Երևանի գրողների միությունը պատրաստակամ է աջակցելու է Հայաստանի գրողների միությանը, ինչպես նոր ղեկավար ընտրելու, այնպես էլ հետագա գործունեության ընթացքում: «Մենք ջերմորեն աջակցելու ենք միությանը բոլոր հարցերում, ունենք փոխըմբռնում, համագործակցության ծրագրեր: Ես հինգ տարի աշխատել եմ կառույցում որպես առաջին քարտուղար, լավատեղյակ եմ, գիտեմ խնդիրները, թերությունները: Կառույցը գեղեցիկ ազգային հորինվածք է: Գրողների միությունը վերացնելը սխալ է, այն ազգային արժեք է»,-այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Ըստ նրա` գրողների միությունում կառուցվածքային բարեփոխումների կարիք կա եւ միակենտրոն կառուցվածքը խանգարում է աշխատանքին: «Պահպանելով ամբողջականությունը, պետք է փորձել բազմաձայնություն առաջ բերել: Տարբեր ասոցիացիաներ կան, խմբակներ, որոնք կարող են համախմբվել միության ներքո, այդ կառուցվածքը հնարավորություն կտա տարբեր խմբավորումներին մոտենալ միությանը, իրականացնել ծրագրեր», ասաց Ափինյանը` նկատելով, որ գրողներն այսօր իրարից հեռու են, չեն ճանաչում միմյանց` նշելով, որ այս առաջարկը ներկայացրել է եւ հույս հայտնում, որ կիրականացվի:
Բանախոսի խոսքով` լինելով տարբեր մենք դեռ սովոր չենք քայլել միասին, շփվել, իսկ դրանք պետք են եւ ըստ նրա` Գրողների միությունը միակն է, որ պետք է տա այդ շփումների հնարավորությունը: «Այդ համագործակցությունը չկա, ես կուզեմ, օրինակ, մեր միության գրական ստեղծագործությունների մասին այլ ակումբների կարծիքը լսել: Եթե ուզում ենք ինչ-որ բան ստեղծել, պետք է գնանք հարգանքի, ներդաշնակության ճանապարհով»,- նշեց նա, միաժամանակ նկատելով, որ գրողների հանրությունը ջլատված չէ.պարզապես մնացել ենք 30-ականների մակարդակին: «Մենք բարեփոխված մտածողություն չունենք, չենք աշխատում ինչպես աշխարհն է աշխատում: Ես շատ ուրախ կլինեմ, որ հոկտեմբերի 20-ի համագումարում նոր մարդկանց անուններ էլ հնչեն: Առաջադրումները պետք է լինեն համագումարի ժամանակ: Շատ ուրախ կլինեմ, որ երիտասարդներն էլ ակտիվանան: Միակ խնդիրն այն է, որ երիտասարդների համար ազատ ճանապարհ բացվի: Ստեղծվում է գրականություն, որ մնում է ակումբի շրջանակներում»,-ընդգծեց նա:
Հարցին, թե ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, Աբգար Ափինյանը պատասխանեց, որ ինքը հինգ տարի ղեկավար կազմում է եղել և այսօր կարծում է, որ նոր մարդիկ պետք է լինեն։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն քննարկումներին, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ և իր թեկնածությունը ներկայացնել ԳՄ նախագահի պաշտոնում, վերջինս նշեց, որ Սիրադեղյանը լավ գրող է և ինքը կուզենա, որ առաջադրվի:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ