Լրահոս
Օրվա լրահոսը

Պետեր Մարեշ. «ԵԽ-ն գրեթե մշտապես քննարկում է հայկական հարցը»

Հոկտեմբեր 16,2013 11:58

«Գնդակը մեր դաշտում է եւ մենք դեռ չենք որոշել ինչպե՞ս ետ հրել այն»,-այսօր հայտարարեց Արեւելյան Գործընկերության հարցերով Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետեր Մարեշը`«Արեւելյան գործընկերության չորս տարիները` արդյունքներ եւ մարտահրավերներ: Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները» թեմայով քննարկման ժամանակ:

Քննարկումը կազմակերպվել էր Երեւանում Չեխիայի հանրապետության դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» համատեղ նախաձեռնությամբ, դեռ ամիսներ առաջ, երբ չկար ՀՀ նախագահի հայտարարությունը`Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:

Չեխ պաշտոնյան իր խոսքում նկատեց, որ ինքը պատրաստվելով այս համաժողովին, մասնավորաբար, նախատեսել էր խոսել այն մասին, թե ի՞նչ ֆոնի վրա հայերին հաջողվեց այդքան արագ զարգացման հուն դնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, խոսել Հայաստանի ձեռքբերումներից ու առավելություններից: Բայց, իրավիճակ է փոխվել, ու բանախոսի համոզմամբ, չենք կարող «ձեւ անել, թե ոչինչ չի եղել»: «ԵՄ-ում այսօր բոլորս փորձում ենք վերլուծել իրավիճակը: Ժողովներ են լինում ամեն օր: ԵԽ-ն գրեթե մշտապես քննարկում է հայկական հարցը, խնդիրը: Վերջնական որոշման չենք եկել: Սա գործերի նորմալ ընթացքը չէ, չենք կարող ձեւացնել`թե ոչինչ չի եղել: Բայց Բրյուսելում տրամադրությունները բարյացակամ են: Մենք լավ էլ հասկանում ենք իրավիճակը, որում դուք հայտնվել եք եւ ցանկանում ենք հայերին պահել մեր կողքին: Բայց դա այլեւս չենք կարող անել այնպես, ինչպես նախկին վիճակում էր ենթադրվում»,- ասաց Պետեր Մարեշը:

Նա անդրադարձավ նաեւ վերջին շրջանում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող որոշ հայտարարությունների, որոնք, ըստ էության, մարտահրավեր են ԵՄ-ին. «Բավականին հետաքրքիր հայտարարություններ են հնչում Ձեր հարեւան պետություններից: ԵՄ-ն չի ցատկելու զրոյական վերջնական արդյունքով խաղերի մեջ: Դրանք մնացել են միջազգային հարաբերությունների պատմության գրկում: ԵՄ-ն պատրաստ չէ այդ կերպ աշխարհաքաղաքական խաղերի: Չխաղանք աշխարհաքաղաքական խաղեր, դա կարեւոր է ոչ միայն Բրյուսելի, այլեւ Հայաստանի համար: Հաջողություն եմ մաղթում Հայաստանին`ճիշտ պատասխանների եւ վերլուծությունների փնտրտուքում»:

Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան էլ ասաց, որ հիմնականում համակարծիք է գործընկերոջ հետ:

Նա քննարկմանը ներկա խորհրդարանականներին նաեւ կոչ արեց աշխատանք տանել ազատ տեղաշարժի հնարավորություններին վերաբերող համաձայնագիրը խորհրդարանում արագ վավերացնելու ուղղությամբ, որպեսզի Վիլնյուսից առաջ ինչ-որ բան ունենանք:

Տրայան Հրիսթեան ևս հստակ ընդգծեց, որ սեպտեմբերի երեքի որոշմամբ պայմանավորված՝ Վիլնյուսում հնարավոր չի լինելու ստորագրել այն փաստաթղթերը, որոնք նախատեսված էին: «ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի առաջարկներին: Չորս տարվա համաձայնությունները, այո, չեն կարող հերքվել»,- ասաց նա`հավելելով, որ ԵՄ-ն արժեքների վրա է հիմնված համակարգ է ու տարբերակման սկզբունքը եւ ավելին`ավելիի դիմաց սկզբունքը այս քննարկումներում կարեւոր դեր են խաղալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031