Այսօր` հոկտեմբերի 15-ին Հ. Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ չինական նկարների (Guóhuà) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանում առաջին անգամ և նվիրված է ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հիմնադրման 5-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվում է ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի և Չինաստանի Տալյանի օտար լեզուների համալսարանի համատեղ ջանքերով: Կտավները բերվել են Չինաստանի Տալյան քաղաքից:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասերյանը, ՉԺՀ-ից և այլ երկրներից ժամանած պաշտոնյաներ և նկարիչներ:
Ողջունելով ներկաներին` Հասմիկ Պողոսյանն ասաց. «Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայությունը Հայաստանում արդեն շոշափվեց այն հանգամանքից, որ երբ ես խնդրեցի չինարենի թարգմանիչ, ինձ ասացին, որ որևէ խնդիր չկա: Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք «Կոնֆուցիուս» կենտրոնը, որը կարծես թե երեկ բացվեց Հայաստանում, բայց կենտրոնի ներկայությունը մեզանում շատ ակնառու է և շոշափելի: Շատ ուրախ եմ, որ չինական մշակույթը այս կենտրոնի շնորհիվ բավականին մեծ տարածում է գտել Հայաստանում»:
Այսօր ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու նկարիչներ Վանգ Չունյուի և Լյու Խոնգի մի քանի ստեղծագործություններ: Ցուցահանդեսը կտևի երեք օր (հոկտեմբերի 15-ից 18-ը)` Հ. Թումանյանի տուն-թանգարանում: Այցելության ժամերը՝ 10:30-16:30:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Guóhuà ոճի մի նկար՝ https://capl.washjeff.edu կայքից