«Անեսթեզիոլոգը պատասխանատու է մարդու կյանքի համար վիրահատության փուլում»,-այսօր «Հենարան» ակումբում Անեսթեզիայի (անզգայնացում) միջազգային օրվա առիթով հրավիրած ասուլիսին ասաց «Շենգավիթ» բուժկենտրոնի ինտենսիվ թերապիայի եւ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Ամրոյանը:
Նրա խոսքերով, աշխարհում առաջին անեսթեզիոլոգը ատամնաբույժ է եղել: Անզգայնացման նյութը, Աշոտ Ամրոյանի ներկայացմամբ, թույներ եւ մարդու օրգանիզմի համար վնասակար նյութեր է պարունակում, սակայն առանց դրա էլ հնարավոր չէ բարդ վիրահատություններ անել:
Այդ թունավոր նյութերով էլ պայմանավորված են հետնարկոզային խնդիրները, որոնք հաճախ առաջանում են մարդկանց մոտ` սրտխառնոց, հիշողության կորուստ, մազաթափություն: Թեեւ բժիշկ Ամրոյանը ասում է, որ գրականության մեջ հետնարկոզային վնասների մասին որեւէ խոսք չկա:
Ըստ նրա, մանկաբարձության մեջ 17 անգամ մահերն ավելի շատ են հանդիպում, քան ողնուղեղային անզգայացման հետեւանքով ծննդաբերության:
Aravot.am-ի հարցին թե երբեմն լսում ենք` այսինչ հիվանդը նարկոզից չարթնացավ, ի՞նչն է պատճառը, «նարկոզը» շատ ե՞ն տալիս նախատեսվածից, պարոն Ամրոյանն ասաց, որ դա «նարկոզի» նյութի ոչ թե ավել-պակասով է պայմանավորված, այլ մարդու առողջությամբ: Ըստ նրա, «նարկոզը» մարդուն հաշվարկով են տալիս` հաշվի առնելով նրա քաշը: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում.
Մեր այն հարցին էլ, թե պատահում է, որ մարդը վիրահատության ժամանակ արթնանում է, այսինքն` բժիշկները ճիշտ հաշվարկած չե՞ն լինում որքան անզգայացում է նրան պետք, Աշոտ Ամրոյանն ասաց. «Երբեմն մարդկային գործոնի պատճառով է, երբեմն էլ ռեֆլեքսները ճիշտ է չեն աշխատում, բայց մեկ էլ տեսար գիտակցությունն արթնանում է, այդ մարդու լյարդն ավելի արագ է աշխատում, ավելի շուտ է չեզոքացնում եւ ավելի շուտ է «օյաղանում»: Շարունակությունը` տեսանյութում
Բժիշկ Ամրոյանը հետնարկոզային շրջանը հեշտ հաղթահարելու համար խորհուրդ է տալիս ավելի շատ հեղուկներ օգտագործել, որպեսզի այդ թույները օրգանիզմից դուրս գան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ