2013 թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմունքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:
Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ արձակեց դատարանի նիստերի դահլիճից:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի կողմից որդեգրած՝ խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու ամոթալի պրակտիկայի կապակցությամբ: Արդյունքում, այսօր խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:
Պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Մինչդեռ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելն անհամատեղելի է Խոշտանգումների դեմ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հետ, այդ թվում՝ խախտվում է տուժողի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը : Ավելին, «համաներումը կամ այլ արգելքները, որոնք վկայում են պետության կողմից արագ և արդար քննություն իրականացնելու և խոշտանգողներին պատժելու պատրաստակամության բացակայության մասին կամ խոչընդոտում են այդ գործընթացը, խախտում են խոշտանգումների բացարձակ արգելքի անքակտելիության սկզբունքը» :
Օպերլիազորներ Բարսեղյանի և Բախբուդարյանի գործը խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելու առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում` որովայնի շրջանում դանակով հասցված վնասվածքի հետևանքով: Վ.Խալաֆյանին ծեծի ենթարկելու համար Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց բռնության գործադրմամբ խոստովանություն կորզելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ ՔՕ 309(3) հոդվածով) և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Քրեական հետախուզության այլ ծառայող` Մորիս Հայրապետյանը, ով ներկա էր Խալաֆյանին ծեծի ենթարկելիս և չէր կանխել այդ գործողությունները, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ ՔՕ 308(1) հոդվածով) դատապարտվեց պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով:
Իսկ 2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվեց պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվեց:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտեն 2012 թվականին արդեն հայտնել է իր մտահոգությունը` ՀՀ-ում խոշտանգում կիրառած անձանց նկատմամբ համաներում կիրառելու դեպքերի կապակցությամբ :
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս ընդգծել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներման կիրառումը անթույլատրելի է :
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝
• Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառած պաշտոնյաների նկատմամբ համաներում կամ ներում չկիրառվի:
• Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ–ի` Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ