Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հանդիպեցին կինոն, սպորտն ու փիլիսոփայությունը

Հոկտեմբեր 16,2013 14:01

Կինոպրոդյուսեր, ռեժիսոր, սպորտսմեն, փիլիսոփա, գրող Ալեքս (Ալիկ) Ամիրյանը կարիերան սկսել է Երեւանում՝ նախ սովորելով Վլադիմիր Ենգիբարյանի սպորտի դպրոցում, հետո պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Այնուհետեւ ղեկավարել է թաիլանդական բռնցքամարտի ֆեդերացիան, միջազգային արենայում ինքն ու իր սաներն ունեցել են մեծ հաջողություններ, ոսկե ու արծաթե մեդալներով վերադարձել տուն: Ինքը՝ Ալեքս Ամիրյանը, Մուայ Տայի Եվրոպայի չեմպիոն է, էքստրիմ յոգայի վարպետ, AlexExtreme-ի հիմնադիր:

Բայց նրա երազանքը կինոն, փիլիսոփայությունն ու սպորտը մեկ կետում հանդիպեցնելն էր: Նպատակի իրագործման հետեւից նա հասնում է ԱՄՆ, ուր ապրում ու ստեղծագործում է արդեն տասը տարուց ավելի: Այնտեղ էլ ծնվում են Ալեքսի ֆիլմերը`  «Փոփոխության քամի», «Տուր ինձ ընտանիք», «Ցավի փիլիսոփայությունը», «Լեռների լռությունը»: Թվարկածս ֆիլմերը փաստագրության ժանրի են, որոնք ինքը՝ հեղինակը, անվանում է նախագծեր: Ալեքսի ֆիլմերը ներկայացվել են Նյու Յորքի կինոփառատոնում, «Ոսկե ծիրանում», Սանկտ Պետերբուրգի «Ապրելու ժամանակը» կինոֆորումում եւ այլուր:

Շուտով հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել  Ալեքս Ամիրյանի առաջին գեղարվեստական գործը՝ «Տիկնիկավարը», որը պատմում է ԱՄՆ-ում ապրող տարբեր ազգությունների մասին, թե ինչպես են նրանք ապրում այդ մեծ բազմազգ, բազմամշակույթ ընտանիքում, որը կոչվում է Ամերիկա: «Ինչպես են տարբեր ազգային ավանդույթներով ու արժեքներով սնված մարդիկ կարողանում ոչ միայն ապրել մեկ երկրում, այլեւ հասկանալ միմյանց: Ահա այս փիլիսոփայությունն է ընկած ֆիլմի տողատակում: ԱՄՆ-ի էմիգրանտների մասին պատմող այս միջազգային նախագիծը ինչ-որ տեղ նաեւ իմ պատմությունն է, չէ՞ որ այս ամենի միջով անցել եմ նաեւ ես՝ իմ մաշկի վրա զգալով ադապտացիայի ողջ դժվարությունը, հասկացված լինելու ցանկությունը»,- պարզաբանում է հեղինակը՝ Ալեքս Ամիրյանը: Ֆիլմում խաղացել են հայտնի ռուս, ամերիկացի, հայ դերասաններ՝ Ռուդոլֆ Ղեւոնդյան, Կոնստանտին Բրոմբերգ, Մարվին Մաքմիլան (նաեւ ամերիկյան ֆուտբոլի վարպետ), Վլադիմիր Նիկիտին, Վլադիմիր Եպիսկոպոսյան, Իգոր Գուզուն, Պավել Նովիկով եւ այլք: Նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում եւ Եվրոպայում:

Ամիրյանի առաջին ֆիլմը՝ «Փոփոխության քամին», պատմում է մի երեխայի մասին, ով տառապել է մանկական կաթվածով, սակայն հավատի, ներշնչանքի ուժով ու Ամիրյանի բուժման մեթոդներով պայքարել է հիվանդության հետ ու սկսել քայլել: Ալեքսը բուժումները տեսաձայնագրել է ու աշխատանքային նյութերը միացնելով՝ տեսել անհավատալի արդյունքը: «Ես ցանկացա պարզապես ուրիշ մարդկանց ցույց տալ, որ ամեն ինչ կորած չէ, երբ կա կամք, սեր, պայքարելու ցանկություն»,- նշում է հեղինակը:

«Լեռների լռությունը» փաստագրություն է ստալինյան բռնապետության տարիների մասին, ավելի կոնկրետ, թե ինչպես են 1930-ականներին բալկարներին աքսորել Տաջիկստան: «Ես երախտապարտ եմ, որ ինձ բախտ վիճակվեց մուտք գործել արխիվներ ու հսկայական նյութ ուսումնասիրել, ինչը հետո ֆիլմ դարձավ»,- ընդգծում է հեղինակը:

«Հայկական իրականությունն այնքան իմն է, որքան իմն է իմ հայկական ինքնությունը: Ես կարդում, հետաքրքրվում ու ապրում եմ Հայաստանի իրականությամբ: Հայաստանում մարդու իրավունքների ու արդարադատության խնդիրները շատ են հուզում ինձ: Համացանցում կարդացել եմ Հայաստանում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ճակատագրի մասին, դիտել բոլոր տեսանյութերը: Ընթերցել եմ Մհերի գրքերը: Ինձ հետաքրքրել է նրա կերպարը՝ որպես անհատ, որին չի լքել կամքը պատժի կրման 17 տարիներին: Շատ կուզենայի հաջորդ փաստագրությունս պատմեր հենց նրա մասին: Արդեն բանակցություններ եմ սկսել այդ նախագիծը սկսելու ուղղությամբ»,- եզրափակեց կինոռեժիսոր Ալեքս Ամիրյանը:

ԵՐՎԱՆԴ ՄԵԼՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա says:

    Երանի ֆիլմ նկարի Մհեր Ենոքյնաի մասին։ Բայց էս մեր իշխանությունների քար սրտերին դա մի բան կասի՞։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031