Լրահոս
Օրվա լրահոսը

Զորի Բալայանը սխալվեց իր կանխատեսումներում. Նրա վրա հարձակվեցին հենց հայրենիքում

Հոկտեմբեր 16,2013 12:54

Զորի Բալայանի ծավալուն բաց նամակը, որ առանձին հրապարակվելու ենթակա գրքույկ է, իր բովանդակությամբ որքան էլ հասցեագրված էր Ռուսաստանի գործող նախագահին, նվիրված էր Գյուլիստանի պայմանագրին, որի կնքման 200 տարին լրացավ օրերս: Ի դեպ, զավեշտական է, բայց մի քանի օր շարունակ այդ «բաց նամակը» ծաղրանքով ծամծմելուց հետո միայն, ոմանք զարմանալի դիտողունակությամբ հանկարծ նկատեցին, ոմանք նույնիսկ հայտնագործություն արածի կեցվածք ընդունելով, ուղեղի հանկարծահաս փայլատակումից շշմած, գրեցին, թե՝ «ահա՜, պարզվում է, պատահական օր չէ Զորի Բալայանը հրապարակել իր բաց նամակը, նա հատուկ այնպես է արել, որ այդ նամակը հենց այս օրը հրապարակվի, որովհետեւ, պարզվո՜ւմ է, այդ օրը Գյուլիստանի պայմանագրի կնքման 200 տարին է լրանում…»: Ինչպիսի՜ խորաթափանցություն ոմանց կողմից:

«Հայոց Աշխարհ»-ը ի դեպ, տպագրելով Զորի Բալայանի բաց նամակը, նախաբանում, անգամ վերնագրում էր նշել այդ հանգամանքը ու նաեւ այն, որ բուն նամակը հենց Գյուլիստանի պայմանագրի կնքման 200 տարին լրանալու կապակցությամբ է գրվել: Հետեւաբար հետին թվով հիմա ինչ-որ գյուտեր ու «հայտնագործություններ» անելն ավելի քան ծիծաղելի է:

Դա ուղղակիորեն վկայում է, որ շատերը ոչ թե զլացել կամ «գլուխ չեն դրել» ընթերցել Զորի Բալայանի՝ «գրքի ձգող» նամակը, որի համար նրան պախարակում են, այլ անգամ այդ նամակի նախաբանը չեն տեսել: Չէ, հասկանալի է, որ թույնն ու ատելությունը կարող են կուրացնել թունոտներին ու ատողներին, բայց ա՞յդ աստիճան:

Ընդհանրապես այս օրերին թերթերում, կայքերում, սոցցանցերում Զորի Բալայանին «վրա տվողներին» կարելի է մի քանի պայմանական խմբի բաժանել: Առաջին ու ամենից աղմկարար, վիրավորական պիտակներ ու անհեթեթ մեղադրանքներ շռայլող խմբում հիմնականում նրանք են, ովքեր ընդամենը տեսել կամ ուղղակի լսել են, որ Զորի Բալայանը բաց նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Ու վերջ, ոչ կարդացել են այդ նամակը, ոչ էլ, ի դեպ, կարդալու են: Ոչ էլ դա իրենց պետք է ինքնադրսեւորվելու համար: Իրենք իրենց «շուխուռը» պիտի անեն:

Ի դեպ, այս տեսանկյունից միանգամայն ուշագրավ, եթե չասենք՝ բնութագրական է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի արձագանքը: Պատգամավորը tert.am-ին ասել է. «Չեմ կարդացել, քանի որ մազոխիստ չեմ, չեմ էլ պատրաստվում կարդալ, սակայն դատելով արձագանքներից, կարող եմ ասել, որ հերթական անգամ գործ ունենք «մտավորական» երեւույթի դեգրադացիայի հետ»:

Այո՜, եթե խորհրդարանական երկրորդ խոշոր խմբակցության ղեկավարներից մեկն է իրեն նման մոտեցում թույլ տալիս, ապա էլ ի՞նչ ակնկալես շարքային ու մանր-կենցաղային «մուտիլովշիկներից»: Մարդն ա րձագանքներից է դատում: Արդյոք քաղաքական հայտարարություններ անելի՞ս էլ է նույն մոտեցումը գործածվում, եւ արդյոք միայն Ն.Զոհրաբյանի՞ կողմից:

Հարձակվողների մյուս խմբում նրանք են, ովքեր, այնուամենայնիվ, կարդացել են խնդրո առարկա նամակը, բայց կամ չեն ըմբռնել, կամ զուտ հուզական-զգացմունքային հանգամանքները (չարություն, չկամություն, հեգնանք եւ այլն) խանգարել են ընկալել բուն շեշտադրումը:

Հիմնականներից մեկը, իհարկե, նամակը կարդացած, այն մաս առ մաս եւ խոշորացույցով զննած ու ըստ հայեցողության այն իրենց քաղաքական ու քարոզչական նպատակներին «հարմարեցրած» տարաբնույթ գործիչների խումբն է: Հետաքրքիր է, օրինակ, որ այս խմբի ներկայացուցիչներն արագորեն շրջանառության մեջ դրեցին «թեզ» կամ ավելի ճիշտ՝ հորինվածք, որ «Զորի Բալայանն առաջարկում է (կամ ցանկանում է) Արցախը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ»:

Թե որտե՞ղ էր Զորի Բալայանը նման միտք արտահայտել այդ նամակում, դժվար է ասել: Փոխարենը, նրա մտքերը նման թեթեւակի «խմբագրման» ենթարկելուց հետո արդեն ճանապարհ բացվեց «թեթեւ հեծելակի», այսինքն՝ նրանց համար, ովքեր պիտի դաշտը ողողեին «դավաճան» եւ նման պիտակներով:

Ամեն մեկն ընկալում է իր «փչացածության» չափով: Նման կեսկատակ արտահայտություն կա: Տարբեր երկրների ղեկավարներին «բաց նամակներ» գրելու առանձնապես կողմնակից չլինելով հանդերձ, այնտեղ ընդամենը պատմական կարեւոր էքսկուրս տեսա եւ հետեւողական հորդոր Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարին, որ հանկարծ ու հանկարծ Արցախի հիմնախնդիրը չլուծվի հօգուտ թուրքերի, քանզի դա ուղղակիորեն կգործի առաջին հերթին հենց Ռուսաստանի դեմ:

Տեսա կրկնվող հորդոր, որ շարադրված հայտնի ու պարզ ճշմարտությունները հնարավորինս հասու դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի «գծով» Ռուսաստանի ղեկավարի գործընկերներին՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ ղեկավարներին: Տեսա պարզ շեշտադրում, որ մենք մեր իսկ հողերի հաշվին փոխզիջում չունենք անելու:

Եվ հասկանալի է՝ նամակի մյուս էական շեշտադրումը Ռուսաստանի ղեկավարին Արցախ հրավիրելն էր, որ գնա, ինչպես ասվում է՝ իր աչքով տեսնի:

Բայց նամակի բովանդակությունը թողնենք շուռտվիկ մեկնաբանությունների սիրահարներին: Ի վերջո, գրված է, հրապարակային է, ամեն մեկը կարող է կարդալ եւ ինքնուրույն հետեւություններ անել:

Մյուս կողմից, ի՛նչն է ուղղակի ապշեցուցիչ: Այն, ինչ որպես գրող, գործիչ, որպես քաղաքացի, իր խոսքի, իր գրչի ուժով, իր անձնական ու մասնագիտական կապերի շնորհիվ արել է Զորի Բալայանը բնօրրան Արցախի ու Հայաստանի համար, եւ արել է պատերազմական ամենից ծանր ժամանակներում, ուղղակի անհնար է ուրանալ:

Եվ անհնար է չվրդովվել, որ այսօր Զորի Բալայանի վրա ցեխ են նետում մի կողմից այդ ամենին, անգամ՝ պատմությանն անտեղյակ ու «սոցցանցերում» վիրտուալորեն կայացած քաջ տղաներ եւ աղջիկներ, մյուս կողմից այնպիսի անձինք, որ Աստված գիտի, թե ուր էին պատերազմի ժամանակ կամ իրենք կոնկրետ քանի փուշ են հանել անգամ ոչ թե երկրի, այլ մեկ ուրիշ մարդու մատից:

Ցավալի է, իհարկե, տեսնել, որ Զորի Բալայանի նման՝ հայրենիքին նվիրված մարդուն նույն այդ հայրենիքում կարող են այդպես պախարակել: Ցավալի է տեսնել, որ կարծիք հայտնելու համար մարդու վրա հարձակվել ու ամենաիսկական «տրավլյա» են իրականացնում նրանք, ովքեր առիթ-անառիթ ճամարտակում են «խոսքի ազատությունից»: Կարելի է կարծել, որ սրանց ընկալմամբ, մնացյալը խոսելու իրավունք չունեն:

Տ. ՄԻԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Զորի Բալայանը երբեք չի սխալվում: Նա ամեն ինչ անում է կոնկրետ նպատակով:

  2. Spartak says:

    Բա որ Սերգեյ Դանիելյանի նման չկայացած դերասանին են միկրոֆոն տրամադրում ու համացանց գցում նրա ծամածռությաունները:Չի~ կարելի նման լուրջ թեման այդքան ձանձղել:

  3. Hajk says:

    ՈՒր են Զորի Բալայանի մտահոգություն և անհանգստություն արտահայտող խոսքը հոկտեմբերի 27-ի,մարտի 1-ի և հազարավոր այլ հայատյաց գործողությունների վերաբերյալ, որոնք կատարվեցին և կատարվում են հենց Հայաստանում: Այժմ արդեն վստահ եմ , որ ոչ իրեն և ոչ էլ իր տերերին ձեռք չի տվել գրենլ դրանց մասին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031