«Արեւելյան գործընկերության չորս տարիները` արդյունքներ եւ մարտահրավերներ: Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Երեւանում Չեխիայի հանրապետության դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» համատեղ նախաձեռնությամբ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեց վերջին շրջանում խորհրդարանում պտտվող հումորը, որ ժամանակն է, որպեսզի իր ղեկավարած հանձնաժողովը վերանվանվի Եվրասիական հարցերի հանձնաժողով. «Հույս ունեմ, որ սա հումոր էլ կմնա»:
Սեպտեմբերի երեքից հետո հայաստանյան արտաքին քաղաքական դաշտում լուրջ փոփոխությունն, ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, բայց նա էլ համամիտ է չեխ դիվանագետների այն դիտարկումներին, թե այն ինչ բանակցվել է ԵՄ-ի հետ չորս տարի՝ չի կարող հենց այնպես փոշիացվել: Միաժամանակ, ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել, ըստ նրա, ազնիվ քաղաքականություն չէ: «Հայաստանի քաղաքական ուժերի մեջ կար բացառիկ կոնսենսուս Հայաստանի`ԵՄ-ի ինտեգրմանն ուղղված: Ո՞րն է այն կարմիր գիծը, մինչև որտե՞ղ մենք կարող ենք կառուցել մեր հարաբերությունները, որտեղ չի՞ հակասի Մաքսային միությանն անդամակցելուն: Ինձ համար ևս, որպես ՀՀ պատգամավոր, դեռ պարզ չէ, թե որտե՞ղ է այդ կարմիր գիծը»:
Մանրամասները` տեսանյութում
Քննարկման ընթացքում պատգամավորը նաեւ իր մտահոգությունները հայտնեց ոչ միայն Մաքսային միության, այլեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների տեղեկացվածության մասով: «Ինչո՞ւ էին չորս տարի բանակցություններ վարվում, եթե դեռեւս տասը տարի մեր ապրանքները մրցունակ չէին լինելու Եվրամիությունում, ԼՂՀ հարցի շուրջ էլ ոչինչ չի ասվում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները իբրեւ պատգամավոր ինքս էլ չեմ ստանում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ