«Ռամիլ Սաֆարովի հարցը Հունգարիայում լայն քննարկումների առարկա է դարձել: Դա մեր կառավարության դիրքորոշումն է, այլ ոչ թե հասարակ հունգարացիներինը: Հուսով եմ, որ այդ փաստը խոչընդոտ չի հանդիսանա մեր հետագա հարաբերություններում», այսօր լրագրողների հետ զրույցում հայ եւ հունգարացի ուսանողների հետ հանդիպումից հետո Արցախի պետական համալսարանում հայտարարել է հունգարացի հայագետ՝ Բալինթ Կովաչը, գրում է karabakh-open-ը:
Նա նշել է, որ դասխոս է եւ չի կարող քաղաքական որոշումներ կայացնել, սակայն հույս ունի, որ քաղաքական այրերը կկարողանան իրավիճակի լուծման ելքեր գտնել: «Այդ հարցը վկայում է այն մասին, որ հայերը եւ հունգարացիները բարեկամներ են, եւ նրանց բարեկամական հարաբերությունները պետք է շարունակվեն», ասել է Կովաչը:
Բալինթ Կովաչը ուղեկցում է մի խումբ ուսանողների, որոնք ժամանել են Հայաստան եւ Արցախ 10-օրյա ճանաչողական այցով, որի ընթացքում հանդիպել են հայ ուսանողների հետ:
Կովաչի խոսքով, հունագարացիները հետաքրքրվում են հայկական պատմությամբ, քանի որ հայերը բնակվել են Հունգարիայում դեռեւս 17-րդ դարում:
Կարդացեք նաև
«Ղարաբաղը Հայաստանի մշակույթի անբաժանելի մասն է: Կարծում եմ, քրիստոնեությունը միավորում է հայերին եւ հունգարացիներին, եւ իմ ուսանողները, կաթոլիկ, թե ուղղափառ, այստեղ են՝ հավատքի հետքերով: Որպեսզի ավելի խորը ծանոթանանք հայկական մշակույթին, մենք նպատակահարմար գտանք լինել ոչ միայն Երեւանում, Տաթեւ, այլեւ՝ Արցախում, Գանձասարում, Շուշիում: Հունգարիայում մենք կշարունակենք ուսումնասիրել հայոց պատմությունը, վստահ եմ, որ մեր ուսանողները կընտրեն որպես իրենց աշխատությունների թեմա՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ Նախիջեւանի պատմությունները, որը Հայաստանի մասն է», – ամփոփել է հունգարացի հայագետը:
Պատրաստեց՝ Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Մանրամասները՝ karabakh-open կայքում:
Տեսանյութը՝ TVArtsakh-ի