«BBC»-ի ռուսական ծառայությունը ֆոտոռեպորտաժ է պատրաստել Կոնդ թաղամասի մզկիթում ապրող ընտանիքի մասին:
Մզկիթը կառուցվել է 1687թ.: Սովետական կարգերի հաստատումից հետո 1926-1927թթ. Երևանի քաղաքապետարանը ցեղասպանությունից փրկված մի քանի ընտանիքների թույլատրել է ապրել մզկիթում:
Մզկիթում հաստատված ընտանիքները հավատում էին, որ մոտ ապագայում սովետական իշխանություններից նոր բնակարաններ կստանան: Սակայն արդեն 85 տարի է անցել, իսկ նրանք դեռ շարունակում են այդտեղ ապրել, որտեղ ժամանակին ապրում և աղոթում էին Երևանի իրանցիներն ու ադրբեջանցիները:
Ընտանիքի գլուխը՝ 76-ամյա Գարուշը, ցույց է տվել Դոնի աստվածամոր սրբապատկերը: Գարուշն իրեն համարում է հայ-առաքելական եկեղեցու հետևորդ, սակայն դա նրան չի խանգարում պահել ռուս ուղղափառ սրբապատկերը և ապրել մզկիթում:
Կարդացեք նաև
1988թ. հիմնական գմբեթը փլուզվել է. «Այն ոչ մեկին չի վնասել», – ասում է Գարուշը, – «պարզապես նստել է ներքևի հարկի առաստաղին»: Բայց դրանից հետո կառույցը վթարային է դարձել: Իսկ գմբեթի տեղը Գարուշը այգի է տնկել:
Կլարան (հավանաբար Գարուշի կինը) մզկիթ է տեղափոխվել ամուսնությունից հետո: Հիմա այնտեղ է ապրում նաև նրա տղայի ընտանիքը:
Կլարան երկար տարիներ աշխատել է Հայաստանի նկարիչների միության խանութում: Այժմ նա թոշակառու է, և հույս ունի, որ մի օր կտեղափոխվի «սովորական» բնակարան:
Լուսանկարները՝ այստեղ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ