Շվեդիայում կրկին տպագրվում է «Նոր հորիզոն» ամսագիրը, որը տեւական ժամանակ ինչ-ինչ պատճառներով լույս չէր տեսնում: Ամսագրի խմբագրականում խմբագիր Հայկ Հակոբյանը նշել է. «Հուսով ենք, որ «Նոր հորիզոնը» շվեդահայության կյանքում կշարունակի լինել Շվեդիայի հայ համայնքի կյանքի արձանագրողը, ինչպես նաեւ հայ հասարակության հոգեւոր, մշակութային եւ տեղեկատվական հետաքրքրությունները բավարարող աղբյուր: Պարբերականում ներառել ենք տեղեկատվություն՝ հիմնականում Շվեդիայի հայ համայնքից: Ամսագրում տեղ կգտնեն հարցազրույցներ հայտնի շվեդահայերի, ինչպես նաեւ Շվեդիա այցելած մեր հայրենակիցների մասնակցությամբ: Ամսագրի մի հատվածն էլ նվիրված կլինի հոգեւոր կյանքին: Կներկայացվի Շվեդիայում հայ եկեղեցու գործունեությունը, նախատեսված ծրագրերը: Առաջիկայում «Նոր հորիզոնը» կստանձնի նաեւ հայոց պատմությունն ու հնագույն մշակույթը ներկայացնող առաքելություն: Պարբերաբար անդրադարձ կլինի հին հայկական եկեղեցիների պատմությանը, ինչպես նաեւ հայոց պատմության փառավոր էջերին»:
Քանի որ վերջերս լրացավ Շվեդիայում Հայկական Միությունները Համադրող Կենտրոնի 20-ամյակը, «Նոր հորիզոնի» այս համարի մի ստվար հատված նվիրվել է Կենտրոնին, ինչպես նաեւ անդամ կազմակերպություններին: «Առավոտի» հետ զրույցում ամսագրի լրագրողներից Լուսինե Օհանյանը հույս հայտնեց, որ «Նոր հորիզոնում» ընթերցողներից յուրաքանչյուրը իրեն հետաքրքրող նյութ կգտնի: «Նոր հորիզոնի» նորատիպ համարում տեղ են գտել հոդվածներ հետեւյալ վերնագրերով՝ «ՀՀ ԱԺ պատգամավորները Շվեդիայում», «Շվեդահայության ասելիքը Գյուլին», «Սկանդինավցիների հիշատակումները Եղեռնի մասին», «Բողոքի ակցիա թուրքական դեսպանատան առջեւ», «Աջակցություն կրթական ծրագրերին», «Թատերական արվեստի դասընթացներ Ուփսալայում» եւ այլն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ