Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիմքերով են Շուշանիկին տեղեկանքներ տրամադրել

Հոկտեմբեր 16,2013 14:15

«Արդեն վեց տարի է, որ աշխատում եմ Ավանի հոգեբուժարանում՝ որպես բուժքույր եւ այդ ամբողջ ժամանակահատվածում անձնագիր չեմ ունեցել, իսկ արդյունքում ունեցել եմ բազում խնդիրներ: 2009 թվականին դիմել եմ Միգրացիոն պետական ծառայություն, որպեսզի փախստականի վկայականս փոխարինվի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով: ՄՊԾ-ն դադարեցրեց փախստականի կարգավիճակս, եւ ես մնացի առանց անձնագրի»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ անկեղծացավ Շուշանիկը: Ապա շարունակեց. «Ոչ կարողացել եմ դուրս գալ պետությունից, ոչ կարողացել եմ լիարժեք արձակուրդ ունենամ, ոչ էլ կարողացել եմ աշխատավարձս ստանամ քարտի միջոցով ու ամեն անգամ, երբ աշխատավարձ ստանալու ժամանակն էր, ապա ստիպված էի լինում գնալ ու առձեռն ստանալ»: Շուշանիկի փախստականի կարգավիճակը դադարեցվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից: «Հաշվի առնելով, որ Դուք ծնվել եք Հայկական ԽՍՀ-ում եւ Ձեր մշտական բնակության վայրի պետությունը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, գործակալությունն իր 2009 թվականի հունիսի 23-ի թիվ 1/7-815 գրությամբ պատասխանել է, որ Դուք ՀՀ-ում չունեք փախստականի կարգավիճակ»,- Շուշանիկի դիմումին ի պատասխան՝ գրել է  Միգրացիոն պետական ծառայությունը՝ դադարեցնելով Շուշանիկի փախստականի կարգավիճակը: «Առավոտը» տեղեկացավ, որ Շուշանիկի մայրը՝ Թամարան, բժշկի խորհրդով, ծննդաբերության նպատակով գալիս է Հայաստան: Շուշանիկին ծննդաբերելուց հետո վերադառնում է Ադրբեջան եւ այնտեղից Հայաստան բռնագաղթվում 1988 թվականին: Շուշանիկը հաշվառված է եղել որպես փախստական, ունեցել է փախստականի վկայական, իսկ այն, որ ՄՊԾ-ն դադարեցրել է նրա փախստականի կարգավիճակը, Շուշանիկը բողոքարկել էր Հայաստանի վարչական դատարանում, որտեղ էլ դատավորը գործը բավարարել էր մասնակի: Դատարանը ճանաչել էր Շուշանիկին որպես փախստական, սակայն նույնիսկ դրանից հետո Միգրացիոն ծառայությունը չի տրամադրել տեղեկանք, նրա՝ Հայաստանում փախստական լինելու մասին: Շուշանիկը կրկին անգամ բողոքարկել է վարչական դատարանում եւ այս անգամ դատարանին հայցապահանջ է ներկայացրել, որ դատարանը պարտավորեցնի ՄՊԾ-ին՝ իրեն տեղեկանք տրամադրելու հարցում: Նախնական դատական նիստի ժամանակ Աշխեն Եսայանը, ով ներկայացուցիչն է հայցվոր Շուշանիկի, դատարանին ներկայացրեց գործի առարկան, շեշտեց, որ դատարանի կողմից մեկ անգամ ապացուցվել է, որ Շուշանիկը համարվում է փախստական եւ մեջբերում կատարեց այն մասին, որ նրա փախստական լինելու մասին ապացույց ներկայացնելու կարիք չկա: Աշխենը դատարանին տեղեկացրեց, որ ՄՊԾ-ն Շուշանիկին տրամադրել է  անձնագիր, իսկ արդեն քանի տարի է՝ հրաժարվում է նրան տեղեկանք տրամադրելուց: Ուշագրավ է, դատական նիստին ՄՊԾ-ն՝ որպես պատասխանող կողմ, ներկա չէր, սակայն այդ մասին պատշաճ ծանուցել էր դատարանին: Քանի որ դատարանին անհայտ մնացին այն հարցերը, որոնց պատասխանները լսելու անհրաժեշտությունը կար, իսկ դրանցից էր, օրինակ, թե՝ ի՞նչ հիմքերով են Շուշանիկին տեղեկանքներ տրամադրել  եւ  ի՞նչ հիմքերով է նա անձնագիր ստացել ու հիմա էլ չի կարողանում ստանալ, այդ իսկ պատճառով նախագահող դատավոր Թովմասյանը կպարտավորեցնի ՄՊԾ-ին՝  ներկայացնել լրացուցիչ փաստեր:

Շուշանիկի հայցով նախնական դատական նիստը կայացած է, նշանակվել է դատաքննություն, որի օրվա մասին դատարանը կողմերին կտեղեկացնի փոստային ծանուցմամբ, իսկ առայժմ Շուշանիկին տրվել է ժամանակավոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որի վերաբերյալ նա ասաց. «Ի՞նչ է նշանակում այս ամենը: Եթե ես համարվում եմ փախստական, եւ դա արդեն իսկ մեկ անգամ ապացուցվել է  դատարանի կողմից, ապա ինչո՞ւ ինձ տեղեկանք չեն տրամադրում: Ինչպե՞ս են դրանից առաջ տրամադրել, իսկ հիմա հրաժարվում են»:

Այդ հարցերին ՄՊԾ-ն պատասխանում է մեկ նախադասությամբ. «Ծնվել եք Հայկական ԽՍՀ-ում»:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031