Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորն անկեղծացավ. «Մուտք ենք գործել անորոշություններով լի մի շրջան» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2013 13:35

«Ամբողջ խնդիրն այն է, որ դժվար է հստակ պատկերացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել»,- այսօր «Արեւելյան գործընկերության չորս տարիները` արդյունքներ եւ մարտահրավերներ: Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները» թեմայով քննարկման ժամանակ անկեղծացավ իշխող ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Սամվել Ֆարմանյանը`անդրադառնալով ՀՀ նախագահի`սեպտեմբերի երեքին հնչեցրած հայտարարությունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների հավանական զարգացումներին:

«Կային ակնկալիքներ, կային պայմանավորվածություններ, որ պետք է ունենային իրենց տրամաբանական հանգուցալուծումը. մի բան, որը տեղի չունեցավ: ԵՄ- ի հետ հարաբերությունները մշուշոտ են, բայց համոզված եմ, որ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, ամեն ինչ ավելի պարզ կդառնա: Դա մեծապես նպաստելու է, որպեսզի հստակեցվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը: Հանուն ճշմարտության, պետք է նշել, որ մուտք ենք գործել անորոշություններով լի մի շրջան, բայց ես լավատես եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման առումով եւ կարծում եմ, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կտա»,- ասաց նա՝ հավելելով, որ չենք կարող տեղի ունեցածը կամ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա հեռանկարներն անջատենք ու չդիտենք ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներից:

Այլ մանրամասները`տեսանյութում.

Պատգամավորը մտահոգություններ հայտնեց այն մասին, որ հայաստանցի տնտեսվարող սուբյեկտները տեղեկացված չէին ԵՄ-ի հետ համապատասխան փաստաթղթերի ստորագրումից սպասվելիք առավելություններին: Նույն հարցադրումը, ըստ պատգամավորի, վերաբերում է նաեւ ՄՄ-ին:
Ֆարմանյանը խոսեց ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների մասով հանրային իրազեկվածության պակասի մասին ընդհանրապես`ասելով, որ հետագա հարաբերություններում պետք է սրանից դասեր քաղել: «Արեւելյան գործընկերության ողջ ընթացքում բացարձակ տարբեր էր տոնայնությունը`ԵՄ-ի հին անդամ երկրների եւ Արեւելյան Եվրոպայի անդամ երկրների կողմից հղվող ազդակներից: Ինչքանո՞վ էին Արեւելյան եվրոպական մեր հարգարժան գործընկերների կողմից որոշ դեպքերում շատ սուր հակառուսական հայտարարությունները իրական նպաստ բերում Արեւելյան գործընկերության հետապնդած նպատակներին՝ հաջողության հասնելու համար»,- հայտարարեց Սամվել Ֆարմանյանը`այնուհանդերձ նկատելով, որ ՀՀ իշխանությունները անկեղծ շահագրգռվածություն են ունեցել ու կամք են դրսևորել ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Նա վստահ է, որ Հայաստանը ժողովրդավարական, եվրոպական արժեքներով ուղով զարգացման այլընտրանք չունի:

Ի դեպ, քննարկմանը մասնակցող ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի ուշ ասաց, որ գնահատում է իր գործընկերոջ անկեղծությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031