըստ նրա, նման միություն գոյություն չունի: Իշխանյանը տարակուսեց՝ «ըստ օրենքի գոյություն չունի, բայց գուցե ունենա», ու ասաց, որ իր համոզմամբ, այժմ Հայաստանը հայտնվել է անցյալ դարի 20-ական թվականների իրավիճակում: Իսկ սեպտեմբերի 3-ն, ըստ բանախոսի, ցույց տվեց Հայաստանում կառավարման մարմինների սնանկությունը, որ չկա դրանց կոլեգիալ տարանջատում, չեն լինում քննարկումներ եւ որ թագավորը մեկ օրում կարող է որոշումներ կայացնել, իսկ սազանդարները, ովքեր երեկ նախորդ որոշումն էին գովերգում, այսօր կգովերգեն այս որոշումը: «Արդյոք Ասոցացման համաձայնագրում պայման էր դրված՝ բարեփոխել Հայաստանի ողջ կառավարման համակարգը:
Այսպիսի կառավարման համակարգով, ես չգիտեմ՝ ի՞նչ պիտի լինի»,- մտավախություն հայտնեց Իշխանյանը՝ իր զարմանքն արտահայտելով ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի հնչեցրած հնարավոր վտանգների մասին. «Հայաստանի իշխանությունն ունի ԱԳՆ, դեսպանատներ, հատուկ ծառայություններ. արդյոք այդ բոլոր վտանգները մինչ այդ չէին հաշվարկել: Եթե՝ ոչ, ուրեմն այստեղ երկիր գոյություն չունի: Եթե չէին հաշվարկել, էդ ո՞նց հանկարծ մի օրվա մեջ պարզ դարձավ այդ բոլոր վտանգները: Եթե գոյություն ունեն, ուրեմն 20 տարիների իշխանությունները չեն կարողացել ՀՀ-ն ապահովագրել դրանցից: Սա խոսում է ՀՀ-ի իշխանության անարդյունավետության մասին»:
Կարդացեք նաև
Իշխանյանը նաեւ քաղաքական ուժերի մեջ ԵՄ-ի ինտեգրման հարցում կոնսենսուս չի տեսել, բայց կոնսենսուս տեսնում է ՄՄ-ին միանալու հայտարարությունից հետո՝ իբր քննադատական թեթեւ էլեմենտներով: Նա քաղաքական դաշտի ողբերգությունն է համարում այն, որ բացի «Ժառանգությունից» եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից, պառլամենտում նախագահ Սարգսյանի հայտարարությանը դեմ արտահայտվողներ չեղան:
«Ես էլ եմ համաձայն, դուռը դեպի Եվրոպա մենք ենք փակել եւ այդ դուռը բացելու համար նոր քաղաքական ուժ է պետք»,- եզրափակեց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ