Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական քոլեջը կկոչվի Անտոն Քոչինյանի անվամբ

Հոկտեմբեր 15,2013 19:04

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի և Կառավարական հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ, այսօր Ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ կուսակցական, պետական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում:

_DSC7492

Ողջունելով ներկաներին` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ասաց. «Այս կամարները նման միջոցառումներ շատ են տեսել, իսկ այս միջոցառումը կարևորվում է նրանով, որ այսօր այս դահլիճում նշվում է այն մարդու ծննդյան 100-ամյակը, որի ջանքերով և աջակցությամբ ստեղծվել է այս դահլիճը: Անտոն Քոչինյանին ավագ և միջին սերունդը շատ լավ է ճանաչում իր կատարած գործերով, և այս միջոցառումն այնքան պետք չէ նրան, ում նվիրված է, որքան որ պետք է ապագա սերնդին: Հիմա` տարիների հեռվից, շատ հստակ ուրվագծվում է Անտոն Քոչինյանի գործունեության ողջ ընդարձակ դաշտը` իր լայնքով ու խորությամբ`  գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն և որպես դրանց իրականացման կարևոր նախապայման` կրթություն և գիտություն»:

Ռեկտորը տեղեկացրեց, որ Ագրարային համալսարանում արդեն տասը տարի է, ինչ կա Ա. Քոչինյանի անվան անհատական կրթաթոշակ, իսկ օրեր առաջ` հոկտեմբերի 1-ին, համալսարանի կոլեկտիվը գիտական խորհրդում կայացրել է որոշում` առաջարկությամբ դիմել ՀՀ ԿԳՆ-ին` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական քոլեջը Անտոն Քոչինյանի անվամբ կոչելու խնդրանքով:

Այս հարցի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ի դիրքորոշումը ներկայացրեց կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը. «Իհարկե, ԿԳՆ-ն մեծ ուրախությամբ արձագանքեց առաջարկին և տվեց իր համաձայնությունը` քոլեջը անվանել Ա. Քոչինյանի անվամբ: Բայց ես ուզում եմ անդրադառնալ մի նուրբ հանգամանքի: Անկասկած, այս քայլը հարգանքի տուրք է, բայց քոլեջը Քոչինյանի անվամբ կոչելն ունի բավականին նուրբ և կարևոր նշանակություն: Պատմությունն ընկալելն ու ներկայացնելը շատ դժվար գործ է, և մենք մի անգամ չէ, որ ականատես ենք եղել պատմության աղավաղմանը: Խորհրդային տարիներին պատմությունը մի ձևով էր ներկայացվում` որոշ դրվագների աղավաղմամբ և այլն: Ես չեմ վարանի ասել, որ այսօր էլ հակառակ ուղղությամբ է պատմությունն աղավաղվում, և երբեմն, ասենք, սովետական ժամանակաշրջանը ներկայացվում է շատ սխալ, աղավաղված կողմերով: Մեր սերունդը, որն ապրել է այդ ժամանակաշրջանում, կարող է տարանջատել ճիշտը սխալից, բայց նոր սերնդի համար շատ կարևոր է, որ լինեն այնպիսի հենքեր, որոնք նրանց հնարավորություն կտան ճիշտ ընկալելու, թե ինչ է կատարվել ընդհանրապես: Ես ուզում եմ ասել, որ քոլեջի ուսանողները պիտի շատ լուրջ ուսումնասիրեն Ա. Քոչինյանի կյանքն ու գործունեությունը, որը նրանց հնարավորություն կտա ճիշտ գնահատելու պատմության ընթացքը, հասկանալու, թե ինչ է եղել իրականում»:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Ա. Քոչինյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, որը նկարահանվել է «Հայկ» կինոստուդիայում` ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031