«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը «Ծածկած շուկայի» դիմաց ամենօրյա իր ակցիաները այսօր անցկացրեց Կոմիտասի պողոտայում գործող Yerevan City սուպերմարկետի դիմաց:
City տանող Ճանապարհին ակտիվիստները բոլոր անցորդներին կոչ էին անում բոյկոտել Yerevan City սուպերմարկետների ցանցը, այնտեղից առեւտուր չանել, չհարստացնել օլիգարխին եւ չնպաստել հուշարձանների վանդալիզմին: Այդ պահին ակտիվիստներին մոտեցավ տարեց մի կին՝ նախ հարցրեց «Րաֆֆու խումբն ե՞ք», հետո, երբ իմացավ Րաֆֆու խմբից չեն, հարձակվեց. «Դուք ի՞նչ իրավունք ունեք Սիթիի ղեկավարին վիրավորեք: Հավաքվեք ու գնացեք ստեղից, դավայ․․․ Իրավունք չունեք նրան վիրավորել: Մեր հանրապետությունը պետք է առաջ գնա, հրապարակի Սիթին էլ պետք է բացվի, որ դուք ուրախանաք: Ցվրվեք»:
Կարդացեք նաև
Արդեն Yerevan City սուպերմարկետի դիմաց ակտիվիստներին դիմավորեցին գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցները, մեծ մասը «Ծածկած շուկայի» դիմաց հավաքվող աջակիցներն էին, մյուս մասն էլ ներկայանում էին սուպերմարկետի աշխատակիցներ: Նրան կրկին դրոշներով, սուլոցով ու մանկական խաղալիքներով էին: Ակտիվիստներին էլ «բոմժեր» էին անվանում ու գոռում՝ «բոմժեր հեռացեք, դավայ, դավայ հեռացեք»:
Ակտիվիստներն էլ հակադարձում էին՝ «բոյկոտ City»: Հետո ակտիվիստներից Վարդան Հակոբյանը դիմեց ոստիկաններին՝ դժգոհելով՝ ինչո՞ւ չեն միջամտում, երբ իրենց վիրավորում են՝ բոմժ անվանելով: Ոստիկանը վիճաբանության մեջ մտավ ակտիվիստների հետ, նախ ասաց՝ վիրավորանք չէ, հետո զայրացավ, երբ ակտիվիստը հակադարձեց, թե այդ դեպքում ձեզ հանգիստ կարո՞ղ եմ բոմժ անվանել: Ոստիկանն էլ լռեց ու ասաց. «Ինչո՞ւ եք ձեր վրա վերցնում, դուք բո՞մժ եք: Ձեզ չեն ասում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները` տեսանյութում