Լրահոս
Օրվա լրահոսը

15 գերատեսչական թիմեր կվիճարկեն ֆուտբոլի «Վարչապետի գավաթը»

Հոկտեմբեր 16,2013 14:05

Այսօր «Փյունիկ» ՖԱ, Աբովյանի եւ Աշտարակի քաղաքային մարզադաշտերում կտրվի ֆուտբոլի «Վարչապետի գավաթ» հոբելյանական՝ 5-րդ մրցաշարի մեկնարկը:

Մրցաշարը նպատակ ունի՝ ֆուտբոլ մարզաձեւի միջոցով մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը եւ արդար խաղի կանոնները տարածել եւ արմատավորել պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում: Դրա համար շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների եւ երկրորդ դեմքերի մակարդակով ստեղծվել է կազմկոմիտե՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, մրցաշարի հիմնական կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Ստեղծված է նաեւ պատկառելի մրցանակային հիմնադրամ՝ գույքային եւ դրամական: Մրցաշարի անցկացմանը խաղադաշտերի, գույքի եւ մրցավարների տրամադրմամբ աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Այս տարի մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են 15 գերատեսչությունների թիմեր, որոնք նախնական՝ շրջանային, իսկ եզրափակչում՝ օլիմպիական մրցակարգով, կորոշեն հաղթողին եւ մրցանակակիրներին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ 2013» մրցաշարի վիճակահանությունը: Բոլոր թիմերը բաժանվել են երկու զամբյուղների, որոնք գլխավորեցին անցած տարվա խաղարկության եզրափակչի մասնակիցներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թիմերը: Մինչ մյուս թիմերի վիճակահանությանն անցնելը, փոխնախարար Խաչիկ Ասրյանը թիմերի պետերին եւ ներկայացուցիչներին մեկ անգամ եւս ծանոթացրեց մրցաշարի կանոններին, որոնք գործելու են անվերապահորեն՝ կանոնադրության տառին համապատասխան, հիշեցրեց իրենց պարտականությունները եւ իրավունքները եւ տեղեկացրեց, որ արդար մրցակցություն ապահովելու նպատակով որոշվել է նախնական փուլում թիմերը բաժանել երկու խմբի: Դրա իմաստն այն է, որ բացառվի պատահականության գործոնը եւ յուրաքանչյուր թիմ մեկնարկային հնարավոր անհաջողությունից հետո կարողանա ետ բերել կորցրածը, դրսեւորել իր իսկական կարողությունները եւ խմբում զբաղեցնել արժանի տեղը:

Վիճակահանության ավարտին յուրաքանչյուր թիմ իմացավ իր խումբը, մրցակիցներին, խաղերի անցկացման վայրն ու ժամերը:

«Առավոտի» հետ զրույցում Խաչիկ Ասրյանն ասաց, որ եթե նպատակ կա ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքներն ակտիվացնել պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում՝ կառավարությունում, այսօրվանից արդեն աշխատանքներ են ծավալվում եկող տարվանից այս մրցաշարում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանների, քաղաքապետարանների թիմեր ընդգրկելու ուղղությամբ, որպեսզի ծրագիրը դառնա ընդգրկուն եւ ամբողջական:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031