Հնուց ի վեր կանոններ, սահմանումներ ստեղծած, գրի առած հայ ժողովուրդը դարեր շարունակ երազում էր ունենալ իր անկախ պետականությունը և դրան համապատասխան օրենքի գերակայությամբ օժտված օրենքների օրենքը` Սահմանադրությունը: Մեզ այն հաջողվեց իրականություն դարձնել 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախությունից 4 տարի անց, երբ երկրում կանխամտածված ամեն ինչ փոշիացված էր, իսկ հասարակական կյանքը մեռած: Չնայած Սահմանադրությունը հանրաքվեով ընդունվեց (ինչպես ձևականորեն մյուս փոքր ու համապետական նշանակության ընտրությունները), այն չդարձավ հասարակության ճնշող մեծամասնության համար հասկանալի, ընդունելի կարևորագույն փաստաթուղթ, քանզի ժողովուրդը չէր պատկերացնում, թե ինչպես կարող են մի խումբ պատեհապաշտ, անօրեն իշխանավորներ թղթի վրա գրված օրենքներով վերականգնելու և ամրապնդելու հայոց պետականությունը:
Հետագա տարիները և անգամ 2005թ. սահմանադրական փոփոխությունները մարդկանց մեջ չամրագրեց այն բարձրագույն գիտակցությունը, որ օրենքը հանդիսանում է քաղաքակիրթ հասարակության մեջ ապրող մարդկանց ազատության արտահայտման, կազմակերպման և պաշտպանության բարձրագույն ձևը: Իրավական պետության հիմնական օրենքը սահմանադրությունն է: Այն ամրագրում է հասարակության հասարակական- քաղաքական կարգի հիմունքները, գործող ընտրական համակարգը, ինչպես նաև ձևակերպում է պետական կառուցվածքի կազմակերպումն ու գործունեությունը, անհատի իրավունքների իրավական լինելու հիմնական սկզբունքները: Հետևաբար իրավական պետությունը նաև սահմանադրական պետություն է:
Սակայն ՀՀ Սահմանադրության առաջին իսկ հոդվածը`«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», խոսում է այն մասին, որ այս 4 կարևոր պետական գործառույթները, իշխանավորները և սահմանադիրները հայոց պետականությունը զարգացման ուղուց շեղելու համար դիտավորյալ մեկտեղել են մեկ հոդվածում, հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար:
Հետսահմանադրական 18 տարիները ցույց տվեցին, որ դրանցից և ոչ մեկը ՀՀ-ում կյանքի չկոչվեց ու այսօր դժվար է ասել, թե ինչպիսի երկիր է Հայաստանի Հանրապետությունը: Իրականում ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածը և իրական կյանքը իրար հակասում են: Կարծում ենք հենց այստեղից է պետք սկսել փոփոխությունները, որովհետև Հայաստանը
Կարդացեք նաև
1. չդարձավ սոցիալական երկիր, այլ, հակառակը, տեղի ունեցավ սոցիալական բևեռացում, աճեց աղքատությունը:
2. չդարձավ իրավական երկիր, այլ, հակառակը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները սերտաճեցին, կոռումպացվեցին և սկսեցին ծառայել փողին: 3. չդարձավ ինքնիշխան երկիր, այլ, հակառակը, անկարողությունից խճճվեց, (ինչպես դարեր շարունակ), օտարի շահը գերադասելով` կախվածության մեջ ընկավ նրանցից:
4. չդարձավ ժողովրդավարական երկիր, այլ, հակառակը, դարձավ մի խումբ փողով ընտրված փողատեր օլիգարխների երկիր:
Անշուշտ վերը նշվածների պատճառով էլ հասարակությունը օրեցօր հուսալքվեց և սկսեց արտագաղթել երկրից, որտեղ ոչ թե սահմանադրական կարգն է գործում այլ. «Փող ունես անմեղ ես, փող չունես մեղավոր ես» կարգախոսը:
Ուստի առաջարկում ենք`
ա. վերանայել սահմանադրության 1-ին հոդվածը (քանի դեռ Հայաստանում մարդ է մնացել) և այն դարձնել առանձին 4 հոդվածներ` իրենց իրավական սկզբունքներով ու բովանդակային բացատրություններով և վերևից լծվել դրանք կյանքի կոչելու:
բ. Սահմանադրության մնացած բոլոր հոդվածները գրել առաջին 4 հոդվածների բովանդակության համապատասխան:
գ. ներկայիս գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը դարձնել 5-րդ հոդված և գրական հայերենով (առանց սխալների), անգամ Հայաստանում ընդունված բարբառներով, անգլերենով, թուրքերենով (մարզպետների հասկանալի լեզվով), պարսկերենով, ռուսերենով, ֆրանսերենով մեծ-մեծ գրել և փակցնել ներկայիս գործող գովազդային վահանակների, ճանապարհային տեսախցիկների ու նկարահանման սարքերի փոխարեն` այն է «… իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է», իսկ ամեն մի հանցագործություն հետապնդվում է օրենքով:
Օ,՜ հայ ժողովուրդ, եթե դու դեռ գոյություն ունես, հիշի՛ր, ժողովուրդը ոչ մեկի հետ չի կիսում իշխանությունը և այն իրականացնում է ինքնուրույն, բացառապես իր սեփական շահերից ելնելով: Տեր կանգնիր քո Սահմանադրությանը…
Կամո ԼԱԼԱՅԱՆ
Արժանի է մասայականացման և տպագրման,որովհետև ժողովուրդը կարիք ունի սահմանադրական գիտելիքների տիրապետման: Քանի տարի է սահմանադրություն ունենք, բայց ոչ մեկը չի մտածում ինչու ենք ֆեոդալա-գողական կյանքով ապրում: Ամոթ է 21-րդ դարում քոչվորի, գաղթականի հոգեբանությամբ ապրենք: Հետաքրքիր է ապագա դպրոցական գրքերում էլի մեզ գովերգելու ենք ,թե ճշմարտությունն ենք գրելու, թե այս ունենք, այն ուենք և այլը…: Շնորհակալություն հեղինակին
Քանի դեռ երիտասարդ լինել Հայաստանում նշանակում է երկրից հեռանալու ցանկություն հայտնել,
քանի որ քաղաքական փոփոխություններին չի հավատում,ինչպես և չի հավատում օրենքում ամրագրված նորմերի իրականացմանն ու օրենքի կիրառման իրավահավասարությանը, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց առաջ պետք է այն ձեվականից վերածվի ոչ ձեվական նորմի,հետագա փոփոխությունները ավելի արդյունավետ դարձլելու համար:
Լավ է, իհարկե, որ կա,բայց ցավալի է,որ քեզ համարյա ոչ ոք չի լսում:
Այդ են վկայում սույն հոդվածի այդչափ սակավաթիվ ընթերցողների թիվը. ընդամենը՝ 205,մինչդեռ այն պետք է լիներ 2մլն 205:
Առաջին հայացքից չափազանց կատարյալ է թվում “Ժողովրդավարություն” ասվածը: Ինչպես ասել է Օսկար Ուայլդը. “Ժողովրդավարությունը ժողովրդին հիմարեցնելն է ժողովրդի շնորհիվ` ժողովրդի ապահովության համար”: Ինձ թվում է այս արտահայտությունը շատ դիպուկ է Հայաստանի մասին խոսելիս: Ժողովուրդը դժգոհում է կառավարությունից` ասելով, որ երկիրը ողբալի վիճակում է: Ամենաողբալին էլ հենց այն է, որ ժողովուրդը չի հասկանում, որ ստեղծված իրավիճակի համար միայն ինքն է մեղավոր: Պետք է չվախենալ, հասկանալ, որ ժողովրդի կողքին կա ՊԱՐՈՆ ԼԱԼԱՅԱՆԻ նման համարձակ մեկը, որ փորձում է քնած ժողովրդին արթնացնել, որ տեր կանգնի իր իրավունքներին:Իշխանությունը ժողովրդինն է և գործիք է միայն ժողովրդի ձեռքին:Ինչ՞ու ենք լուռ զսպում վիրավորանքը, թողնում, որ մեր իրավունքերը ամենազզվելի կերպով ոտնահարվեն: Հարգանքներս` պարոն Լալայանին…