Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում

Հոկտեմբեր 16,2013 11:42

_(1)Հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում աշխատանքը շարունակեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարը, որին մասնակցում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրոպայի հայ համայնքի, ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր:

Համագումարում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով ներկաներին` նա ասաց.

«Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն պատգամավորներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թույլ տվեք ջերմորեն ողջունել այս կարևոր միջոցառման բոլոր մասնակիցներին՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին, Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև գիտնականներին, փորձագետներին և հյուրերին: Ձեր մասնակցությունը հատուկ կարևորություն է տալիս այս միջոցառմանը: Շնորհակալության հատուկ խոսքեր եմ հղում Եվրոպայի հայկական ֆեդերացիային՝ սույն համագումարը կազմակերպելու համար:

Այստեղ՝ Եվրոպական խորհրդարանի շենքում, ուր տարբեր երկրներից և կուսակցություններից ընտրված պատգամավորների միջոցով ներկայացված են նաև Եվրոպայում բնակվող իմ հայրենակիցները, ես ուզում եմ մեկ անգամ ևս հաստատել, որ Հայաստանի քաղաքական զարգացման ճանապարհին եվրոպական ուղղությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:

Տարիներ առաջ Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվեց Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով: Այն կատարեց զգալի աշխատանք Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ: Կցանկանայի վերահաստատել, որ այն ոչ միայն շարունակելու է այդ աշխատանքները, այլև ստանձնելու է ավելի լուրջ պարտականություններ, ծավալելու է ավելի մեծ և պատասխանատու գործունեություն: Հայաստանի համար ներկա պայմաններում առավել մեծ նշանակություն են ստանում եվրոպական ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին համահունչ բարեփոխումների շարունակականության ապահովումը: Ցանկանում եմ նաև վստահեցնել ձեզ, որ Հայաստանի խորհրդարանը չի հրաժարվի այդ բարեփոխումների իրականացման առաջատարը լինելու պատասխանատվությունից:

Ձեզ անշուշտ հայտնի է, որ արդեն քառորդ դար հայ ժողովուրդն իր հայրենիքում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում, ապրում է տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ շրջափակման պայմաններում: Ագրեսիվ պահվածք դրսևորող Ադրբեջանի և վերջինիս կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը և մշտական ռազմական սպառնալիքը, ինչպես նաև Թուրքիայի կողմից բնականոն հարաբերություններ հաստատելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժխտողական քաղաքականությունը շատ զգայուն են դարձնում Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ, ինչը բնականաբար արտահայտվում է մեր արտաքին քաղաքականության մեջ՝ առաջին պլան մղելով ռազմական, տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները:

Հայոց ցեղասպանության և Հայաստանի առաջին Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանք են մեր ժողովրդի ոչ միայն հսկայական մարդկային, տարածքային, նյութական և մշակութային կորուստները, այլև մեր երկրի այսօրվա անբարենպաստ աշխարհագրական դիրքը և տնտեսական զարգացման հնարավորությունների սահմանափակ լինելը:

Դառը պատմական հիշողությունները հաղթահարելով՝ Հայաստանը փորձ կատարեց առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ հաստատել իր հարևան Թուրքիայի հետ: Հայասատանի ղեկավարությունը գնաց այդ քայլին՝ ենթարկվելով սուր քննադատությունների թե՛ երկրի ներսում և թե՛ սփյուռքում: Գնաց՝ հույս ունենալով, որ այդ քաղաքականությունը խրախուսող մեր եվրոպական և ամերիկյան գործընկերներն ի զորու կլինեն ապահովելու կառուցողական դիրքորոշում նաև Թուրքիայի կողմից: Դա, սակայն, տեղի չունեցավ և Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չարձանագրվեց: Որպես հետևանք՝ Հայաստանը զրկվեց Եվրոպայի հետ նոր անմիջական կամուրջներ կառուցելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ Թուրքիայի նման անզիջողական դիրքը պայմանավորված է Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումներով ու շանտաժով:

Ադրբեջանական վերնախավի նավթային եկամուտների վրա հիմնված ագրեսիվ ամբիցիաները դարձել են ողջ տարածաշրջանի անկաշկանդ զարգացման լուրջ խոչընդոտ, մի հանգամանք, որը ոչ միայն խաթարում է ժողովուրդների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված առևտրատնտեսական համագործակցությունը, այլև լարվածության մեջ պահում ողջ տարածաշրջանը:

Սակայն, ո՛չ ադրբեջանական իշխանությունների սպառնալիքները, ո՛չ էլ նրանց կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը չեն կարող կասեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշեղ առաջընթացը և նրա միջազգային ճանաչմանն ուղղված ողջ հայության կողմից իրականացվող ջանքերը:

Ամեն տարի ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, արտասահմանյան պատվիրակություններ և զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից այցելում են Արցախ, տեղում ծանոթանում երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Ծանոթանում են ժողովրդի հետ, որի անկախացումը Ադրբեջանից 1991 թվականին տեղի է ունեցել գործող սահմանադրության, միջազգային օրենքների և սկզբունքների բծախնդիր պահպանմամբ, ժողովուրդ, որը, դիմագրավելով Ադրբեջանի ռազմական լայնածավալ ագրեսիան, այսօր կառուցել է ժողովրդավարական պետություն, որը վերջապես նվաճել է իրավունք՝ ինքնուրույն ներկայանալու միջազգային բեմում՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության պահպանման կարևոր սուբյեկտ:

Վստահ եմ, որ այս համաժողովն էլ իր դերը կունենա համաշխարհային հասարակական կարծիքի ձևավորման գործում և կմոտեցնի Արցախի միջազգային ճանաչման և տևական խաղաղության հաստատման օրը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին՝ ուղղված պատմական արդարության վերականգմանը, հարատև խաղաղության հաստատմանը, և տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը»:

Համագումարի ընթացքում ելույթ ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության նախագահ Ջոզեֆ Դոուլը, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հելենի Թեոխարուսը, Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի հանձնախմբերի համակարգող Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ուրիշներ:

Նույն օրը Եվրախորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոտասիևիչի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք կարեւորվեց տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, եւ մեր երկիրը նպատակադրված է շարունակելու փոխգործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում: ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, իսկ Արևելյան գործընկերության շրջանակներում եվրոպական մերձեցումը՝ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանում շարունակվելու է ժողովրդավարական բարեփոխումների խորացման գործընթացը: «Մենք պատրաստակամ ենք էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով և հնարավոր բոլոր ձևաչափերով»,-նշեց ԱԺ նախագահը: Այս համատեքստում կարեւորվեց խորհրդարանական փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: Պարոն Աբրահամյանը Եվրախորհրդարանի փոխնախագահին հրավիրեց Հայաստան:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ հրավերի համար` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչը կարեւորեց Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը չի խոչընդոտի Հայաստան -Եվրամիություն հետագա համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031