Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ Լիոնում

Հոկտեմբեր 15,2013 21:29

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Փարիզից մեկնեց Լիոն, որտեղ հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի եւ Ռոն Ալպի տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:

Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Լիոնի գործընկեր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի համայնքների միջեւ համագործակցության ներկա մակարդակին եւ դրա զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ  Երեւանի եւ Լիոնի միջեւ արդեն  20-ամյա փոխգործակցությանը: Նշվեց, որ քաղաքների  միջեւ  ձեւավորվել են գործակցության  ավանդույթներ, սակայն միաժամանակ առկա է նաեւ հարաբերութունների զարգացման մեծ ներուժ: Զրուցակիցները գոհունակությամբ նկատեցին, որ պարբերաբար փոխայցելություններն ու հանդիպումները օգնում են  գործակցության  նոր ուղղություններ բացահայտել:

Փոխվարչապետը շփումների ակտիվացման եւ կապերի խորացման տեսակետից  արդյունավետ հարթակ համարեց նաեւ  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը հավակնում է  դառնալ ավանդական  եւ  կարող է ծառայել որպես գործուն  մեխանիզմ` այս ձեւաչափով փոխգործակցության համակարգման համար:

Հանդիպմանը գործընկեր քաղաքների ղեկավարները նաեւ անդրադարձան այն ծրագրերին եւ մտադրություններին, որոնք նախատեսում են կյանքի կոչել:

Հանդիպումից հետո Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ ՀՀ պատվիրակության, տրվեց պաշտոնական ճաշ:

 

Փոխվարչապետի հաջորդ հանդիպումը Ռոն Ալպ տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ էր: Ա. Գեւորգյանը նախ շնորհակալություն հայտնեց համաժողովը հյուրընկալելու համար` ընդգծելով, որ դրա անցկացումը հենց այստեղ պատահական չէ, քանի որ Ռոն Ալպի հետ բավականին ընդգրկուն փոխգործակցություն է առկա:

Ռոն Ալպը գործընկեր է ընտրել «Հայաստանի համայնքների միությանը»` այսպիսով համագործակցություն սկսելով  Հայաստանի ամբողջ տարածքում:  Փոխվարչապետը նկատեց, որ փոխգործակցության երկու հիմնական ուղղությունները` տարածքային զարգացման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն, առաջնահերթ են  ՀՀ կառավարության համար եւ ընկած են առաջիկա բարեփոխումների հիմքում: Նա ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է  այդ աշխատանքների շարունակումը եւ  ողջունում է  նոր փաստաթղթով այդ գործակցությունն ամրապնդելու  մտադրությունը:

Պրն Քեյրանն իր հերթին վստահեցրեց, որ  մտադիր են զարգացնել եւ ընդլայնել սկիզբ դրված համագործակցությունը եւ ակնկալում են,  որ հետագա տարիներին այն արդեն  ավելի շոշափելի արդյունքներ կարձանագրի:

Պրն Քեյրանի խնդրանքով փոխվարչապետն անդրադարձավ նաեւ առաջիկայում  նախատեսվող բարեփոխումներին` նկատելով, որ այդ տեսանկյունից ֆրանսիական կողմի աջակցությունն ու փորձն օգտակար կարող են լինել դրանց հաջող իրականացման  համար:

Փոխվարչապետն այնուհետեւ մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի պատվիրակների եւ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնական արարողությանը, որի ժամանակ հանդես եկավ ելույթով` անդրադառնալով  Հայաստանում ապակենտրոնացված կառավարման  ուղղությամբ կատարված եւ կատարվող  աշխատանքներին, այս ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն ու, մասնավորապես, Ռոն Ալպի հետ ձեւավորված փոխգործակցությանը:

Պաշտոնական ելույթներից հետո  «Հայաստանի համայնքների միության» եւ Ռոն Ալպի տարածաշրջանի միջեւ ստորագրվեց համագործակցության նորացված համաձայնագիրը, որով Հայաստանի համայնքների եւ Ռոն Ալպի միջեւ փոխգործակցությունն ավելի կընդլայվի եւ  համակարգված բնույթ կստանա: Միության հետ համաձայնագիրը թույլ է տալիս հավասարապես աշխատել բոլոր  գործընկեր համայնքների եւ մարզերի հետ, քանի որ միությունը համախմբում է Հայաստանի բոլոր համայնքներին:

Այսօր Գրենոբլում նաեւ համագործակցության  նորացված համաձայնագիր են ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզն ու Ֆրանսիայի Իզերի նահանգը:

Հոկտեմբերի 16-ին Վալանսում աշխատանքները կսկսի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը:

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031