Երեկ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Հայաստանի տնտեսագետների միության փոխնախագահ, այժմ ամերիկաբնակ Ռոբերտ Հարությունյանի «Երկնկաթ օբսիդիան» գրքի շնորհանդեսն էր:
«Առավոտի» հետ զրույցում հեղինակն ասաց, որ ինքը երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ եւ ՀՀ տնտեսագիտության պետական պլանավորման համակարգում (Պետպլան), ինչպես նաեւ ՀՀ կրթության նախարարությունում: Միաժամանակ դասավանդել է Պոլիտեխնիկական ինստիտուտում, հեղինակ է ավելի քան 70 գիտական հոդվածների:
«Գրքում ներկայացված են երեք պատմվածքներս, որոնց հերոսների միջոցով պատգամում եմ վերադառնալ մեր պատմական, ազգային արմատներին՝ վերակերտել հայ ընտանիքի ավանդույթները, պահպանել հյուրասիրության, հյուրընկալության, վարվելակերպի, դաստիարակության կանոնները»,- իր «Երկնկաթ օբսիդիանը» այսպես հակիրճ ներկայացրեց հեղինակը: Կարեւորելով մարդասիրության եւ հայրենասիրության գաղափարները՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց, որ վերջիններս հայ մարդուն բնորոշ հատկանիշներ են ու հայի նկարագիրն ամբողջացնելու համար էլ մեծ տեղ է հատկացրել հատկապես կանանց կերպարներին, գտնելով, որ ընտանիքի հիմնաքարը կինն է, ով պետք է պահի եւ պահպանի մեր ազգի հոգեւոր-մշակութային արժեքներն ու ընտանեկան ավանդույթները:
Դիտարկմանը՝ վերջին շրջանում ինչ-ինչ պատճառներով «դրսում» հայտնված նախկին հայաստանցիներն էլ, սփյուռքահայերին միացած, հաճախ խոսում են հայրենիք վերադառնալու մասին, մեր զրուցակիցը իր՝ շուրջ 8 տարի առաջ ԱՄՆ-ում հաստատվելու պատմությունը ներկայացնելով՝ ասաց. «Ժամանակին Հայաստանի տնտեսագետների միության փոխնախագահն էի եւ մեր կազմակերպության նպատակն էր վերակառուցել տնտեսությունն անցումային ժամանակահատվածում: Անցկացնում էինք քննարկումներ, միության անդամները հանդես էին գալիս առաջարկներով, նոր մտահղացումներով: Սակայն այդպես էլ մեր ձայնը չհասավ կառավարություն, ընդամենը մեկ անգամ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը հրավիրեց,
Կարդացեք նաև
այսպես կոչված՝ կլոր սեղան, որը ձեւական բնույթ էր կրում: Եվ դրանից հետո այդպես էլ տնտեսագետների ոչ մի հավաք չհրավիրվեց, ինչը բացասական հետք թողեց ինձ վրա: Զարմանալի է՝ կառավարությունը չբարեհաճեց, փաստորեն, մասնագետներիս հետ խորհրդակցել, այն էլ տնտեսական ու քաղաքական այդ կատակլիզմների շրջանում: Կարծում եք սա առիթ չէ՞ր, որ ես աշխատեի ճի՛շտ երկրում»: Հետո էլ հավաստիացրեց, թե հոգեպես միշտ էլ հայրենիքում է, միայն տարածքային առումով է հեռացել. «Ես եղել եմ ու կամ հայրենիքիս ճակատագրով մտահոգ մտավորական եւ այս գիրքս էլ այդ մտահոգության ծնունդ է»: Ռոբերտ Հարությունյանը, որ Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ չէ, նշեց, թե ծանոթանալով իր պատմվածքներին, միության նախագահ Գեւորգ Քրիստիանյանը խորհուրդ է տվել ժողովածուում ընդգրկված երեք պատմվածքները ընդհանրացնել ու վերաշարադրել իբրեւ «Օբսիդիանա» վեպ, ինչը մոտ ժամանակներս կդրվի ընթերցողի սեղանին: Պարոն Հարությունյանը հայտնեց նաեւ, որ Կալիֆոռնիայում շաբաթը 4 անգամ լույս տեսնող «Նոր Հայաստան» պարբերականը, որը երբեք իր էջերում տեղ չի հատկացնում գրական երկերի, 9 համար շարունակ տպագրել է իր «Օբսիդիան» պատմվածքը:
Ժամանակին հայաստանյան ԶԼՄ-ներում հաճախ մասնագիտական հոդվածներով հանդես եկող տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է տալիս Միջազգային ժուռնալիստների միությանն (Բրյուսել) անդամակցելը եւ չի՞ պատրաստվում դառնալ ՀՀ գրողների միության անդամ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա հնարավորություն է տեղեկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում: Ինչ վերաբերում է ՀՀ գրողների միության անդամ դառնալուն, նման առաջարկ ինձ չի եղել: Մյուս կողմից էլ՝ այն խմորումները, որ տեղի են ունենում հայաստանյան ստեղծագործական միություններում, օրինակ, վերջին ամիսներին՝ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների, անընդունելի են ինձ համար: Կարճ ասած՝ ձգտում չունեմ ոչ մի միության անդամ դառնալու»:
Դիտարկմանը՝ ստեղծագործում եք «դրսում», տպագրվում՝ «ներսում», Ռոբերտ Հարությունյանի պատասխանը հակիրճ էր. «Դա խորհուրդ ունի այն առումով, որ ցանկություն ունեմ այն գումարը, որ պետք է ծախսվեր ԱՄՆ-ում, թող այստեղ, հայրենիքում իմ համերկրացիներն աշխատեն»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ