Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործի շրջանակներում լսեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պատասխանատու
Ռուբեն Մնացականյանին: Հիշեցնենք, որ նա Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է եւ այս գործով միակ կալանավորվածը, ով մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, որի հետևանքով, ըստ քրեական գործի, պետության օրինական շահերին հասցրել է 87.222.364 դրամի էական գույքային վնաս: Նրանից բացի մեղադրվում են նաև սոցապի մի քանի այլ պաշտոնյաներ ու աշխատակիցներ` Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է: Նախկին գործընկերները դատվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու՝ ընդհանուր առմամբ 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ: Ռուբեն Մնացականյանը սկզբում հրաժարվեց ցուցմունք տալուց` խնդրելով այս գործը նորից ուղարկել նախաքննության, որովհետև այն կատարվել է ոչ օբյեկտիվ ու խորությամբ, և որ ինքը պաշտոնատար անձ չի եղել:
«Խնդրում եմ պետական մեղադրողին գործը հետ տալ քննության, խորը քննություն թող անցկացվի. ես 3 ամիս մասնակցեցի դատին, բայց իմ համար շատ հարցեր անհասկանալի մնացին, գլուխ չհանեցի հատկապես Արթուր Աբրահամյանի ցուցմունքից: Նրանք 73 միլիոն դրամ հափշտակել են , ես էլ իբրև պաշտոնատար անձ չեմ կանխել: Ես պաշտոնատար անձ չեմ, ես նաև քաղծառայող չեմ: Ոչ Կիմա Փիլոյանը, ոչ էլ Անյա Խաչատրյանը Արթուրի հետ համաձայնության չեն եկել, նրանք այդ մեխանիզմին չեն տիրապետել: Այդ մեխանիզմին, ինչպես լսեցինք դատարանում` Արթուրի ցուցմունքներում, իրենք վաղուց են տիրապետել: Ես նորից եմ կրկնում, պաշտոնատար անձ չեմ, նյութական պատասխանատվությունը կրող անձն էի, և աշխատակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավունք չունեի», -ասաց Ռուբեն Մնացականյանը:
Նրան ապշեցրել էր այն, որ գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը ամբողջ մեղքը վերցրել է իր վրա: «Եթե Արթուրը կարողացել է տեղում խաբել, բոլորին քնած թողնել ու այդքան գումար յուրացնել, նույնիսկ ափսոս է, որ նրա պես ուղեղին դատեք: Բայց հարց տվեք ձեզ, նա կարո՞ղ էր այդքան գործառույթներ իրականացնել»: Դատավորն հարցրեց, թե պաշտպանո՞ւմ եք Արթուր Աբրահամյանի շահերը, երբ վերջինս պաշտպան ունի, նաև հիշեցրեց, որ 150 հոգի քննվել են այս գործով, ովքեր հայտարարել են, որ իրենք կրկնակի չեն վճարվել: Ի պատասխան դատավորի, Ռուբեն Մնացականյանը շարունակեց. «Եթե ես համաձայնության գայի 90 տոկոսը կվերցնեի, 10 տոկոսը կթողնեի խեղճուկրակ Արթուրի վրա: Ոչ մեկին չհետաքրքրեց կարմիր թելը, հարգարժան դատարան, եթե հացի միջից մուկ է դուրս գալիս, վաճառողի՞ն են պատասխանատվության ենթարկում, բա խմոր հնձող, հաց թխող չկա՞: Այդ հսկա վարչությունում 30 հոգի նստած մուտքագրում են, վերջում բոլորն անտեղյա՞կ են, հա՞», -ասաց ամբաստանյալը:
Դատավորը նրան առաջարկեց ենթատեքստերով չխոսել և եթե որևէ մեկին մեղադրելու բան ունի, թող հստակ ասի: «Եթե Արթուրը իր վրա է վերցրել ամբողջ բեռը, ումի՞ց խոսեմ, էնտեղ էնպիսի ստեր կան, որ գրողն էլ իր գրածին չի հավատացել: Էնտեղ վճարող կա»,- շարունակեց ամբաստանյալը: Դատավորը հետաքրքրվեց նաև 29 միլիոն դրամի պատմության մասին: Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, թե Վազգեն Խաչիկյանը իրենց պարտադրել է վերականգնել 29 միլիոն դրամը, ինքն էլ, հավաքելով, այդ գումարի հավաքմանը մասնակցել է նաև Ռուբեն Մնացականյանը, ցելոֆանից տոպրակով տարել-հանձնել էր Վազգեն Խաչիկյանին: Ռուբեն Մնացականյանը այսօր ևս պնդեց, որ ինքը ոչ մի գումար չի հավաքել, ինքը չի համաձայնել Խաչիկյանի պահանջին, նույնիսկ խորհուրդ է տվել Վարժապետյանին` բանկային գործարք կատարել: Դատավորը նշեց` Արթուրն էլ է ասում, որ գումարը ձեր միջոցով է տվել Խաչիկյանին, սո՞ւտ է: «Սուտ է և ուժեղ սուտ է, հարգելի դատարան, սիրտս վարդ չի պատռել Խաչիկյանի համար ու պարզվում է` սաղ քոռ ու քնած են եղել, Արթուրն է սաղ արել»: Նա նաև հայտարարեց, որ ինքը «սռոկ» կնստի, բայց իր արած հանցանքի համար, ոչ շինծու մեղադրանքի, և սիրուն չէ, որ իրեն այդ տարիքում անփառունակ են դարձնում: Նրա շահերի պաշտպանը մի քանի հարցեր ուղղեց: Նախ` հարցրեց, թե ըստ նախաքննական մեղադրանքի, Ռուբեն Մնացականյանը, տեղյակ լինելով 87 միլիոն դրամ յուրացման համար, ձայն չի հանել, որին ամբաստանյալը պատասխանեց այսպես. «Եթե ես տեղյակ լինեի, այդ 87 միլիոնը իմ մոտ կլիներ»:
Կարդացեք նաև
Նա նաև բացատրեց վճարման մեխանիզմը տեսուչների միջոցով: Հայտնեց նաև, որ իր մոտ իր մոտ փաստաթուղթ չի պահվել, վճարման ցուցակները պահել է սեյֆում, այնուհետ տարել-հանձնել է Երևան: Դատախազը ևս մի քանի հարցեր ուղղեց, հետաքրքրվեց` եթե ցուցակները գտնվել են 2 տեսուչների մոտ`Կիմա Փիլոյանի ու Անյա Խաչատրյանի, ինչպե՞ս կարող էին կեղծվել մյուս տեսուչների ստորագրությունները կենսաթոշակառուների վճարման պահով: Ռուբեն Մնացականյանը ասաց, որ ցուցակները այսպես ասած փակելու ժամանակ հին տեսուչները ևս մասնակցել են: Դատախազի այն հարցին, եթե պարզվեր ոչ թե Կիմա Փիլոյանը, ով փաստացի ամուսնական կապի մեջ է Ռուբեն Մնացականյանի հետ, այլ Անյա Խաչատրյանն է վճարել թաղման գումարները, նույնպես կլռե՞ր, չէր դիմի իրավապահներին: «Չէի դիմի, որովհետև ես մեխանիզմ չեմ ունեցել բազան հսկելու», -ասաց Ռուբեն Մնացականյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ