«Ծածկած շուկայի» դիմաց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակցիան այսօր տեղի չունեցավ:
Թեեւ նախաձեռնության անդամները նախապես որոշել էին երթով Կոմիտասից գալ շուկա, բայց ճանապարհի կեսից մտքափոխվել էին:
Կարդացեք նաև
Այդ ընթացքում Կոմիտասում ակտիվիստների դեմ դուրս եկած Սամվել Ալեքսանյանի աջակիցները հասցրին արագ վերադառնալ «Ծածկած շուկա» եւ այստեղ արդեն սպասող խմբի հետ պատրաստվում էին դիմավորել ակտիվիստներին:
Շուկայի հետնամասում այսօր ակտիվ անցուդարձ էր: Սամվել Ալեքսանյանի աջակից կանայք խմբերով հավաքվում էին այդ հատվածում, հերթով մտնում շուկա, ու տոպրակներով պաղպաղակ ձեռքներին, դուրս գալիս շուկայից: Կանանց մի մասն էլ այնքան անհամբեր էր, որ պաղպաղակը հենց շուկայի դիմաց բացում ու սկսում էին «լպստել»:
Սամվել Ալեքսանյանի աջակիցները պնդում էին, որ մի տոպրակ պաղպաղակը ոչ թե ակցիաներին ակտիվ մասնակցելու պարգեւատրումն է, այլ շուկայում այս անգամ էլ ակցիայի պաղպաղակ է: Շուկայի ներսում աշխատակիցները զարմացան մեր հարցից, երբ հետաքրքրվեցինք պաղպաղակի ակցիայով. «Ի՞նչ ակցիա, ակցիա չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ