Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հիշեցնում է, որ Զորի Բալայանի «նամակներ գրելու» ոճը նոր բան չէ. «Զորի Բալայանի՝ նամակ գրելու այդ ոճը, թույլ տվեք երեւույթներն իրենց անունով կոչեմ՝ ռուսներին քծնելու այդ ոճը, նորություն չի: Դեռեւս մինչեւ շարժումը գրված նրա «Օջախ» վեպը եւ այլն, ամբողջովին քծնանք էր ռուսներին: Նման միտում կար հայ մտավորականության մեջ՝ ռուսներին քծնելու, թե՝ գիտեք, մենք՝ հայերս, գուցե խեղճուկրակ ենք, բայց մենք լավ ժողովուրդ ենք, մենք ձեզ նվիրված ենք, մեզ փրկեք, մեզ օգնեք..
Այդ միտումը զգացվում էր նաեւ այն ժամանակվա ֆիլմերում՝ «Հարսնացուն հյուսիսից», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Մխիթար Սպարապետը»՝ խեղաթյուրված պատմությամբ… Հայ մտավորականության այն տեսակն էր, որը հայ ժողովրդին դարձրել էր հնազանդ, ստրուկ, համոզել էր, որ՝ հայ ժողովուրդ, դու չես կարող ինքնուրույն ապրել,դու ողորմելի ես…
Զորի Բալայանի այդ նամակը այդ ողորմելիության շարքից է, որ հերթական անգամ նպատակ ուներ հայ ժողովրդին ասելու, որ՝ դու ողորմելի ես, դու կախված ես նրանցից, եւ հերթական անգամ արհամարհական վերաբերմունքի արժանանալու ռուս ցարերի կողմից, եթե այդ նամակը կարդան: Համենայն դեպս, ցանկացած մարդ՝ վրացի, ադրբեջանցի, ռուս թե հայ, այդ նամակը կարդալուց կմտածի՝ ի՜նչ ողորմելի ազգ է:
Ես հիշում եմ Տերյանի խոսքերը՝ դու հպարտ չես, իմ հայրենիք: Մենք հպարտություն եւ արժանապատվություն չունենք: Հարցը չի վերաբերվում նրան, որ շատերը դեմ են այդ նամակին: Միայն այն փաստը, որ նման նամակ գրելը հնարավոր էր՝ դա նշանակում է արժանապատվության պակաս: Եվ ես անհարմար եմ զգում դրա համար»:
Կարդացեք նաև
Պարոն Իշխանյանը, սակայն, կարծում է, որ տվյալ պարագայում հարցը միայն Զորի Բալայանի «ոճը» չէ. «Մի կարեւոր խնդիր կա. Արդյոք դա պատահակա՞ն էր: Ես մի քիչ կասկածում եմ, թեեւ դա նրա ոճի մեջ էր: Եթե հաշվի առնենք մի քանի հանգամանքներ, թե ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից անմիջապես հետո, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հետ պայմանագիրը միանգամից 45 տարով սարքեց, այսինքն, եթե արվել է մի քայլ, որը, պայմանական ասած, ռուսական շահերին չի համընկնում, ապա դրան անմիջապես հաջորդում է ռուսներին ահավոր հաճոյանալը: Արդյոք սա այդ շղթայի շարունակությո՞ւնը չէ, Ասոցացման պայմանագրից հրաժարվելուց հետո ռուսներին մեկ անգամ եւս ավելի հաճոյանալու, մեր չակերտավոր «նվիրվածությունը» ցույց տալու շարքից չէ՞ր, եւ արդյոք սա հանձնարարական չէր իշխանությունների կողմից՝ հայ ժողովրդի հավատարմությունը ցույց տալու Զորի Բալայանի միջոցով, որովհետեւ Զորին Ռուսաստանում ճանաչված դեմք է: Ես չեմ կասկածում, որ սա ՀՀ իշխանությունների պատվերն է: Եվ այստեղ ես կուզենայի հիշել Ժվանեցկու խոսքերը՝ Трудно ползать с высоко поднятой головой»:
Մեր հարցին՝ արդյոք խնդիրը միայն հաճոյանալո՞ւ մեջ է, գուցե այս ամենի տակ ավելի՞ լուրջ բան կա, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Գուցե: Ես չեմ ուզում այդքան չարագուշակ բաներ մտածել, գուցե այս ամեն ինչի արդյունքում Հայաստանն իսկապես լուրջ մարտահրավերների առաջ է, որոնք չկարողանալով լուծել, իշխանությունները դիմում են այսպիսի ողորմելի քայլի: Բայց եթե իսկապես այդպիսի մարտահրավերներ կան, եւ եթե նույնիսկ դրանք առաջացել են իշխանությունների պատճառով, նրանք պետք է կամք ունենան, տղամարդկություն ունենան, եւ դիմեն ժողովրդին, բացատրեն, թե ինչ վտանգների առաջ է կանգնած մեր երկիրը, եւ ես համոզված եմ, որ հասարակության մեծ մասը մի կողմ կդնի տարաձայնությունները ու կմիավորվի Հայաստանը փրկելու համար: Ես իսկապես այդպես եմ կարծում: Բայց ոչ թե այսպիսի ողորմելի քայլի դիմեն, որը բացի արհամարհանքից, որեւէ դրական արդյունք չի տա»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շատ դիպուկ վերլուծություն էր, իսկ Ժվանեցկու վերը նշված խոսքերը հրաշալի են, դրանք լավ դեղատոմս կարող են լինել բոլոր խոնարհապաշտների համար` վնասվածքների կանխարգելման նպատակով:
Կարծում եմ, որ նամակը պետք է քննարկել, ելնելով կոնկրետ մարդկանց շահերը հաշվի առնելով, օրինակ՝ ժողովրդի կողմից չնտրված երկրորդ և երրորդ նախագահների, ովքեր այդքան ստոր արարքներից հետո, արդյո՞ք կմտածեն, ազգի, երկրի, ժողովրդի ճակատագրի համար, թե՞ նրանց
նպատակն է՝ թալանածը պահել ապահով տեղում: Իսկ ավելի ապահով, քան նամակի բովանդակությունն է թելադրում, դժվար թե՛ այլ տարբերակ լինի: Իսկ բարոյականության մասին
խոսելը նրանց համար,՝ ուղղակի ծիծաղելի է:
Maxim, Դուք կարծում ե՞ք, որ նամակը քննադատողները գոնե կարդացել են այն: Մեծամասնությունը առանց նամակի հետ ծանոթանալու մեկնաբանություններ են անում:
Զարմանալին այն է, որ ռուսամետություն քննադատողները հիմնավորում են իրենց դիրքը նրանով, որ նրանք կողմնակից են իրական անկախությանը, ազգային արժանապատվությունը պահպանելուն, չհպատակվելով ռուսներին և նման սկզբունքներով: Դա, իհարկե, գովելի է: Բայց երբ այդ նույն անձինք ոգևորված քարոզում են ստրկանալ արևմտյան ֆինանսական օլիգարխիային, դառնալ Եվրոմիության ստրուկը, ակամա միտք է առաջանում. արդյո՞ք այդ անձինք անկեղծ են: Անկախության գաղափարը օգտագործվում է նրանց կողմից մի նպատակով՝ մանիպուլյացիայի ենթարկել ազգային ինքնասիրության զգացողությունը և թմրացնել ինքնապահպանման զգացողությունը: Զորի Բալայանի նամակի քննադատությունը իրականում ռուսամետության քննադատությունն է: Իսկ ռուսամետության քննադատողների հիմնական նպատակն է արևմտամետության սերմացումը մեր ազգի մեջ: Շրջափակված, սննկացած Հայաստանը կանգնած է ընտրության առջև: Եվ տրամաբանական ընտրությունը՝ չարիքներից փոքրագույնն է, որը հանդիսանում է Ռուսաստանը: Անտեսել այսքանը նշանակում է լինել կամ կույր, կամ հետապնդել անձնական, կորպորատիվ հակաազգային շահեր:
Ամեն ինչ ճիշտ է….հիմա ճիշտ կլինի որ Ավետիք Իշխանյանների նման հատուկենտ մնացած մտավորականները իրենց ձեռքը վերցնեն ու կազմակերպեն շարժում ընդդեմ ստրկամտության ու ռուսավոռալիզության…